Փռի կարտոֆիլ, տնական օղի, քեֆ-ուրախություն. Գանձակ գյուղի առաջին կարտոֆիլի փառատոնը

Փռի կարտոֆիլ, տնական օղի, քեֆ-ուրախություն. Գանձակ գյուղի առաջին կարտոֆիլի փառատոնը

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Աթարի ծխացող փռում ջերմությունից կարմրում ու ճաք են տալիս ներսում խորովվող կարտոֆիլները: Փռի վարպետը, չխնայելով տաք կարտոֆիլներից այրվող ձեռքերը, այն փոխանցում է հյուրերին, բացատրելով ինչպես ուտել` լավաշի մեջ փաթաթած տնական կարագով ու պանրով, ժաժիկով, թթվով ու ամենակարևորը՝ տնական օղիով:


Երևանից 100 կմ հեռավորության վրա գտնվող Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում առաջին անգամ մեկնարկել է փռի կարտոֆիլի փառատոնը: Գյուղի կենտրոնում ծխացող 15 փռերի շուրջն են հավաքվել ոչ միայն տեղաբնակները, այլև բազմաթիվ հյուրեր, ովքեր եկել են համտեսելու փռի կարտոֆիլը: Յուրաքանչյուր փռի մոտ հյուրասիրության սեղան է բացված՝ ծանրաբեռնված գյուղական հարուստ բարիքներով:

Վեցերորդ փռի պատասխանատու Սպարտակ Երվանդյանի թարթիչները խանձվել են աթարի կրակից, ծխացող փռից աչքերն արցունքոտվել են, սակայն նա վարպետորեն շարունակում է շրջել կարմրած կարտոֆիլները: Ասում է` իրենց համար նորություն է փառատոնը, հյուրերի համար՝ փուռը:

«Մարդիկ հերթով համտեսում են, իսկ վերջում կքվեարկեն, թե ո՛ւմ փռինն էր ամենահամեղը: Դե, կարտոլների մեջ էլ տարբերություն կա, իմը սարի է, քիչ ջրած, պարարտանյութ էլ տված չէ: Իսկական սրսուռ կարտոշկա է, ես գոմաղբով եմ իմ հողը փխրեցնում, ինչի համար էլ իմ կարտոշկեն խորոտ ա լինում»,- ասում է գանձակցի, երեք երեխաների հայր 40-ամյա Երվանդյանը:

Չնայած կենտրոնում վառվող խառույկին ու ծխացող փռերին, որոնք ջերմացնում են օդը, Գանձակում փչում է ձմռան ցուրտ քամին` իր հետ բերելով առաջին փաթիլները: Գանձակցիներն առաջարկում են ցրտի դեմ պայքարել տնական օղիով:

Հարևան Կարմիր գյուղից փառատոնին մասնակցող 70-ամյա Վոլոդյա Խաչատրյանն էլ ասում է. հասնել Գավառ ու արաղ չխմել անհնար է:

«Էս փուռը մեր կենցաղի մաս է կազմում: Կարտոշկի բերքահավաքին, երբ գյուղացիները դաշտերում աշխատում են, որպեսզի արագ ուտելու բան լինի, փռի կարտոշկա են անում ու ընդմիջմանը ուտում, հետն էլ պարտադիր խմում են, թե չէ չեն կարող լավ աշխատել»,- պատմում է 15 թոռների պապը:

4500 բնակիչ ունեցող Գանձակ գյուղական համայնքի ղեկավար Վանիկ Հարությունյանն էլ բացատրում է, թե ինչո՛ւ է փառատոնն անցկացնելու համար ընտրվել իրենց գյուղը: Գավառի նախկին վարչական շրջանում կարտոֆիլի ամենամեծ ցանքատարածությունները ուներ Գանձակը՝ 230-240 հա, որից ստանում են գրեթե 5000 տոննա համախառն ընդհանուր բերք, որից 3000 տոննան` պարենային նշանակության, 1000-ը` սերմացու ու նույնքան ներքին սպառման և անասնակերի համար:

«Գյուղացու ամագը, նվիրումը դեպի հողն ու այս մշակաբույսը շատ են: էս հողում 200 տարուց ավելի կարտոլ են մշակում, մենք այլևս մասնագիտացած ենք այս գործում, կարտոլն այլևս մեր այցեքարտն ա, մեր հպարտությունն ա, մեր հացի միջոցը, էս պահից` այլևս մեր բրենդը,- ասում է գյուղապետը: - Փառատոնը երեք նպատակ է հետապնդում՝ ճանաչելիություն, առաջարկ-պահանջարկ՝ որպես նոր շուկաներ գտնելու միջոց և ցույց տալու մեր նվիրումը այս մշակաբույսին, ի վերջո, կարտոլը նաև մեր պարենային անվտանգությունն է»:

Հյուրասիրության սեղաններից մեկն էլ ներկայացնում են Գանձակի մանկապարտեզի աշխատակիցները: Նրանք փռի կարտոֆիլի փոխարեն պատրաստել են կարտոֆիլից ժյուլիեն, խինկալի, տորթ, ռաֆայելլո, պիցցա, լցոնած կարտոֆիլ:

Մանկապարտեզի աշխատակիցներից 35-ամյա Լիաննա Մարտիրոսյանն ասում է. իրենց հողամասից ստացել են մոտ մեկ տոննա կարտոֆիլ, սակայն չեն վաճառում, սպասում են՝ թանկանա մինչև 180-200 դրամ, որպեսզի կարողանան շահած դուրս գալ:

«Դժվար է, գյուղի տղամարդիկ արտագնա աշխատանքի են գնում Չելյաբինսկ, Տյումեն, Նիժնի Նովգորոդ, Մոսկվա, Աստանա: Սեպտեմբերից սկսում են վերադառնալ մի քանի ամսով, մի խոսքով` կարտոլն իրեն չի արդարացնում»,- ասում է երկու երեխաների մայրը, ում ամուսինը նույնպես դրսում է:

Սպարտակ Երվանդյանն էլ ասում է, որ հրաժարվել է արտագնա աշխատանքից, վարձակալությամբ ձեռք է բերել ճապոնական տրակտոր, որով էլ աշխատում է մի քանի գյուղերի համար:

«Վար եմ անում, խոտ հնձում, կարտոշկա եմ քանդում, նորից աշնան վար անում: Էս քանի օրը մինչև 250 հազար դրամի աշխատել եմ, բայց դեռ պարտք են մնացել, ասում են՝ տղես խոպանից կգա` կտամ, է, խոպանից էլ գալիս են՝ առանց փողի, կամ էլ ասում են` փողի կուրսն ընկել ա: Ու սպասում ենք այդպես, բայց մարդկանց չեմ մերժում, կտան, էլի, ինչ անենք»,- հերթական կարմրած կարտոֆիլը փռից հանելով ասում է նա:

Եղանակը գնալով ցրտում է, բայց հյուրերը չեն հեռանում, փոխարենը լայնանում է Քոչարի պարողների շրջանակը, պարն օգնում է նաև տաքանալու:

«Ցուրտ ա, բայց հոգու ջերմություն կա, դե, մի 60 աստիճան էլ օղունն է, մի 37 աստիճանը` հյուրերի ջերմությունն է, ու վերջ՝ մրսելու տեղ չի մնում»,- ծիծաղելով ասում է գյուղապետ Հարությունյանը՝ միանալով պարողների շրջանին:

Փռի փառատոնի կազմակերպիչներն էին Գեղարքունիքի մարզպետարանը և «Վորլդ վիժն» կազմակերպությունը: