Բերքահավաքի ժամանակ. Հայաստանի մոլոկանները զբաղված են կաղամբի մշակությամբ

Բերքահավաքի ժամանակ. Հայաստանի մոլոկանները զբաղված են կաղամբի  մշակությամբ


Երկարավուն, շիկահեր մորուք ունեցող, կապուտաչյա մոլոկանները Հայաստանում առանձնանում են մյուսներից: Նրանց գյուղերը՝ կարմիր տանիքներով ու փայտաշեն երկնագույն տներով, նույնպես տարբերվում են: Տարվա այս եղանակին տների դարպասներին կաղամբի գլուխներ են ամրացված, ինչը նշանակում է, որ տանտերերը վաճառքի կաղամբ ունեն:


Լոռու մարզի Ֆիոլետովո և Լերմոնտովո գյուղերի մոլոկանների ապրուստի հիմնական միջոցը կաղամբն է, կարտոֆիլը, գազարն ու բազուկը:

Երևանից 125 կմ հեռավորության վրա գտնվող Լերմոնտովո գյուղի մոլոկանները կաղամբն են հավաքում: Գույնզգույն գլխաշորերով ու ռեզինե ճտքակոշիկներով մոլոկան կանայք կացնի մեկ հարվածով թռցնում են կաղամբի 5-7 կիլոգրամանոց ծանր գլուխները ցողունից ու նետում փափուկ հողին:

44-ամյա Մարինա Մակշանովան սակարկում է վանաձորցի գնորդների հետ՝ կաղամբի կիլոն 50 դրամո՞վ վաճառի, թե՞ 60-ով:

Ասում է` դժվարությամբ են վաստակում իրենց ապրուստը, ոտքի վրա են առավոտ 5-ից մինչև գիշերվա 12-ը: Մակշանովայի տղան մեկնել է արտագնա աշխատանքի Ռուսաստան, այստեղ են ինքը, ամուսինն ու աղջիկը:

«Տարիներ առաջ կյանքն ավելի լավ էր, հիմա մեծ մասը գնում է: Գյուղում կարի արտադրամաս կար, տղամարդու հագուստ էինք կարում, 1990-ականներին փակվեց: Ես ու ամուսինս երբեք չենք գնա, ինձ այստեղ դուր է գալիս: Ես, իմ ծնողները, պապերս այստեղ ենք ծնվել: Սիրում եմ Հայաստանը՝ իմ հայրենիքն է»,- ասում է Մակշանովան` հերթական կաղամբի գլուխը թռցնելով:

Գյուղը հիմնել են 1840 թվականին Ռուսաստանի Սարատովի մարզից Հայաստան աքսորված մոլոկան ընտանիքները, սկզբում կոչվել է Վոսկրեսենովկա, հետագայում՝ Լերմոնոտովո: Ժամանակին մոլոկաններին Ռուսաստանից աքսորում է Նիկոլայ Առաջինը` նրանց հեռացնելով ուղղափառ աշխարհից, որպես միայն Սուրբ հոգուն երկրպագող աղանդավորների:

Մոլոկանները բաժանվում են երկու խմբի՝ մի մասը հավատում է Աստծուն, մի մասը՝ Աստծուն և Սուրբ Հոգուն: Վերջիները հեռուստացույց չունեն տներում, թոշակ և նպաստ չեն ստանում, համարելով, որ դա իրենց արդար քրտինքը չէ:

Մոլոկանությունը սոցիալական բողոքի կրոնական ձևն էր ընդդեմ ճորտատիրության և ռուս ուղղափառ եկեղեցու:

Լերմոնտովոյում բնակչության 80 տոկոսը մոլոկան են` 1013 մարդ: Գյուղում ապրում են նաև հայեր ու եզդիներ:

Լերմոնտովոյի դեռ չքաղած կաղամբի կանաչ դաշտերը գարնան պատառիկներ են ուշ աշնան ծոցում: Փայտաշեն երկնագույն խրճիթները ռուսական մուլտֆիլմեր են հիշեցնում: Տանիքներին բացակայում են ալեհավաքները, տանը չունեն հեռուստացույց: Հայ հարևանները նրանց բնութագրելիս նշում են՝ աշխատասեր են, ազնիվ, ամուսնանում են միայն մոլոկանների հետ, շատ երեխա ունենում, ամուսնանալուց հետո մորուք են պահում, ինչպես պահանջում է կրոնը:

Գյուղի կենտրոնում գործող խանութի սեփականատեր Կարինե Դանիելյանը ասում է. գյուղի տներից մեկում մոլոկանների եկեղեցին է, ամեն շաբաթ օր նրանք նշում են իրենց կրոնական արարողությունները: Խանութի ապրանքներից էլ նախապատվությունը տալիս են թեյին, մոլոկանների հարսանիքի ու թաղման սեղաններից թեյն անպակաս է:

60-ամյա Տատյանա Շուտովայի մոխրագույն աչքերից ծոր տվող լուռ հայացքին հաջորդում են աշնան արևից գունավորված ալ կարմիր այտերը, ու նրա ժպիտը շաղախվում է ինքնատիպ բարությամբ: Բակի մի անկյունում լցված կաղամբի կողմը նայելով բացատրում է, որ առայժմ չեն վաճառել, դեռ նոր են հավաքել: Տնից կվաճառեն 50 դրամով, եթե տանեն Վանաձոր՝ 70-80 դրամով: Դժգոհությամբ է խոսում գյուղից հեռացողների մասին:

«Ում ենք մենք պետք էնտեղ՝ Ռուսաստանում, մենք ծնվել ենք էստեղ, փառք Աստծո, ապրում ենք: Մեծ տղաս վարորդ է, փոքրն աշխատում է Թեղուտի հանքում: Այս տարի 3 տոննա կաղամբ ու 1 տոննա կարտոֆիլ ենք հավաքել»,- ասում է երեք երեխաների մայրն ու 11 թոռների տատը:

Մոլոկաններն ազնվորեն ու մի քիչ էլ զարմացած խոստովանում են, որ երբեք չեն տեսել քաղաքական գործիչների իրենց գյուղում, իսկ Սահմանադրության հանրաքվեն նրանց անծանոթ է:

«Դե, Սարգսյան Սարգսյան, մենք նրան երբեք չենք տեսել աչքով, մեզ համար մեկ է»,-զարմացած ասում է Շուտովան:
Նրանց մոլոկան են անվանել այն պատճառով, որ պահքի շրջանում, ի տարբերություն այլ ուղղափառների, կաթնամթերք` մոլոկո (ռուսերեն` կաթ) են կերել, այստեղից էլ` «մոլոկան» բառը:

Գյուղի չորս խանութն էլ հայերինն են: Կարինե Դանիելյանն ասում է, որ մոլոկանները առևտրով չեն զբաղվում, փոխարենը զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ: Եթե շատերը մեկնել են արտագնա աշխատանքի, ապա տղամարդկանց մի մասն էլ Երևանում շինարարությունում է աշխատում, կանայք էլ մաքրում են բնակարանները:

Մոլոկանների հայտնի կաղամբի ու գազարի թթուն ժամանակին իրացրել են նախկին Խորհրդային Միության երկրներում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում... Հիմա շուկան փոքրացել է, իրացնում են միայն Հայաստանի տարածքում:

Մարինա Մակշանովան իր հերթին անկեղծանում է. «Դեռ չենք պատրաստել, նոյեմբերի վերջին նոր թթուն դնում ենք»: