Զինվորի հայրը. զոհված զինվորի ծնողը կրկին ցանկանում է բանակ գնալ

Զինվորի հայրը. զոհված զինվորի ծնողը կրկին ցանկանում է բանակ գնալ

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

«Էս էրեխու խաթր ես 15 տարի առաջ զինվորական ֆորմեն հանեցի հագիցս, հիմա էլի պատրաստ եմ հագնել, ես վրեժ ունեմ, էրեխուս 8 տեղից խփել էին…»,- 2015-ին 20 տարեկանում զոհված Արշակ Հարությունյանի հոր՝ Կարեն Հարությունյանի խոսքերն են, ով որդու մահից հետո որոշել է մտնել զինված ուժեր և հակառակորդի դեմ պայքարում իր ներդրումն ունենալ:


Կարենի որդին՝ Արշակը, մեկն է այն մի քանի զինծառայողներից, որոնց մարտի 19-ին դիրքերից իջնելիս պատահել էր հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը: Այս տարվա ամենաշատ զոհեր՝ չորս հայորդու կյանք խլած դիվերսիան էր դա: Սակայն տղաները ոչ միայն չէին նահանջել դիվերսանտներին տեսնելիս, այլև կռիվ էին տվել ու հատուկ պատրաստված հակառակորդի պլանները ձախողել:

Կարենը միացնում է որդու մահվան վայրում արված տեսագրությունը, ուր գնացել էր դեպքից շուրջ երկու ամիս անց: Ղարաբաղյան փարթամ անտառները բնական վահան են եղել հակառակորդի համար, և նրանք աննկատ կարողացել են սողոսկել դեպի հայկական դիրքեր:

«Ստեղ, այ էս կրակոցի հետքերը մնացած ծառի մոտ, Արշակն ա կանգնած եղել, ստեղ` Հակոբը, Էդուարդը, ստեղ էլ` Սամվելը,- տեսագրության մեջ հնչում է երիտասարդ լեյտենանտի ձայնը, ով թվարկում է տղաների անունները, որոնց մասին արդեն հավերժ անցյալով են խոսում: - Ստեղ էլ իրանց վեշերն էր, սաղ արյուն էր եղել, բայց իրանցից (հակառակորդից) հետ գնացող չի եղել, էդ հաստատ ա, իրանք ուրիշ դիրք պետք ա գնային, էրեխեքին են հանդիել ու կողքից պերեստրելկեն սկսել ա, Արշակը ՊԿ-իստին ա [пулемёт Калашникова] պահել, դիվերսիային միշտ առաջինը ՊԿ-իստին են խփում, բայց Արշակը կանգնել ա էդ տղու դեմ, որ նա դիրքավորվի ու կրակի, էդ պահին մի հատ խփել են Արշակին, ընգել ա, հետո վեր ա կացել, էլի վազել ա, հետո էլի են խփել, ութ տեղից կրակել են»:

Այս դիվերսիոն հարձակման հետևանքով հերոսաբար ընկած այս չորս տղաները ծնվել էին պատերազմի հարաբերական ավարտից հետո՝ 1995-ին, երբ ամիսներ էին գլորվել 1994-ի մայիսից, երբ մի կողմից Հայաստանի և Ղարաբաղի, մյուս կողմից` Ադրբեջանի միջև կնքվեց հրադադարի մասին պայմանագիր: 1995-ին, երբ թվում էր, թե պատերազմն անցյալում է, երբ թվում էր, թե այն այլևս չի սպառնալու, և ժամանակն է որդիներ ծնելով լուծել զոհված տղաների վրեժը:

2015-ի տարեսկզբից հայկական կողմն ունեցել է ավելի քան 4 տասնյակ մարտական զոհ, որոնց հիմնական մասը` հրադադարի սերունդ: Առհասարակ, 2015-ը հրադադարից հետո ամենամոտն էր պատերազմին, այս տարի հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտում էր ոչ միայն կրակելով խոշոր տրամաչափի զենքերից, այլև օգտագործելով նույնիսկ տանկ:

«Էն վախտ ո՞վ կմտածեր, որ դեռ զոհեր ենք ունենալու: 1998-2001-ին Քարվաճառոմ աշխատել եմ հրաձգարանի պետ: Որ գալիս էի տուն, Արշակս կողքիցս հեռու չէր գնում, իրենք Երևանում էին, ես` էնտեղ: Կռիվ չկար, բան չկար, որոշեցի դուրս գալ ու հետ վերադառնալ Երևան՝ ընտանիքիս մոտ: Էն ժամանակ մտքովս էլ չէր անցնի, որ մի օր իրավիճակն էսքան թեժանալու ա, ու ես էլի ուզենալու եմ բանակ մտնեմ»,- ասում է Կարենը:

42-ամյա հայրը, ով բացի Կարենից նաև մեկ որդի էլ ունի, զորացրվել է բանակից որպես ենթասպա, դիմել է Հայաստանի պաշտպանության նախարարություն՝ բանակ զորակոչվելու համար: Այժմ սպասում է հրամանին, որպեսզի մեկնի ծառայության:

«Արշակիս դեպքի համար ես ոչ մեկին չեմ մեղադրում, ինքն ա որոշել կռիվ տալ, կարող ա` կռիվ չաներ, փախներ ու հիմա կողքիս լիներ, բայց չէ՛, ինքն էդ տեսակը չէր: Երևի միայն ինձ եմ մեղադրում, որ իր կողքին չէի, դրա համար հիմա ուզում եմ զորակոչվեմ, որ գոնե մյուս տղերքի կողքին լինեմ: Իմ վրեժի ծարավն անցել ա երկրորդ պլան, ես բանակ ավելի շատ ուզում եմ մտնել, որպեսզի գոնե մի էրեխու կյանք փրկեմ, իհարկե, ընթացքում ես իմ վրեժը կլուծեմ,- ասում է Կարենը՝ հավելելով, որ ՊՆ-ից առաջարկել են պայմանագրային ծառայության անցնել, ինչը սակայն մերժել է: - Ախր, պայմանագրայինները հասուն մարդիկ են, իրանք գիտեն` ինչ են անում, մտածում են, ես ուզում եմ ժամկետայինների հետ լինել, իրենք փոքր են, տաքարյուն են: Մտածում եմ, որ իմ էրեխու կողքին էլ մեծ լիներ, միգուցե մի բան այլ լիներ, կարող ա` մեծն իրա վրա վերցներ հարձակումը, մինչև էրեխեքը դիրքավորվեին»:

2014-ի օգոստոսյան էսկալացիայի ժամանակ մի խումբ կամավորներ, նախկին ազատամարտիկներ միախմբվեցին և մեկնեցին սահման՝ միասնական ուժերով հակառակորդին դիմագրավելու համար:

Կարենը վստահ է` Աստված մի արասցե, եթե պահը գա, ապա հայերը միանշանակ կրկին կմիավորվեն ու հերթական հաղթանակը կտոնեն:

«Չնայած բազմաթիվ դժվարություններին` ես վստահ եմ, որ մենք պատրաստ ենք պատերազմի, մեր ազգը սաղ կյանքն էլ վտանգի մեջ ա եղել, դրա համար էլ միշտ պատրաստ ենք: Մի բուռ ազգ ենք` օրական հերոս ենք տալիս: Էսօրվա դիրք պահող տղերքը մինչև վերջ էլ կարող են պայքարել, ուղղակի ես չեմ ուզում` իրանք կանգնեն, իրանք թող երկրորդ պլան կանգնեն: Էդ նույն սերունդն իհարկե քաղաքում իրենց շատ լկտիավարի ա պահում, թեկուզ տրանսպորտում, նստում են, տարիքով մարդ են տեսնում` տեղ չեն տալիս, բայց էնտեղ լրիվ ուրիշ են, երևի համազգեստն ա էրեխեքին տենց սարքում, կամ երևի հասկանում են, թե իրանց վրա ինչ մեծ պատասխանատվություն ունեն»: