70 տարի անց. Հայրենական մեծ պատերազմի վետերանները Հայաստանում նշում են Հաղթանակի օրը

70 տարի  անց. Հայրենական մեծ պատերազմի վետերանները Հայաստանում նշում են Հաղթանակի օրը

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Կիև-Ժիտոմիրյան 23-րդ դիվիզիայի 91-ամյա նախկին հետախույզի կուրծքը ծանրացել է ոսկեգույն շքանշանների առատությունից: 70 տարի հայացքում դաջված է պատերազմը, ձախ թևում կրում է երկու բեկոր նույն պատերազմից, բայց ապրում է հպարտ՝ Հայրենականը հաղթողներից մեկն էլ ինքն է:


«Սա ստացել եմ 1943 թվի նոյեմբերի 6-ին Կիևի ազատագրման համար, էս մեկը` 1944 թվին՝ Ռիգայի ազատագրման համար:

Հետո արդեն Բելառուսական ֆրոնտում էի: 1944 թվի դեկտեմբերին կանգնեցինք Բրեստում, 1945 թվի հունվարի 17-ին հարձակման հրաման ստացանք, որից հետո ազատագրեցինք Վարշավան:

Դժվարությամբ անցանք Օդեր գետը, որի համար արժանացա մարտական Կարմիր դրոշի շքանշանի: Հետո արդեն գրավեցինք Բեռլինը, որի համար էլ ստացա այս շքանշանը»,- ժպիտի ու արցունքների միջից պատմում է Հայրենական մեծ պատերազմի վետերան Արտուշ Մկրտչյանը:

Հայրենական մեծ պատերազմին Հայաստանից մասնակցել են հարյուր հազարավոր հայորդիներ, որոնցից շատերը չվերադարձան կամ դարձան հաշմանդամ: Նրանցից շատերը պարգևատրվեցին մարտական շքանշաններով ու մեդալներով, իսկ 108-ն արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման:

Հայաստանի Վետերանների միավորման խորհրդի նախագահ, պահեստազորի գնդապետ Պետրոս Պետրոսյանը, անգնահատելի համարելով հայերի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին, նշում է` այդ տարիներին Հայաստանի բնակչությունը 1,5 միլիոն էր, սակայն երկրի ներդրումը բավականին մեծ եղավ:

«Մեր անկոտրում ու բացառիկ մարտական ոգին մեզ էր փոխանցվել մեր պապերից, դա մեր ազգային առանձնահատկությունն է»,- ասում է գնդապետ Պետրոսյանը:

Ղարսեցի ծնողների զավակը, ով ծնվել էր Գյումրում, եղել կոմերիտմիության քարտուղար, 1941-ին կամավոր մեկնում է ռազմաճակատ: Հիշողությունները ալիքվում են ներսում, ապրած կյանքի ու կենսագրության մասին խոսում են նրա կրծքի շքանշանները, աչքերում պատերազմը հաղթածի հպարտությունն է:

«Պրոխորովկա ավանում վիրավորվեցի, հետո ապաքինվեցի ու մեկնեցի Ուկրաինական երրորդ ֆրոնտ: Մասնակցել եմ Ուկրաինայի, Բուլղարիայի, Չեխիայի, Հունգարիայի ազատագրմանը, հասել մինչև Բեռլին ու Ռայխստագի պատին կավիճով գրել՝ Պետրոս գյումրեցի: Հաղթել էինք ու լացում էինք, վազում էինք, իրար փաթաթվում, համբուրվում, գոռում ու վայելում հաղթանակի բերկրանքը»,- պատմում է 92-ամյա գնդապետը:

Վերլուծելով արդեն պատմության գրկում թողած Հայրենականի գործողությունները` վետերանները հատկապես կարևորում են Ստալինգրադի ազատագրումը, ինչը վճռական նշանակություն է ունենում պատերազմի ողջ ընթացքի վրա:

«Կարևոր էր նաև Հայաստանի համար: Թուրքիան 26 դիվիզիա էր կենտրոնացրել սահմանի մոտ և պատրաստ էր Ստալինգրադի անկման դեպքում ներխուժել Հայաստան և Անդրկովկաս, որը կարող էր ողբերգական հետևանքներ ունենալ հայ ժողովրդի համար:

Ստալինգրադը ազատագրվեց 1943 թվի փետրվարի 2-ին, 1944-ի հունվարին խորհրդային զորքերը ճեղքեցին Լենինգրադի շրջափակման օղակը, իսկ հուլիս-օգոստոսին կարևոր հաղթանակ տարան Կուրսկի ճակատամարտում: Այս հաղթանակները արմատական բեկում մտցրեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ»,- վերլուծում է Պետրոսյանը:

Վետերանները խոստովանում են՝ իրենց համար մեկ հայրենիք գոյություն ուներ՝ Խորհրդային Միությունը, հավատում էին ու համոզված էին իրենց հաղթանակին, կռվում էին «За Родину, за Сталину вперед»:

Հայրենական պատերազմը տվեց հինգ հայ մարշալ`Հովհաննես Բաղրամյան, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյան, ինժեներական զորքերի մարշալ Սերգեյ Ագանով, ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանց և Խորհրդային Միության նավատորմի մեկ ծովակալ` Հովհաննես Իսակով:

Պատերազմի հենց սկզբում կազմավորվեցին հայկական 6 դիվիզիաներ, որոնցից առավել նշանավորն էին 89-րդ Թամանյան և 409-րդ դիվիզիաները: Վերջինը, իր մարտական ուղին սկսելով Հյուսիսային Կովկասից, հասնում է մինչև Ավստրիա և Չեխիա:

Թամանյան դիվիզիան այդ անվանն էր արժանացել Սև ծովում գտնվող Թամանյան թերակղզին 1943-ին ազատագրելու համար: Այն միակ հայկական դիվիզիան է, որը մասնակցել է Բեռլինի ազատագրմանը և «Քոչարի» պարել Ռայխստագի պատերի տակ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին սփյուռքահայությունը նույնպես նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերեց խորհրդային բանակին, ԽՍՀՄ ուղարկվեց տաք հագուստ, դեղորայք, նրանց հանգանակությամբ ստեղծվեցին «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուները:

Պետրոսյանը նշում է, որ վետերանների շարքերը գնալով նոսրանում են, ամենաերիտասարդը 89 կամ 90 տարեկան է:
«Մեր վետերանների 60 տոկոսն անկողնային է, ամեն ամիս կորցնում ենք մի քանիսին, 4-5 տարի հետո մի վետերան գտնելու համար ճրագով պետք է ման գալ, գտնելուց հետո էլ ասեք՝ պարոնայք, նայեք` մեր վետերաններից է: Պետք է ամեն բան հիմա անել այս մարդկանց համար, վաղն ուշ կլինի»,- ասում է 92-ամյա Պետրոսյանը:

ՀՀ կառավարության որոշմամբ` այս տարվա մայիսից «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ում հաշվառված Հայրենական մեծ պատերազմի 55 վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու և 50 վետերանի առողջության պահպանումը և հանգիստը կազմակերպելու նպատակով հատկացվել է 6 մլն 550 հազար դրամ:

Պատերազմի վետերաններից շատերը տարբեր տարիներին մասնակցել են Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող մայիսի 9-ի միջոցառումներին: Արտուշ Մկրտչյանը ցույց է տալիս ձեռքի ոսկեգույն ժամացույցը, որն անցյալ տարի նվիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս տարի ևս պատրաստվում են մասնակցելու Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված տոնակատարություններին:

Ապրիլի 27-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ռուսական «Առաջին» ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում հայտարարել էր. «Դա նաև մեր հաղթանակն է, այդ թվում՝ հայ ժողովրդինը. Խորհրդային Հայաստանը լուրջ մասնակցություն է ունեցել հաղթանակի գործում, Խորհրդային Միությունում բնակվող 2 մլն հայերից 700 հազարը մեկնել են ճակատ, իսկ 314 հազարը չեն վերադարձել: Ես կարծում եմ, որ ես հայ ժողովրդի անունից, պետք է մասնակցեմ գլխավոր միջոցառումներին»:

Մայիսի 20-ին վետերաների խումբը նորից կմեկնի Մոսկվա, այս անգամ` մեկ այլ միջոցառման մասնակցելու:

«Գնացք ենք նստելու Մոսկվայից ու անցնելու ենք պատերազմի ժամանակ անցած մեր մարտական ճանապարհներով: Գուցե հանդիպենք նաև մեր հին մարտական ընկերներին, ո՞վ գիտե` ո՞վ է կենդանի մնացել…»- ասում է Մկրտչյանը:







-
Հրապարակվել է 8 մայիս, 2015