Հալեպի շուկան. սիրիահայերը «նոր համ» են հաղորդել երևանյան առևտրին

Հալեպի շուկան. սիրիահայերը «նոր համ» են հաղորդել երևանյան առևտրին

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Երևանի կենտրոնում գտնվող նորաբաց Հալեպի շուկան նոր գույն է հաղորդել երևանյան ինքնատիպ կոլորիտին: Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ գործող շուկայում սիրիական պատերազմի պատճառով հայրենիք տեղափոխված սիրիահայերը տեղացիներին են առաջարկում սիրիական համեղ ուտեստներ, համեմունքներ, ձեռքի աշխատանք: Գործում են խանութներ, վարսավիրանոց:
Պետրոս Քիրազյան
Վահրամ Տեր-Օհանյան
Լենա Շավլիյան
Գոռ Սուքիասյան


Երեք տարի առաջ Սիրիայից Երևան տեղափոխված Պետրոս Քիրազյանը, ով Հալեպում զբաղվում էր երկաթի մշակմամբ, հայրենիքում մեկ տարի աշխատանք չի ունենում: Մտքի թռիչքը նրան կապում է սիրիական հարուստ համեմունքներին, և շուտով սկսում է զբաղվել համեմունքների առևտրով:

«Նախ` տունեն, ետքը ինը ամիս աշխատեցա Վերնիսաժ: Մարդիկ աստիճանաբար ինձ ճանչցան, սկսեցա հաճախորդներ ձեռք բերել: Հիմա արդեն շատ լավ գաղափարներ ունեմ այս գործում: Հալեպի շուկայում ալ ես եմ հավաքած ամենին, հեչ մեկը չկար, երկու ամիս միս-մենակ էի: Բայց ընկերներ, բարեկամներ՝ ամենքը հավաքեցի հոս, նայեցան, մի մասը հաջողություն չտեսավ, մի մաս եկավ»- պատմում է Քիրազյանը` ընդմիջելով զրույցը հերթական հաճախորդին սպասարկելու համար:

Նրա համեմունքների բույրը հեռվից է գալիս՝ հիլ, դեղին կոճ, զաֆրան, կոճապղպեղ, մշկընկույզ, դարչին, քիմիոն, բահար, հավի ու մսի համեմունքներ, սիրիական լոշիկ, հնդկական արմավ, օճառների ու ձեթերի տեսականի:

«Խառնված մը բան չունենք: Հաճախորդներես 100-են 80-ը հայաստանցի են: Մինչև հիմա մեկը գալով ինձի չըսավ, թե աս ապրանքդ վատն է: Ամենն ալ հավնած են: Կբերենք Դուբայեն, Լիբանանեն, Պակիստանեն, Սիրիայեն...»- ասում է նա:

Քիչ այն կողմ սիրիական բաղադրատոմսերով ու համեմունքներով պատրաստված ուտեստների ախորժաբեր բուրմունքն է տարածվում: Հալեպում 15 տարի նույն գործի վարպետ Վահրամ Տեր-Օհանյանը առաջարկում է իր ձեռքով պատրաստած ուտեստները: «Հալեպի սենդվիչները» թարմ են պահում Հալեպի մասին նրա հիշողությունները:

«Հայաստանում դժվար է, հարկերը բարձր են, ամա, յոլա կերթանք, պարապի չենք մնա, առանց գործի չըլլար: Կաշխատենք առավոտ 11-են մինչև երեկո 11-ը: Տեղացիները կսիրեն շիշթաուկը, ղավուրման, սուջուխը, լահմաջոն, սիրիական հումուսը, մութաբան,- ասում է արմատներով խարբերդցի Տեր-Օհանյանը: - Տարի մը չկա, որ տեղափոխված եմ, կյանքը Հալեպում կշարունակվե, բայց անտանելի պայմաններում, բոլորն ալ կուզեն դուրս ելլել, բայց գումար չունեն: Երեք անգամ մահն աչքիս առաջ է եղել»:

Հալեպի շուկայում բոլորն իրար ճանաչում են, ապրել են Հալեպի նույն՝ Նոր Գյուղ հայկական թաղամասում: Ճակատագիրն անակնկալ էր պատրաստել նրանց համար` կյանքի մնացած հատվածը ապրել հայրենիքում՝դժվարին պայմաններում:

Շուկայի գործարարներից Լենա Շավլիյանը կանանց ու տղամարդկանց ներքնազգեստ է վաճառում: Ասում է, որ նույն գործը Հալեպում սկսել էին դեռ 1985-ից, ու եթե այնտեղ կարողացան ոտքի կանգնել, ապա Հայաստանում ավելի հեշտ կլինի: Հայաստան է եկել 2012-ին քրոջ հետ հայկական անձնագրերը ստանալու, սակայն պատերազմական գործողությունները նրանց ստիպում են մնալ հայրենիքում:

«Տեղացիները կըսեն՝ «Ինչո՞ւ Հայաստան եկաք, հոս երկիրը երկիր չէ»: Մենք կըսենք` երկրորդ ջարդ չենք ապրելու, երրորդ սերունդ ենք: Անգամ մը ցիրուցան եղած ենք, աս ալ արդեն երկրորդ անգամ, ալ կբավե: Եկանք հոս, որ հոս մնանք, զորացնենք, ուշ կամ կանուխ` աս մերն է, ուրիշինը չէ, լավովը, քեշովը, վատովը` մերն է, մենք պետք է զորացնենք: Կըսեն` երկիրը երկիր չէ, բայց երկիրը ես եմ, դուն ես… Մուսուլմաններու հետ ապրած ենք ու լեզու գտած, ինչու՞ չպիտի կրնանք մեր հայրենիքին մեջ: Խնամքի ու գուրգուրանքի կարիք ունի աս երկիրը, իշխանությունը այսօր կա, վաղը չկա...»- ասում է Շավլիյանը:

Նրա խանութում միայն հայկական արտադրանք է, ասում է՝ կարող էր գնալ Թուրքիայից, Դուբայից ապրանք բերել, բայց նախընտրել է հայկականը:

«Ժողովրդի հավատքը փոխեմ, որ հասկնան՝ հայկական արտադրությունը լավն է, վատը չէ: Ինչո՞ւ պետք է վաճառենք թրքականը, ալ կբավե, մեր տունը շատ քանդեց թուրքը: Հարազատներս գացին Ամերիկա, Շվեդիա, ես կնախընտրեմ հոս մնալ՝ադի գնաց, ան գնաց, ան ալ... Պետք է ազերի՞ն գա քաղաքս նստի, չէ՛, ես ատոր հակառակ եմ: Դժվար է, խանութի, տան վարձքեր կուտանք, բայց ոչինչ, կաշխատենք»,- ասում է նա:

Նրա հարևանությամբ էլ 21-ամյա Գոռ Սուքիասյանի վարսավիրանոցն է: Ասում է, որ ամեն օր սպասարկում է 20-25 մարդու, հաճախորդները տեղացիներ են, նաև սիրիահայեր, ովքեր դեռ Հալեպում էին իր մոտ հաճախում:

Հալեպի շուկայի գործարարները տեղի համար վճարում են 40-80 հազար դրամ (90-190 դոլար), չեն դժգոհում, աշխատում են զարգացնել սեփական գործը, սակայն նշում են` գովազդի կարիք ունեն, որ մարդիկ իմանան գետնանցումում գործող շուկայի մասին:

«Մեծ բան մը չենք ուզեր, միայն վերը մեկ հատ անվճար ռեկլամ դնեին, որ ժողովուրդը իմանար` հոս ներքև շուկա կա: Մենք չենք կրնա վճարել գովազդի համար, մենք դեռ հազիվ ոտքի կկանգնենք: Թաղապետարանին անգամ դիմում գրած ենք, դեռ պատասխան չկա»,- ասում է Պետրոս Քիրազյանը:

-
Հրապարակվել է 23 հուլիս, 2015