Քարագլուխ. քիչ հնարավորություններով և եղածից էլ ավելի քիչ օգտվողներով հայկական գյուղ

Քարագլուխ. քիչ հնարավորություններով և եղածից էլ ավելի քիչ օգտվողներով հայկական գյուղ

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Շահեն Մովսիսյան

Հեղեղն ասես բերել ու ժայռերի տակ է թաքցրել Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի տները: Աշնան բերք ու բարիքով ծանրացած ծառերը գունավորել են գյուղի այգիները: Քաղցրահամ ու յուրահատուկ խնձորի այգիները քարագլխեցիների տնտեսության հիմնական միջոցն են կազմում:


«Խնձորի բերքի շատ լինելը մի կողմից լավ է, մյուս կողմից՝ վատ, էս տարի 3-4 տոննա խնձոր կունենամ, բայց մանր ա, երևանցին չի ուզի, մարտունեցին կարտոշկի հետ կփոխի, էն մնացածն էլ պետք ա լցնենք բոչկեն ու օղի քաշենք»,- ասում է քարագլխեցի 66-ամյա Շահեն Մովսիսյանը, ով զբաղվում է մեղվապահությամբ ու մրգերի համար արկղեր պատրաստելով:

Պատմում է, որ մի քանի տարի շարունակ արտագնա աշխատանքի Ռուսաստան գնալ-գալուց հետո վերջնականապես որոշեց մնալ գյուղում:

«Գյուղում տուն չկա, որ դրսում մարդ չունենա: Մեկն էլ իմ տղան ա, պտի սեփական մաշկի վրա զգա օտարությունը, որ հասկանա՝ պտի վերադառնալ»,- ասում է Շահենը և առաջարկում փայտամշակման իր փոքրիկ արտադրամասը տեսնել:

Նա ցույց է տալիս 330 հազար դրամ (702 դոլար) արժողությամբ ունիվերսալ փայտամշակման հաստոցն ու 1,5 միլիոն դրամանոց (3150 դոլար) Ford մակնիշի մեքենան, որոնցով սկսել է իր փոքրիկ բիզնեսը գյուղում, հաջողությունների հասել ու ընդմիշտ մոռացել Ռուսաստանի ճանապարհները:

«75 միգրանտներով մասնակցեցինք «Մարդը կարիքի մեջ» (People in need) կազմակերպության և Հայ օգնության միության կողմից «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրին, որտեղ իմ ներկայացրած մեղվաբուծության վերաբերյալ բիզնես ծրագիրս հավանության արժանացավ, արդյունքում ունեցա այս ամենը: Մեքենայով գնում եմ հարևան գյուղ` Աղնջաձոր, մեղուներիս խնամում, իսկ փայտամշակման հաստոցով արկղեր պատրաստում»,- ասում է նա:

Մովսիսյանը պատրաստում է խնձորի, դեղձի, խաղողի արկղեր, մեղվի փեթակներ, շրջանակներ մեղրի համար բարդու փայտից, որի 1 խմ-ը գնում է 20-25 հազար դրամով (53 դոլար), մեկ արկղը վաճառում է 1000 (2 դոլար) դրամով: Ամեն օր պատրաստում է 15-20 արկղ:

«Այս բիզնեսը բավարարում է մեր ընտանեկան հոգսերը, մինչև 300 հազար դրամ (640 դոլար) եմ վաստակում, հետն էլ թոշակ եմ ստանում՝ 37 հազար դրամ (80 դոլար): Բայց ցավս էն է, որ մեր աշխատասեր սերունդը վերջանում ա: Էսօր ջահելները սպասում են՝ երկնքից ընկնի, էսօր չգիտեն` գերանդին ինչ ա, թեք տեղը խոտ քաղելն ինչ ա, մեքենան եղավ` քաղեց`քաղեց, չէ՝ սոված կմնան:

Կամ` պանրի համար ձեռները դողում են, բայց չեն ուզում անասունի հերթ տանել սար: Փող չեն ունենում հացի, բայց պարտքով փող են վերցնում, տալիս հարևանին, ասում` իմ անասունի հերթը դու տար... Շատ բան մարդուց ա կախված»,- ասում է երեք երեխաների ու վեց թոռների հայրը:

Նրա կինը` 52-ամյա Թերեզա Մովսիսյանը, սրճեփից եռացող սուրճը զգուշորեն լցնում է բաժակները: Խոհանոցում տարածվել է թարմ մրգի ու սուրճի բուրմունքը: Նրա շուրջը վազվզվում են թոռները:

«Մի ժամանակ գյուղում ձեռնոցի գործարան կար, էնտեղ էինք աշխատում, նման գործարաններ բոլոր գյուղերում էլ կային, հիմա դատարկություն է: Մարդիկ գնում են: Եթե կարողանում են լավ աշխատանք գտնել, մնում են, ովքեր հաջողության չեն հասնում՝ վերադառնում են ու հասկանում, որ իրենց հույսը իրենց վրա պետք ա դնեն,- ասում է Թերեզան: - Մի բան գիտեմ՝ թող գան, ստեղծեն ու ապրեն, թող քիչ լինի, բայց մեր կողքին լինեն»:

Այնուհանդերձ Երևանից 120 կմ հեռավորության վրա գտնվող Քարագլխում, որտեղ ապրում է 800 մարդ, գյուղից հեռացողները շատ են: Գյուղի հաշվապահ 52-ամյա Մուրադ Օհանյանը միանգամից վիճակագրությունն է ներկայացնում. 1985-ին գյուղի դպրոցում սովորել է 400 աշակերտ, այսօր՝ 80, այս տարի առաջին դասարան է գնացել հազիվ 7 երեխա:

«Միգրացիայի հետևանք է: Եթե քարագլխեցին 1995-ին գնացել ա Ռուսաստան, արդեն այնտեղի քաղաքացի է, նրա երեխան ծնվել է Մոսկվայում, հիմա արդեն 20 տարեկան է՝ ինտեգրված քաղաքային կյանքին, հետ կգա Քարագլուխ ու անասնապահությամբ կզբաղվի՞, սուտ է,- ասում է նա: - Մեր գյուղացիները հիմնականում Մոսկվայում են ու Ռոստովում, գյուղից էլ մի 80 հոգու տարել են՝ շինարարության վրա են աշխատում, գյուղ են պահում՝ հասկանում եք, շնորհակալ ենք նրանց, բա որ է՞դ էլ չլիներ»:

Քարագլուխում հասունանում է գնացողի ու մնացողի հակասությունը: Շահենն ասում է. ջահել ընտանիքները, տարիներ շարունակ Ռուսաստանում մնալով, կոպեկներ են աշխատում, ինչը կարող են ստանալ նաև իրենց այգուց. «Եղունգ ունես` գլուխդ քորի, եթե հնարավորություն ունես` աշխատի, ապրի, ոչ մեկ քեզ չի տալու: Այդ առումով ես դրոշակ եմ, հետ եմ եկել ու ասում եմ` հերիք ա, հետ եկեք»:

Մինչդեռ Մուրադ Օհանյանի կարծիքով` եթե երիտասարդությունը չի մնում, արդեն վատ է. «13-րդ դարի գյուղ է, դները փակում են ու գնում: Տուն էլ չի ծախվում, վերջին տունը գյուղում ծախվել է 4000 դոլարով: Մի նայեք գյուղի վրա կախված էս ժայռերին, ստեղ մարդ տո՞ւն կառնի»:

Քարագլուխի տեղը քաղաքական գործիչները հիշում են ընտրությունից ընտրություն:

«Երբ էլ եկան, ասին` պետք ա դիմանաք, ժողովո՛ւրդ ջան, մեր ձեռը բան չկա: Մարզպետն էլ որ գալիս ա ու հարցնում` ո՞նց եք, ժողովո՛ւրդ ջան, ասում եմ` սաղ ենք, դեռ չենք մեռել»,- ծիծաղելով պատմում է Շահենը: