Ալոեի «բացահայտումը». հայ ֆերմերը աճեցնում է անապատային բույսը վաճառելու նպատակներով

Ալոեի «բացահայտումը». հայ ֆերմերը աճեցնում է անապատային բույսը վաճառելու  նպատակներով

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Չնայած դրսում խոր աշուն է, սակայն Կարապետ Ավագյանի ջերմատանը գարնանային տրամադրություն է: Նա միակն է Հայաստանում, ով երկու տարի առաջ որոշեց զբաղվել հալվեի (ալոե) մշակությամբ` անապատային կենսագրություն ունեցող բույսը հարմարեցնելով հայաստանյան պայմաններին: Մասնագիտությամբ ինժեներ-երկրաբանը խոստովանում է. խոստացել էր իր համար բացահայտել հալվեի կոդը, հասկանալ կակտուսազգիների այս տեսակին և զարգացնել նրա արտադրությունը Հայաստանում:

«Բույսերը սովորաբար ծաղկում են, պտուղ տալիս, հասունանում ու վերջ: Ալոեն չունի բերքահավաքի ժամանակ: Այս բույսի մշակությամբ զբաղվելիս ասես տարին, ամիսը, օրը, ժամը կանգ են առնում: Սկիզբը, մեջտեղը ու վերջը չես կարողանում ընկալել: Ալոեի կոդը հենց ժամանակի հետ է կապված»,- պատմում է Կարապետ Ավագյանը, ով ապրում է Երևանից 25 կմ հեռավորության վրա գտնվող Արմավիրի մարզի Գայ գյուղում:

Մինչև հալվեի մշակությանն անցնելը` քրիզանթեմ ու ալստրոմերիա է աճեցրել, հետո որոշել է զբաղվել Հայաստանին անծանոթ բույսի մշակությամբ:

«Ինձ հետաքրքրում էր հենց այդ դժվարությունը, ինչպե՞ս կարող էի լուծել այդ խնդիրը, ո՞րն էր բույսի գաղտնիքը: Հիմա արդեն ինքս եմ բույսի սածիլները վաճառում, խորհրդատվություն տրամադրում, թող տարածվի Հայաստանում, մերն ունենանք»,- ասում է Ավագյանը:

Նա բացատրում է. երեք տարեկանից սկսած հալվեի տերևները հասունանում են ու կարելի է քաղել: Սովորաբար 1000 քմ ջերմատունը տալիս է 10 տ հալվեի տերև, իր 800 քմ ջերմատունը ամեն տարի պետք է տա 8 տ հալվեի տերև՝ 40 տարի շարունակ:

«Սակայն այդ 8 տոննան հենց սկզբից չի տալիս: Սածիլը դնում ես, բույսը սկսում է աճել, արմատներով տարածվել հողում: Մի քանի տարի հետո այս ամբողջ հողի տակը լցված կլինի արմատով: Ամուր հիմք է գցում՝ 100 տարի ապրելու համար: Երրորդ տարին տալիս է 2 տոննա, չորրորդ տարին` 3 տոննա, հետո նոր աստիճանաբար բարձրանում է մինչև 8 տոննայի, ու անընդհատ այդ 8 տոննան տալիս»,- բացատրում է նա:

Պատմում է, ինչպես է հարցումներ անցկացրել դեղատներում ու դեղագործական ընկերություններում, որպեսզի հասկանա, թե ինչ բույսի պահանջարկ ունեն: Արդյունքում` հալվեն ամենապահանջվածն է լինում, քանի որ Հայաստանում դրա մշակությունը դադարեցվել էր ԽՍՀՄ փլուզումից հետո:

«Պարսկահայ ընկեր ունեի, ասաց, որ սածիլները կարող է բերել Իրանից, որտեղ հսկայական բաց դաշտերում ալոե են աճեցնում: Մի քանի ամիս սկսեցի գրքեր կարդալ, ինտերնետով տեղեկատվություն հավաքել բույսի մշակության մասին: Հասկացա, որ երեք տարի սկզբում միայն ծախսելու եմ ու միայն դրանից հետո 40-50 տարի ստանալու եմ երկարատև, կայուն շահույթ»,- պատմում է Ավագյանը:






2013-ին մասնակցում է Համաշխարհային բանկի միջոցներով, գյուղատնտեսության նախարարության կազմակերպած «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագրին», ներկայացնում «Ալոե վերայի մշակության կազմակերպում ջերմոցային տնտեսությունում» ծրագիրը և շահում 16.000 դոլարի դրամաշնորհ:

«9000 դոլար միայն սածիլներն էին, ջերմատունը տաքացնում ենք գազով, դեռ այս տարի էլ վառելու ենք, մոտ 11 հազար դոլար էլ ես եմ դրել: Հիմա արդեն պայմանագիր ունեմ դեղագործական ընկերություններից մեկի հետ, հանձնելու եմ 1 կիլոն 3 դոլարով: Հետաքրքրությունը մեծ է բույսի նկատմամբ, բազմապրոֆիլ է, գնում է դեպի դեղագործություն, կոսմետիկա, հյութեր: Եթե ֆինանսավորում ունենայի, մի հատ էլ ջերմատուն կդնեի, բայց հիմա դժվար է, դեռ պիտի շահույթ ստանամ»,- ասում է նա:

Հաջորդ տարվա գարնանը Ավագյանը իր առաջին բերքահավաքը կունենա: Խոստովանում է, որ ինչ-որ չափով նաև ռիսկի է գնացել` ներդրում անելով հալվեի մշակության մեջ, պահանջարկը կա, սակայն նորություն է, ժամանակ է պետք, որ ընտելանան:

«Տեղական հյութ արտադրող ընկերություններին առաջարկում ենք սածիլներ, բայց վախենում են տեղում արտադրություն սկսել: Նրանք հյութը ներմուծում են Գերմանիայից,Կորեայից, Չինաստանից: 1 լ ալոեի հյութը 17-20 հազար դրամ է, մեզ մոտ վաճառում են 13%-անոցը, այսինքն` հյութը 7 անգամ նոսրացնում են: Ասեմ, որ ինչպես Հայաստանի միրգն ու բանջարեղենը որակապես բարձր են, այնպես էլ մեր աճեցրած ալոեն որակապես շատ ավելի բարձր է»,- բացատրում է Ավագյանը:

Բժշկին յուրահատուկ ձևով բացատրում է, որ բույսն օգտագործում են ստամոքսաղիքային համակարգի, աչքի, բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների դեպքում, կանխարգելում է սրտամկանի ինֆարկտը:

«Վայրի, անհասկանալի բույս է, ինչ ուզում ես արա հետը, ինքն անընդհատ աճում է, շատ պնդերես է, անընդհատ ցողուն է տալիս, հետաքրքիր էներգետիկա ունի, օգտագործելիս մարդու ներքին ծրագիրը կարգավորում է: Այս բույսի մի 40 տոկոսն եմ դեռ հասկացել, բայց դեռ կբացահայտեմ...»- ասում է նա և ցույց տալիս վաճառքի համար նախատեսված 1-8 տարեկան 6000 պատրաստի սածիլները, որոնք վաճառում է 700-1200 դրամով: