Խաչիկ. հայկական սահմանամերձ գյուղը` փառապանծ անցյալով և խնդիրներով լի ներկայով

Խաչիկ. հայկական սահմանամերձ գյուղը` փառապանծ անցյալով և խնդիրներով լի ներկայով

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Տան դռան շեմին կանգնած կինը, հեռվից չկարողանալով ճանաչել բակ մտնող անծանոթներին, միանգամից կանչում է. «Արի՛, արի՛, լավ էլ գալիս ես, ցավդ տանեմ, հազար բարև, համեցե՛ք, տուն գնանք, սուրճով հյուրասիրեմ,- առանց հյուրերին ճանաչելու` նա սրտաբաց շարունակում է.- ինչի՞ չէ, դե, որ էդպես է, եկեք ձեզ տանձով հյուրասիրեմ: էս ձմեռվա տանձն ա, էն էլ` մալաչեն` հմիկվա ուտելու, ցավդ տանեմ: Հլը մեր տանձերին նայի, այ, էսքան կտրտել եմ ՝չիր անեմ, ինչ անեմ, չեմ կարում ծախեմ: Գծից հեռու ենք, առևտուր չկա»:
Սոֆիկ Գալստյան
Լիդա Օհանյան
Ռաֆիկ Ստեփանյանն իր հարսի հետ


Մեղուների բզզոցը նրան հուշում են տանձի չիրը ծածկելու մասին, այլապես տանձից բան չի մնա: Տանձի բուրմունքը տարածվել է այգով մեկ: 63-ամյա Սոֆիկ Գալստյանը գյուղական աշխատանքից կոշտացած արագաշարժ ձեռքերով փակում է տանձի չիրը:

«Անցած տարի եկան դռնից կիլոն 300-ով տարան, էս տարի գան` 200-ով էլ կտամ... Երկու աղջիկներս ամուսնացել են, գնացել Ռուսաստան, տղես գյուղում է: Ես Գնիշիկից եմ հարս եկել Խաչիկ: Սովետի ժամանակ ֆերմայում կթվորուհի էի. որպես լավ կթվորուհի` տարեկան մի գառ էին նվիրում, պատվոգիր ու ժամացույց էլ եմ ստացել: Էն ժամանակ գիտեիր` ինչի՛ համար ես աշխատում, հիմա չարչարանք կա, փող չկա»,- ասում է Վայոց ձորի Խաչիկ գյուղում ապրող Գալստյանը:

Երևանից 120 կմ հեռավորության վրա գտնվող Խաչիկով է սկսվում կամ ավարտվում Հայաստանի մի փոքր հատվածը: Այն հայ-ադրբեջանական սահմանից հեռու է 500 մ, երեք կողմից՝ 27 կմ սահմանակից է Ադրբեջանի Հանրապետությանը՝ Նախիջևանին:

«Խաչիկի անունը լսելուց վեր-վեր են թռչում` էս երկրի դարպասն ա... Կռիվը նոր-նոր էր սկսվել, հանդում գերանդիով խոտ էինք հնձում, սկսեցին կրակել, մի հոգի զոհվեց,- տանձը մոռացած` սկսում է պատմել Գալստյանը: - Կռվի ժամանակ մեկը դուրս չեկավ գյուղից, հիմի գնում են, ա՛յ մարդ»:

Նրա այգու տանձի ու խնձորի ծառերը բերքի առատությունից գլուխները խոնարհել, հավասարվել են գետնին:

Նախահարձակ ծառերի ճյուղերը մի կողմ տանելով` անցնում ենք այգու մի փոքր հատվածը, իջնում մի քանի փայտե աստիճան ու հայտնվում հարևանի բակում:

Լիդա Օհանյանի խնձորանոցը ամոթխածորեն շիկնել, կարմրել է:

«Մեր այգուն նայես, կասես` էս մարդիկ ինչի՛ց են բողոքում, բայց արի ու տես, որ չի սպառվում էդ խնձորը, տանող չկա, առնող չկա, մնում ա ձեռներիս: Գյուղն էլ տրանսպորտ չի գալիս, որ մենք մի կերպ տանենք, մնացել ենք սրա-նրա հույսին, կամ էլ գան ապրանքափոխանակությամբ տանեն,- պատմում է 72-ամյա Լիդան, ում երկու տղաներից մեկը ապրում է Եղեգնաձորում, մյուսը` հեռավոր Խաբարովսկում, աղջիկն էլ ամուսնացել-գնացել է: - Ճիշտ է, էստեղ կրակոցներ չկան, բայց մեկ է` ապրում ենք ահուդողով, երկյուղով, շրջապատված ենք թուրքերով: Էնքան տներ կան` փակ, կիսավեր, մեծերը մահացել են, երիտասարդությունը գնացել է, էս մարող հող ա: Բայց պատերազմի տարիներին ամբողջ գյուղը ոտքի կանգնեց, կռվեց ու պահեց գյուղը, ոչ ոք դուրս չեկավ»:

Սեղանի մոմլաթի տակից հանում է վերջերս գյուղ այցելած ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այցեքարտն ու ասում. «Նստել ենք, խոսել ենք, զրուցել, իրեն էլ ասացի՝ տասը տարի հետո գյուղը կվերանա» 1800 մետր բարձրության վրա գտնվող Խաչիկն ունի 160 տնտեսություն, այստեղ ապրում է 720 մարդ, դպրոցում աշակերտների թիվը 90 է:

«Տնով-տեղով, ազգով-բարեկամով գնացել են, չկան: Էն պատերազմի ժամանակը մեր գյուղը իր մեծությամբ երկրորդ տեղն ա գրավել՝ Մալիշկայից հետո, հիմա եկել ենք, բոլորից հետ ընկել: Սովետի տարիներին խանութում գործակատար էի աշխատում, ու էն ժամանակ ազգաբնակչության թվով էինք ապրանք ստանում, 1600 մարդ կար,-պատմում է խաչիկցի Ռաֆիկ Ստեփանյանը ու ծիծաղելով ավելացնում,- աղջկերքս բոլ են, աղջիկներին եմ զոռ տվել, չորս աղջիկ ունեմ, երկու տղա, մի տղաս Խաչիկում է, մյուսը` Մոսկվայում»:

Խաչիկցիները հիասթափված են, հոգնած սպասելուց, չեն հավատում, որ իրենց կյանքում կարող է ինչ-որ բան փոխվել:

«Խաչիկի տեղն էլ չգիտեն, սկի Հայաստանի մասին մտածող չկա, էլ ուր մնաց Խաչիկի»,- ասում են նրանք: Ինչպես են ապրում հարցի պատասխանը կարճ է. «Գյուղի կեսը պայմանագրային զինծառայողներ են, կեսը հող ա մշակում, կեսն էլ` երկու կոպեկ թոշակով, բայց մի բան կա, որ բոլորին է սպառնում՝ բանկի տոկոսները»:

Ռաֆիկի հարսը` 44-ամյա Գայանե Ստեփանյանը, ասում է. գյուղացիները վարկերի տակ են, վերցրել են տարեկան 14 տոկոսով ու կրակն ընկել:

«Մենք բանկից ունենք 2,5 մլն դրամի վարկ, «Կամուրջ» վարկային կազմակերպությունից էլ՝ 275 հազար դրամի: Մինչև 2017 թվի ապրիլը ամեն ամիս վճարելու եմ «Կամուրջին» 95 հազար, բանկին 250 հազար դրամ դեկտեմբերի 1-ին պտի տանք, հույսներս պոպոքն էր, էդ էլ չկա»,- ասում է նա ու ավելացնում, որ իրենց միակ եկամուտը Ռաֆիկ պապի 54.000 դրամ կենսաթոշակն է:

Բակի լռությունը լցնող ծորակից հոսող ջրի համաչափ ձայնը խախտվում է, երբ Գայանեն սկսում է բանջարեղեն լվանալ:
«Գոնե առաջինը մտածեն, որ սա Զանգեզուրի դարպասն ա...» - ասում է նա:

Ռաֆիկը հայացքով հետևում է հարսին, հաստ ապակիներով ակնոցը չի թաքցնում աչքերի բորբոքումը:

«Աչքս՝ մտածել եմ սենց ա եղել, 25 տարի էս աչքովս չեմ տեսնում, միաչքանի եմ, էս մեկն էլ տասը տոկոս ա տեսնում,- հումորով ասում է Ռաֆիկը ու փորձում ներկայացնել Խաչիկի վերակենդանացման ծրագիրը: - Առաջինը պետք է մտածեն, որ երիտասարդը չբացակայի, աշխատանք ստեղծեն, մի արտադրություն բացեն, որ մի 30 մարդ էդ գործարանում աշխատի, տնամերձերի ու իրենց հողերի հետ կապրեն, գյուղը չի մեռնի: Ասում են՝ գնում են, բայց թողնո՞ւմ են` մնան իրենց հողում»:

Հիշում են, թե ինչ ակտիվ կապի մեջ էին հարևան ադրբեջանցիների հետ՝ առևտուր էին անում, ընկերներ ունեին:

«Իրանք մեզնով էին ապրում, մենք` իրանցով, մեր ամբողջ անասունը նրանց վրա էինք վաճառում, իրանց բանջարեղենն էինք առնում, գնում էինք առևտուր անելու իրանց գյուղերում: Ճանապարհները փակվեցին, կապը կտրվեց, պատերազմի ժամանակ ռացիայով էինք խոսում իրար հետ, որ իմանայինք` ոնց են»,- պատմում է Ռաֆիկը ու թվարկում պատերազմում կորցրած համագյուղացիներին` Գալուստը, Արծրունը, Աբովը, Մարգարիտը...

Խաչիկը հերոսների գյուղ է, ովքեր սերում են գյուղը հիմնած յոթ տոհմից՝ Ճաղարենք, Մուրադենք, Յարանոնք, Մխսոնք, Սաքանենք, Դումանենք, Աթինենք, Էլիքսանենք:

«Տղես նայոմնիկ ա, թոռս նայոմնիկ ա, էս ժողովուրդը հերոս է, էն փոքրից բռնած մինչև ծերունի...» - ասում է 82-ամյա Ռաֆիկը: