Սպիտակը 25 տարի անց. «Երբ ընտանիքդ սաղ ընդեղ ա (գերեզմանում), ո՞ւմ թողնենք-գնանք»

Բազումի և Փամբակի լեռնաշղթաների լանջերին ճերմակ սփռոցի նման ձգվող Սպիտակում իրար հարևանությամբ հաստատված Իտալական, Գերմանական, Շվեյցարական, Չեխական, Ֆիննական, Նորվեգական, Ռուսական, Ուզբեկական, Էստոնական, Տամբովի 25-ամյա երիտասարդ ինքնատիպ թաղամասերը քաղաքը ներկել են մի քանի երանգներով:

Հսկա լեռների փեշերը նազանքով փարված են քաղաքին: Գետի պես հոսող Սպիտակի նորակառույցների կողքին ժամանակին արդյունաբերական հսկա շաքարի գործարանից մնացած միակ հսկայական աշտարակն է, որը հիշեցնում է 25 տարի առաջ տեղի ունեցած բնական աղետի մասին, որով ընդհատվեց Սպիտակի տարեգրությունը:

«Դա բաժանման սահմանն է՝ առաջ ու հետո: Այսօր այլ կյանք է, առանց նախկին Սպիտակի: Այդ օրը այն զգացումն էր, որ վերջ՝ կյանքը ավարտված է, ու երբ մարդիկ գույք էին հանում փլատակների տակից, մտածում էի՝ ինչի՞ համար, մարդիկ էլի՞ են ապրելու, ինչպե՞ս, ո՞վ էր պատկերացնում, որ կյանքը շարունակելու ենք... Կյանքը իրենը պահանջում է ու առաջ գնում»,- ասում է քիմիայի ուսուցչուհի Լյուսյա Սարդարյանը:

1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը բաժանման սահմանն էր նախ և առաջ մարդկային կյանքերի: Հին Սպիտակում մնացին 4000 մարդկային կյանքեր, արդյունաբերական հսկայական քաղաքը ավերվեց հիմնովին, սահմանից այս կողմ մնացածները իրենց մեջ պետք է ուժ գտնեին երկրի երեսից ջնջված հարազատ քաղաքը նորից կերտելու համար:

Մինչև աղետալի երկրաշարժը Սպիտակը հանրապետության արդյունաբերական զարգացած քաղաքներից մեկն էր, որտեղ գործում էին 14 արդյունաբերական ձեռնարկություններ: Բնակչության թիվը կազմում էր 18.400 մարդ, որից 4000-ը զոհ գնացին երկրաշարժին, 1290 երեխա դարձավ ծնողազուրկ, 753 մարդ` հաշմանդամ:

Սոցիալական ապահովության Սպիտակի տարածքային բաժնի պետ Սերգեյ Սահակյանն ասում է, որ միայն կարի ֆաբրիկայում աշխատում էր 4000 մարդ, իսկ Սպիտակի վերելակաշինական գործարանը 21 արտասահմանյան երկրներ արտադրանք էր արտահանում:

«Երևանում որ շենքում լիֆտ ես նստում, դեռ Սպիտակի լիֆտերն են... մեր շաքարի գիգանտ գործարանը, որը 1947-ին կառուցել էին գերմանացի ռազմագերիները, Անդրկովկասում բացառիկ էր իր արտադրական հզորությամբ, ալրաղացի կոմբինատը, ռետինատեխնիկական իրերի գործարանը, կոշիկի ֆաբրիկան: Մեր արդյունաբերական հզորությամբ զիջում էինք Երևանին, Լենինականին, Հրազդանին... 200 մլն ռուբլու համախառն արտադրանքի ծավալ ունեինք, որպեսզի պատկերացնեք՝ դա ինչ էր, ասեմ՝ 500 հազար ռուբլով այն ժամանակ 3 մուտքով չորս քառահարկ շենք կկառուցեիր»,- երկու տասնամյակ առաջ ունեցած հարստության մասին է պատմում Սահակյանը:

«Սպիտակը Հայաստանի Փոքր Տեխաս էին ասում,- հիշում են սպիտակցիները,- երկրաշարժը ոչ թե կոտրեց, այլ ջնջեց Սպիտակը, չկար ոչ մի կանգուն շենք, միայն թոզ էր»:

Մաթեմատիկայի ուսուցչուհի Թամարա Դարչինյանը հիշում է, որ այդ օրը, այդ ժամին դպրոցում գրականության դասն էր պատասխանում՝ «Սպանված աղավնին»:

«Երրորդ հարկում էինք: Հենց սկսվեց, բոլորս վազեցինք դռան մոտ ու բոլորս գոռում էինք: Մեր բախտից՝ պատերը սեղմվել էին, դուռը չբացվեց, ու լավ էր, որովհետև միջանցքը լրիվ նստել էր»,- հիշում է նա:

Սերգեյ Սահակյանի ընտանիքից երկրաշարժը տարել է կնոջն ու երկու աղջիկներին: Փրկվել են ինքն ու տղան:

«Մեքենայում էի, գնում էի ուսումնարան կնոջս վերցնելու: Պայթյուն լսեցի, ինձ թվաց՝ մեքենայի ակն է տրաքում, հաջորդ պահին երկինքը սևացավ: Մեկ-երկու րոպե մենակ սև ամպ էր, շատ դանդաղ, երբ մշուշը սկսեց ցրվել, մեկ էլ տեսնեմ՝ այդ ուսումնարանն իջնում է, չորս կողմը նայում եմ՝ քանդվում է...

Մեր շենքը հեռվից երևում էր, երկրորդ ցնցումից քանդվեց, ու այդ անզոր վիճակում վազում եմ դպրոց՝ տղաս կենդանի էր, կնոջս գտանք 8-րդ օրը, երկու աղջիկներս մնացին տանը... էպիկենտրոնում ալիքի երկրարությունը եղել է 6 մ, մինչև հասել է մեր շենքերը՝ դարձել է 12 մ, հա՛մ հորիզոնական է խփել, հա՛մ էլ ուղղահայաց, երկրաշարժերը հիմնականում հորիզոնական են խփում: Հողը մետր ու կես վերև էր բարձրացել, երկու մետր լայնքով ճեղք էր բացվել, խորությունը չէր երևում»,- հիշում է Սահակյանը:

Հետագայում ըստ մասնագետների երկրաշարժի վնասների հիմնական պատճառներից մեկը այն էր, որ ողջ երկրի տարածքում սեյսմիկ վտանգը թերագնահատված էր՝ 7-8 բալ, այն դեպքում, երբ 1988 թ. երկրաշարժի ուժգնությունը Սպիտակում գնահատվեց 10, Ստեփանավանում` 9, Վանաձորում` 8-9 բալ:

Աղետի հետևանքներն ուսումնասիրող հատուկ կառավարական հանձնաժողովը հայտնաբերեց, որ խախտված էին սեյսմակայուն շինարարության չափանիշներն ու կանոնները, ցածր էր եղել շինարարության որակը, կոպտորեն խախտված էին եղել շինարարության տեխնոլոգիան, շինանյութերը չէին համապատասխանել պետստանդարտին:
Սահակյանը համոզված է, որ բնակչության 80 տոկոսը զոհ գնաց անորակ շինարարությանը:

«Երբ կռանով բետոնի մեծ սալերը բարձրացնում էին վերև մարդկանց հանելու համար, երկաթե ամրանները մնում էին կռանի կրյուչոկից կախ, իսկ բետոնը պոկվում էր, ահա այդպիսի անորակ շինարարություն էր: Շենքեր էլ կային, որ հետո պայթեցնում էին քանդելու համար, որովհետև բաեխիղճ շինարարություն էին արել: Հորս սեփական տանը 16 մարդ կար, մեկի քթից էլ հեչ արյուն չեկավ...»- ասում է նա:

Սպիտակցիների երկրաշարժի պատմությունները սև են, ճակատագրերը՝ իրար նման ու իրարից տարբեր: Սպիտակում անհետ կորել է 53 մարդ: 4000 զոհերի 60 տոկոսը երեխաներ են: Երկրաշարժի թանձրացած մշուշը աստիճանաբար սկսում է ցրվել, մարդիկ սկսում են լցնել իրենց դատարկ ու կիսատ մնացած կյանքերը, կորցրածը վերականգնել նորով, սակայն սպիները 25 տարի անց էլ ցավում են, կորցրածն անհնար է հետ բերել:

«Սուտ է, կորցրածը դժվար է վերականգնել: Ինչ ասեմ՝ աղետ էր, եկավ, անցավ-գնաց, մեր միջից դուրս չի գալիս, մեր մեջ տանում ենք այդ խաչը, սերունդները նման բան չտեսնեն»,- ասում է Սահակյանը:
Հիշում են, որ արդեն դեկտեմբերի 7-ի երեկոյան առաջին խմբերը օգնության էին եկել, առաջիններից էին վրացիները, հետո՝ իտալացիներ, ֆրանսիացիներ, ռուսներ....

Նոր Սպիտակի մուտքը ազդարարվում է 2010 թ. շահագործման հանձնված երկու և երեք սենյականոց 220 առանձնատների Վարպետաց ինքնատիպ թաղամասով: Երկրաշարժին հաջորդած ավելի քան 2 տասնամյակում բնակարանաշինության ամենամեծ ծրագիրը (524 բնակարան) իրականացվել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ: Սպիտակում բնակարաններ են կառուցել` Շվեյցարիան՝ 180, Ուզբեկստանը՝ 230, Ռուսաստանը՝ 43, Էստոնիան՝ 78, «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցվել է 110, ՀՀ պետբյուջեի միջոցներով 145... Ընդհանուր թվով կառուցվել են 1769 հիմնական բնակարաններ: Այդուհանդերձ, այստեղ անօթևանության խնդիր ունի դեռևս 1000 ընտանիք:

Նախկին արդյունաբերական հսկայի բնակիչներն այսօր սեփական քաղաքում աշխատում են քիչ հզորությամբ: Մեծ մասը մեկնում է Ռուսաստան արտագնա աշխատանքի, ձմռանը վերադառնում, երիտասարդները սկսել են ընտանիքներով գնալ: Համոզված են, որ եթե ժամանակին մասնավորեցման գործընթացները ճիշտ ընթանային, այսօր կարող էին արտադրական ձեռնարկություններ ունենալ:

«Արդյունաբերական ամբողջ կապիտալը սեփականաշնորհեցին ու որպես մետաղի ջարդոն էժան վաճառեցին: Պարսիկների մեքենաները ամեն օր Սպիտակից հաստոցներ էին տանում ու մնացած այդ ամեն ինչը: Հայրս 45 տարի աշխատել էր շաքարի գործարանում, ասում էր՝ հաստոցները նույն ձևով մնացել էին, հնարավոր էր վերականգնել և աշխատեցնել, մինչդեռ Հայաստանը այսօր դարձել է շաքարավազ ներմուծող երկիր»,- ասում է Թամարա Դարչինյանը:

Արտագաղթը սպիտակցիների համար զգայուն թեմա է, նրանք քաղաքը չլքեցին աղետի ժամանակ, երբ անտուն էին, կորցրած հարզատներին, այսօր քիչ թե շատ լավացել են պայմանները, արդեն հեռանում են ընտանիքներով:

«Բայց նրանք, ովքեր այստեղ աշխատանք ունեն, գերադասում են քիչ վաստակել, բայց մնալ իրենց դռանը, տուն ու տեղին: Ախր ո՞ւր գնանք, չգիտեմ՝ մեր հոգեբանությունը մի քիչ այլ է, մի հեկտար գերեզման ունենք, ո՞ւմ թողնենք-գնանք, ընտանիքդ սաղ ընդեղ ա, ո՞ւր թողնես»,- զարմացած հարցնում է Սահակյանը: