Բացիկ Հայաստանից. դասեր սահմանների մասին, վեճ «թևերով» թռչելու համար և «սթոունհենջի» շփոթմունքը

Բացիկ Հայաստանից. դասեր սահմանների մասին, վեճ «թևերով» թռչելու համար և «սթոունհենջի» շփոթմունքը


Նորավանքում

Լեփ-լեցուն երթուղայինը՝ շրջագայությունը կազմակերպող ընկերության հավակնոտ ու գեղազարդ տարբերանշանը դռներին, մեկ ու մեջ թափ տալով փոշոտ մայրուղով մեզ տանում էր Երևանից դուրս: Համերաշխ լռության մեջ, ժամանակ առ ժամանակ ճանապարհի դարուփոսերից անակնկալ վեր թռչելով` նստած էի հայ, ամերիկացի և գերմանացի զբոշարջիկներից կազմված խառը խմբի շրջապատում:

Երևանի բանուկ փողոցները մնացին հետևում, փոխարենը երևան եկան բետոնե ցածրիկ շենքեր, չորացած մոխրաշագանակագույն դաշտեր և մերթընդմերթ անսպասելի փարթամ կանաչ խաղողի այգիներ: Դրսում աշխատելուն սովոր կանայք ու տղամարդիկ կիզիչ արևի տակ դաշտերը մաքրում էին քար ու մոլախոտից: Այս ամենն աստիճանաբար անէացավ՝ ինչպես փոշու հատիկները անապատային անծայրածիր համայնապատկերում:

Մեր քսանքանի-ամյա զբոսավարը, որ մեզ ուղեկցում էր դեպի Հայաստանի հարավում գտնվող Տաթևի վանք, նստած էր վարորդի կողքին՝ շագանակագույն գանգուրները իջած ճեփ-ճերմակ անթև բաճկոնին, որի վրա պատկերված էր ընկերության տարբերանշանը: Ինչ-որ բան ցույց տալով սլացող համայնապատկերում` նա սկսեց երկար-բարակ հայերեն բացատրել: Հայ ուղևորները գլուխները տմբտմբացրեցին:

- Ձեր աջ կողմում Արարատ լեռն է,- ասաց նա՝ անցնելով անգլերենի: Հորիզոնի կապույտ ֆոնին հստակ երևացող ձյունաճերմակ գագաթներն այնքան մոտ էին թվում ու գրեթե հասանելի:

- Իսկ ահա այս ճանապարհը,- ասաց նա` ձեռքով ցույց տալով,- տանում է դեպի Թուրքիա,- շարունակեց նա՝ անգիր արած խոսքին բնորոշ ձայնի ելևէջներով: - Բայց այսօր չեք կարող Թուրքիա գնալ, որովհետև սահմանը փակ է: Հիմնական պատճառն այն է, որ Թուրքիան չի ընդունում Հայոց ցեղասպանությունը:

Ամերիկացի ուղևորներից մեկը, նստարանի գլուխներից բռնելով, ուղղվեց դեպի երթուղայինի առաջամաս.

- Ներեցե´ք,- ասաց նա զբոսավարին: - Ձեր ասածներից ոչինչ չի լսվում: Կարո՞ղ եք խոսափողի ձայնը բարձրացնել:

- Ահա ձախ կողմում երևացող ճանապարհը,- շարունակեց զբոսավարը՝ ձայնը բարձրացնելով, փորձելով հաղթահարել շարժիչի աղմուկն ու գոլ օդ փչող օդօրակիչի գվվոցը: Հեռուն ձգվող անմշակ արահետ էր երևում,- սա տանում է Ադրբեջան: Ավելի լավ է այնտեղ չգնաք: Ադրբեջանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և այնտեղ շատ վտանգավոր է:

Զգալով ուղևորների անորոշ անհանգստությունը՝ ավելացրեց. «Սակայն անհանգստանալու կարիք չկա»: Մարդիկ թերահավատորեն ծիծաղեցին: «Իսկ եթե ահա այստեղով ուղիղ գնաք, կհասնեք Իրան,- ասաց ու հավելեց. – Ա´յ, Իրանի հետ խնդիրներ չկան»:

Վայոց ձորի լերկ ու գահավիժող ժայրերի սրտում ծիրանագույն քարից 13-րդ դարում կառուցված Նորավանքում կարճատև դադարից հետո երթուղայինը նորից ճամփա ընկավ: Երկու ժամ անց այն մի կերպ խցկվեց Տաթևի ճոպանուղու լեփ-լեցուն ավտոկայանատեղի: Զբոսաշրջությունը խթանելու նպատակով շվեյցարական ընկերության կողմից վերջերս ժայռի զառիթափին կառուցված ճոպանուղին լավատեսորեն կոչվում է «Տաթևի թևեր»: Այն պետք է մեզ հասցներ 12-րդ դարի վանական համալիր:
Մենք ուղղվեցինք անկանոն հերթ կանգնած մարդկանց բազմությունը:

«Ինձ տարածություն է հարկավոր»՝ տնքալով ասաց գերմանացի մի զբոսաշրջիկ, երբ քրտնած, անհանգիստ այցելուները հրմշտելով անցնում էին դեպի հերթի սկիզբը: Տեղացիների մի փոքր խումբ, որ Տաթև էր գնում ազգային տոնի կապակցությամբ, քթի տակ ներողության նման մի բան մրթմրթալով` հրեց-անցավ առաջ:

Մեր առջևում սալորագույն մազերով ամրակազմ, տարեց մի կին գլխով կանչեց հետևում կանգնած ընկերներին: Արտասահմանցիների մեր խումբը, բողոքի հառաչ արձակելով, հրաժարվեց թույլ տալ նրանց անցնել: Տիկինը բարկությունից ձայնը գլուխը գցեց՝ ոչնչացնող հայացքներ նետելով մեզ վրա, մինչ մենք մի կերպ առաջանում էին երկար հերթով: Մի ժամ հետո նրա ընկերները, այդուհանդերձ, առաջ անցան ու խցկվեցին ճոպանուղու խցիկը:

Խցիկի ներսում կարմիր տառերով գրված էր՝ «Առավելագույնը` 25 մարդ»: Ես նայեցի շուրջս կանգնած քրտնամխած մարդկանց անկանոն զանգվածին: «Այստեղ հաստատ 25-ից ավելի կա»,- ասացի ինձ հետ ճամփորդողներից մեկին: Նա ուրախ-զվարթ համաձայնեց. « Իմ հաշվելով՝ առնվազն 30 հոգի»: Մտածեցի՝ հին ու բարի շվեյցարական տեխնոլոգիա, հաստատ մի երկու փութ ավելի քաշ նախատեսած կլինեն: Մեր խմբից մեկ այլ գերմանացի կին շրջվեց իմ կողմը. «Լսել եմ, որ շվեյցարացիների հետ անվտանգության ստուգումներ կատարելու պայմանագրի ժամկետը լրացել է երկու տարի առաջ»,- իմիջիայլոց փաստեց նա:

Վանքն ասես հրաշքով կանգնեցված լիներ անդնդախոր զարմանահրաշ կիրճի վերևում՝ գահավիժող ժայռի պռնկին` շրջապատված մոխրագույն քարե վեհաշուք պարսպով: Ոլորապտույտ փոշոտ ճանապարհը ձգվում էր մերթ թփուտներով և կոշտացած խոտով ծածկված, մերթ լերկ ձորերով: Գլխավոր եկեղեցու ներսում կիսախավար էր, զով ու խոնավ օդում թեթևակի մոմի հոտ էր գալիս: Հաստ, անկանոն շարվածքով քարե պատերը սառն էին ու խոնավ, կարծես դարերի ընթացքում ներծծած լինեին շշուկով արտասանված հազարավոր աղոթքների մառախլապատ շունչը:

Ավելի ուշ մեր խմբի մի մասը ժամանակ էր սպանում՝ դիտելով, թե ինչպես էր մի մարդ փայլեցնում իր սև «Նիսսանը»՝ վանքին կից գրեթե ամայացած ավտոկայանատեղիում: Նա արդեն երկու ժամ է` այդ գործին էր: Մեր խմբի մյուս մասը նախընտրել էր փողերը շռայլել ռեստորանում՝ առաջին-երկրորդ-երրորդ սննդատեսակների վրա, ապա երկար կանգնել ճոպանուղու հերթում և ականատես եղել ծեծկռտուքի, երբ պրոֆեսիոնալ լեռնագնացները, զբոսաշրջիկներն ու տեղացիները ընդհարվեցին բորբոքված արտահայտությունների և բախվող արժեքների բազմամշակութային hնոցում:

Երբ մեր զբոսավարը տանջահար զբոսաշրջիկների հետ հայտնվեց, նրա գանգուրները գզգզվել էին, իսկ քունքերին քրտինքի կաթիլներ էին փայլում, արևն արդեն դանդաղ թաքնվում էր ժայռերի հետևում: Բոլորը սրտնեղած էին: «Սա անհեթեթություն է»,- բարձրաձայն արտահայտվեց մի ամերիկացի` պահանջելով վերադարձնել գումարները:

Երթուղայինում քսանը բոլորած մի ամերիկուհի երկար տառապալից հոգոց հանեց. «Օդորակիչը չի աշխատում,- խեղդված ձայնով ասաց նա ու հավելեց,- շունչս կտրվում է, ինձ օդ է պետք»:

Վարորդը ճռռոցով իջեցրեց պատուհանը:

- Մի վերջին կանգառ ունենք Քարահունջում՝ հայկական Սթոունհենջում,- աշխույժ ձայնով ազդարարեց զբոսավարը` երեսը ճմռթված անձեռոցիկով սրբելով, և հետ նստեց իր տեղը:

Հաջորդ կես ժամն աննկատ ընթացավ, և բոլորս գլուխներս շրջեցինք դեպի ձախ. մեր առաջ ուղղահայաց կանգնեցված խոշոր ժայռաբեկորների կատարյալ շրջան էր և մղոններով ձգվող տափաստան, որտեղ կիզիչ արևի ներքո ազատ խաղում էին քամիները: Շրջանի կենտրոնում ծալապատիկ նստած կանանց ու տղամարդկանց մի խումբ էր, որոնք նման էին հնագույն ծիսակատարության մասնակից ժամանակակից դրուիդների: Մենք շտապեցինք հանել մեր լուսանկարչական ապարատները:

- Չէ´, չէ´, սա Քարահունջը չէ,- ասաց մեր զբոսավարը, երբ ուշքի եկավ, մազերը մի կողմի վրա կպած: - Բոլորը շփոթում են, բայց այդ Սթոունհենջն անցյալ տարի է կառուցվել:
Մենք հետ դրեցինք լուսանկարչական ապարատները:

Երթուղայինը թեքվեց դեպի աջ վերև բարձրացող հողե ճանապարհով, մեքենան դղրդացնելով քարքարոտ զառիվերով, ինչը ծանր փորձություն էր, և, կտրուկ արգելակելով, կանգ առավ խոտերի մեջ անկանոն ցրված մամռապատ քարերի մոտ: Հեռվում ոչխարներն էին հանգիստ արածում, հանկարծ ծակող սառը քամի փչեց բլուրներից, մինչ արևի վերջին ճառագայթները նահանջեցին դեպի տափաստանից այն կողմ:

- Սա Քարահունջն է՝ հայկական Սթոունհենջը,- ներկայացրեց մեր զբոսավարը, մինչ մենք քայլում էինք շրջված քարակոթողների մեջ, որոնք կրում են վաղուց անցած-գնացած դարերի անխուսափելի քայքայման հետքերը: - Այն կառուցվել է Շոտլանդիայի Սթոունհենջից շուրջ 3500 տարի առաջ, նույնիսկ եգիպտական բուրգերից ավելի վաղ:

Վերադառնալով մեքենա` նորից դղրդոցով ճամփա ընկանք, այս անգամ դեպի Երևան՝ վտանգավոր արագությամբ, ընդամենը մի երեք ժամ նախատեսվածից ուշ: Այնքան հոգնած, որ անգամ դժգոհելու կամ ակնարկելու ուժ չկար, ուղևորներն ընկղմվեցին կիսաքուն լռության մեջ:

Ես հետ նստեցի և, չնայած ամեն անգամ, երբ վարորդն արգելակում էր նեղ կեռմաններին, երթուղայինում տարածվում էր վառված ռետինի չարագուշակ հոտը, որոշեցի, որ կարող եմ օրս բավական հաջողված համարել: «Տաթևի թևեր» ճոպանուղին խուսափեց դժբախտ պատահարից, և ես չգահավիժեցի՝ ջարդուխուրդ լինելով, և, չէի մասնատվել երթուղայինի պատահարից, առայժմ:

Պատուհանից երևում էր մայրուղուց այն կողմ ձգվող ամայությունը: Բարձունքից հսկող լեռների ստվերոտ ուրվագծի ներքո սլանում էին փոքրիկ, անհրապույր գյուղերի առկայծող լույսերը: Մնացածը խավարի մեջ էր թաղված:

- Չես կարող այդ տներից մեկում առանց վախենալու ապրել,- ասաց կողքիս նստած ուղևորը և սկսեց մի սահմռկեցուցիչ պատմություն մենավոր մի տան, պումայի, մի մարդու և նրա չմահացած կնոջ մասին: