Գյումրի 1988-2013. ամենահին վարսավիրանոցի ամենատարեց վարսավիրի պատմությունը և հիշողությունները

«Ձեզ սպասարկում է վաստակավոր վարպետ Խանաև Արիստակեսյանը». վարսավիրական հայելուն ամրացված գրության կողքին Խանաևի երիտասարդ տարիների լուսանկարն է, ինչը շատ քիչ է տարբերվում հայելուց ժպտացող 80-ամյա տղամարդու դեմքից:

«Էս գիգանտ վարսավիրանոցը ժամում բաց կթողներ 100 հոգի մարդ, մենակ ես մեկ ժամում 5-7 մարդ կսպասարկեի, հիմա էդքանը՝ մեկ օրում, բա ո՞ւր են էդ մարդիկ, ո՞ւր գնաց էդ ժողովուրդը... ընչի՞ մարդն իր տուն ու տեղը, իր բունը քանդեց ու գնաց, ընչի՞ համար, որովհետև չեն կրնա ղեկավարեն: Երկրաշարժը կոտրեց Գյումրին իրա ձևով, երկրաշարժից հետո կոտրեցին, ավերեցին ու քանդեցին իրանց ձևով»,- ասում է Գյումրու ամենահին վարսավիրանոցի ամենատարեց վարսավիրը:

Խորհրդային տարիների թիվ 1 վարսավիրանոցը, որն այսօր սեփականատերը վերանվանել է «Լյուքս», պահպանել է խորհրդային վարսավիրանոցներին բնորոշ կենցաղային բոլոր տարրերը՝ բազկաթոռներ, վարսավիրական գործիքներ, կահույք, լվացարաններ, հայելիներ, անգամ ջրատաքացուցիչ տարաներ:

58 տարի վարսավիր աշխատած Խանաևն ասում է, որ 120 աշակերտ է ունեցել, կողքին աշխատում են աշակերտները և աշակերտների աշակերտները: Վարսավիրանոցի 11 կարմիր կաշեպատ բազկաթոռները զբաղված են: Ճերմակ խալաթներով 11 վարսավիրներն էլ սպասարկում են:

«Լյուքսի» տնօրեն Դավիթ Գալստյանը, ով նաև սպասարկող վարսավիր է, ասում է, որ վարսավիրանոցը կառուցվել է 1940 թվականին, նորոգվել է 1976-ին և 1982-ին: 1988-ի երկրաշարժից հետո, երբ բոլոր տեղերը փակվում են, իրենց մոտ վարսավիրների թիվը հասնում է 24-ի, բայց տարիներ անց նորից պակասում է: Այսօր արդեն 14 վարսավիր ունեն:

Վարսավիրանոցում լուրերը ամենաթարմն են ու ամենաթեժը: Աղմուկով խոսում են, գրեթե վիճում, իրար մեղադրում ու քննադատում, ինչին հաջորդում է բարձր ծիծաղը: Յուրաքանչյուրն ունի երկրաշարժի իր պատմությունը, սակայն գերադասում են հիշել ավելի լավը, հպարտությամբ ներկայացնել երբեմնի ծաղկուն Գյումրին: Վերջին քառորդ դարը գյումրեցիների համար բաժանված է սև-սպիտակի:

Նախքան երկրաշարժը Լենինականը բազմաճյուղ արդյունաբերական կենտրոն էր տեքստիլ-տրիկոտաժի, մեքենաշինական, շինանյութերի, սննդի, կոշիկի, կարի, փայտամշակման, ապակու և այլն: Քաղաքի ավելի քան 50 ձեռնարկություններում աշխատում էին մոտ 40.000 բանվոր-ծառայողներ, միայն տեքստիլ գործարանն ուներ ավելի քան 6000 բանվոր, որտեղ աշխատում էին եռահերթ, բազմաթիվ աշխատակիցներ Սովետական Միության տարբեր երկրներից էին:

Վարսավիրանոցի տնօրենն ասում է, որ Լենինականը առևտրականների քաղաք էր:

«Տուրբազա ենք ունեցել՝ ռուսները գուքային, ստեղից տուշոնի, չեխական պիվա, քաղցր կաթ, սև իկռա, կոլա, հբը զեյթուննե՞րը՝ 35 մանեթ էր, 5 կգ բալոնը... Ըդպես բան չկար, Լենինական չճարվեր, հեչ չէ՝ մասկովսկու դեմը կերթայիր, սաղ լենինականցի էին աշխատողները, Երևան-Մոսկվա պոեզը Լեննագան կկայներ, ու ամենամեծ առևտրականները ստեղ կիջնեին: Առաջին խրուստալի գործը էրել է Փափախանից (թաղամասի անուն է) պառավ կնիկ կար՝ Եբոն, Եպրաքսի էր, Եբո կըսեինք»,- հիշում է Դավիթը:

Ափսոսանք, սրտի ցավ, կարոտ երբեմնի ծաղկուն քաղաքի հանդեպ, որից մնացել են միայն հիշողություններն ու իրենց ապրած տարիները, ու որը չեն կարողանում գտնել:

«25 տարի հետո, եթե ամեն ինչին կարգին տեր լինեին, Գյումրին էս օրին չէր լինի, հմի, օրինակ, մենք էս վարսավիրանոցին տե՞ր ենք կանգնել, չէ՞: Սաղ ծախեցին, սաղ քանդին, կերան... Տեքստիլը տվին մեկին, ով պանրի գործարանում կաշխատեր, թե ինչը՞խ էդ մարդը հասավ ըդոր, հեչ խաբար չեղանք... եթե սրտացավ էղնեին, կաշխատեին: Գյումրեցոնց մեջքը երկրաշարժը չէր կոտրի, եթե էս գործարանները չքանդեին, ժողովուրդը աշխատանքի տեղ կունենար ու չէր փախնի»,- ասում է Դավիթը:

«Լենինական չկար ոչ միայն Սովետում, այլև աշխրքում... Մեր Լենինականը սաղ Կովկասն էր պահում, Ախալքալաքն ու Թիֆլիսը,- ասում է Խանաևն ու բացատրում, թե ինչո՛ւ են գյումրեցիներին «գլուխգովան» անվանում,- Է, գլուխ ունեն՝ կգովեն, ամենաիզվեստնի մարդիկ ուրդի՞ց են՝ Գյումրիից: Մենք թամամ չորս հատ գիմնաստի չեմպիոն տվինք, Եվրոպայի չեմպիոնուհի դառան չորս աղջիկները, հլը որ մակարոնով ու մաննի կաշով էին մեծըցել»:

Ավերակներից վերապրած, դժվարություններով ու հոգսերով խմորված՝ լավատես են ու համարում են, որ Հայաստանում միակ քաղաքային մշակույթ ունեցող քաղաքը Գյումրին է:

«Վերջերս Երևանում մի տեղ նստած էինք, ասեցի՝ ա՛յ տղա, չե՞ք ամնչե, մենք ռայոն ենք դարձել, դուք քաղաք եք մնացել, հա՞, էն վախտ դուք մեծըցել եք տրիկոտաժի տռուսիկով, չուլոչնու նասկիքով, կոմբինատի միսը, բաստուրմեն, սուջուխն ու կալբասը կերել եք, խաշն ու պոչն էլ հետն եք տարել, կերել եք Գյումրիի չանախ պանիրը, մեր լավաշը, եկել եք, խաշն եք կերել, քյալեն հետը, չե՞ք ամնչե, հմի մենք ռայոն դառանք, դուք էլ մարդ դառաք, հա՞»,- դժգհում է Դավիթը:

«Էրեվանն ո՜ւր է, որ Գյումրի դառնա...»- ցուցամատն օդում պտտեցնելով ասում է Խանաևը:

Վարսավիրանոցի հավաքարար 70-ամյա Թամար Մելիքյանը, ով 34 տարի ռուսաց լեզվի ուսուցչուհի է աշխատել Լենինականի 27-րդ դպրոցում, սուրճ է հյուրասիրում: Ասում է՝ 30 հազար դրամ կենսաթոշակը չի բավականացնում ապրելու համար: Թամարի դեմքի մի մասը ժպտում է, մյուսը լացում, երկրաշարժը դեռ նրա սրտում է:

«Այդ ժամին տուն էի գնացել ընդմիջման, ընկերուհուս էի սպասում, բայց նա չհասցրեց այդպես էլ գալ... տունս սեփական էր, վազեցի դուրս, շուրջս 5-6 շենք ծնկի իջավ: Մութ էր, փոշի... 25 տարի անց էլ ցավը կա, երիտասարդության համար ավելի հեշտ է, նրանք դա չեն տեսել կամ փոքր էին... իսկ ես չեմ կարողանում մոռանալ այդ կարմիր, կանաչ ու դեղին դագաղները...»- ու արցունքները հոսում են այտերով:
Դավիթը երկրաշարժի ցնցումները նմանեցնում է ծովի ալիքներին:

«Գետինն էլ ըսպես ալիքաձև շարժվերգը, չէիր էլ կրնա ոդի վրա կայնեի, պատկերացրեք՝ ինչխ որ ծովի ալիք էղնիր: Դեմիս ինը հարկանիները աչքիս դեմն իջան: Վազեցի երեխեքիս հետևից դպրոց, երեխեքին բան չէր եղել: Կնոջս գտանք 11-րդ օրը, թաղեցինք գիշերով, որ երեխեքը չտեսնեին: Էդ նոր բնակարանում տասը օր չապրեցինք, նոյեմբերի 27-ին էինք ստացել: 23 հոգի մեր շենքից մնացին փլատակների տակ, մինչև երրորդ հարկ էին հասցրել փախչել, ու ճզմել էր,- պատմում է 60-ամյա Դավիթը: - Երեխեքս 6, 7, 8 տարեկան էին: Մի տարի անց նորից ամուսնացա, մի տղա էլ ունեցա, արդեն բանակում ծառայել է ու հետ եկել՝ 21 տարեկան է: Երկրորդ կինս պահեց, մեծացրեց էն երեքին էլ, արդեն 7 թոռ ունենք»:

Խանաևը շտապում է բազկաթոռի մոտ, հերթական հաճախորդն է սպասում: Նույն բազկաթոռին կտրել է Ավետիք Իսահակյանի, Լևոն Մադոյանի, Շիրազի, Ֆրունզիկ Մկրտչյանի մազերը...

«Լյուքսում» 60-70-ականների Լենինականն է, պատուհանից այն կողմ՝ ԱՊՀ-ում մշակութային մայրաքաղաք հռչակված Գյումրին:







Խմբագրի կողմից. Այս խորագրի ներքո «ԱրմենիաՆաուն» կայցելի Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրի, որտեղ 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժը կործանեց քաղաքը, խլեց ավելի քան 25.000 մարդու կյանք, հազարավոր մարդկանց անօթևան թողեց էպիկենտրոն Սպիտակում, Գյումրում (նախկին՝ Լենինական), Ստեփանավանում և Վանաձորում (նախկին՝ Կիրովական): Երկրաշարժի հետևանքներն ի ցույց դրեցին ԽՍՀՄ-ի փլուզվող վիճակը, և Հայաստանի ու սփյուռքի միջև նոր հարաբերությունների սկիզբ դարձան: Հետագայում երկրաշարժը դիտարկվում էր որպես պայքարի հաշվարկման կետ Հայաստանի վերականգնման համար, միևնույն ժամանակ պատերազմի մեջ լինելով Ադրբեջանի հետ և գտնվելով Թուրքիայի կողմից շրջափակման, ինչպես նաև էներգետիկ ճգնաժամի մեջ: ԽՍՀՄ-ից որբ մնացած և օտարերկրացիների, հիմնականում՝ Արևմուտքի, ողորմածությանը հանձնված Հայաստանը, որը գրեթե 7 տասնամյակների ընթացքում զրկված էր շփումներից, ցնցվեց բոլոր ճակատներում: Ավերածությունների, բռնի տեղահանումների և պատերազմի տարիներին անասելի ցուրտ ձմռան պայմաններում երկիրն ուշքի էր գալիս՝ միաժամանակ փորձելով հաղթահարել ժողովրդավար դառնալու մարտահրավերները: Ոչ մի ճգնաժամ այնքան դաժան չի եղել, որքան դրանից գրեթե 70 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի Շիրակի մարզը այլևս «աղետի գոտի» չէ, սակայն կյանքն այստեղ դեռևս վերականգնման ընթացքի մեջ է: Մոտենում է այդ ճակատագրական օրվա 25-րդ տարելիցը, և բնակիչները վերապրում են այդ օրերի զգացողությունները և դրանց հետքը իրենց հետագա կյանքի վրա…