Բնապահպան. կոյուղաջրերն ավելացնում են Հայաստանում գետերի ընդհանուր աղտոտվածությունը

Հայաստանում գետերի մեծ մասը աղտոտվածության տեսանկյունից բարվոք վիճակում է արդյունաբերության բացակայության պատճառով, որը սակայն չի նպաստել խնդրի ամբողջական լուծմանը` լրագրողների հետ հանդիպմանն ասաց փորձագետ Սեյրան Մինասյանը:

«Մեզ մոտ աղտոտվածության հիմնական պատճառ են համարվում քիմիական թափոնները, բայց կան նաև այլ գործոններ»,- ասաց նա, հավելելով, որ շատ հաճախ անգամ քիմիական գործարանների բացակայության պայմաններում գետերը աղտոտված են բնակիչների անփույթ վերաբերմունքի և կենցաղային աղբը գետը նետելու պատճառով:

«Գավառագետի գետաբերանում, օրինակ` այնքան աղբ ու թափոն կան, որ գետի կարպազգի ձկների ԴՆԹ-ն 30-40 տոկոսով փոխված է, և սա այն դեպքում, երբ այստեղ ոչ մի գործարան էլ չկա»,- ասաց նա:

Փորձագետը խոսեց նաև Հայաստանում բացակայող մաքրման կայանների մասին:

«Կոմունալ կենցաղային կեղտաջրերը աղտոտվածության հիմնական պատճառներից են, իսկ մեզ մոտ կայաններ կան միայն Սևանա ջրի աղտոտումը սահմանափակելու համար և մի քանի լոկալ կայաններ` հյուրանոցային համալիրների տարածքում, որոնք շատ քիչ են գլոբալ խնդիրներ լուծելու համար»,- նշեց նա:

Մինասյանը նաև տեղեկացրեց, որ հանքարդյունաբերությունը ևս մեծ խնդիրների պատճառ է դառնում, քանի որ ոլորտի ներկայացուցիչները սոցիալական խնդիրներին խիստ անպատասխանատվությամբ են մոտենում:

«Արդյունաբերողները փորձում են արագ ազատվել թափոններից` դրանք հասցնելով մոտակա գետակները, առանց հաշվի առնելու, որ նպաստում են դրանց վերացմանը»,- ասաց նա:

Անդրադառնալով հէկերի կառուցմանը՝ նա ասաց, որ հէկեր կարելի է և պետք է կառուցել:

«Հէկեր պետք է կառուցել` միայն թե ճիշտ հաշվի առնելով էկոհամակարգը, էկոլոգիական ռիսկերը»,- եզրափակեց նա: