Փորձի՛ր «Նաիրիան»-ը. ծրագրավորող զույգը սկսում է բնական կոսմետիկայի հայկական արտադրությունը

Փորձի՛ր «Նաիրիան»-ը. ծրագրավորող զույգը սկսում է բնական կոսմետիկայի հայկական արտադրությունը

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

«Փորձի՛ր ինձ»՝ «Նաիրիան» կոսմետիկայի տուփին գրված տողերը կարդալուց և ծիրանի հումքով պատրաստված քսուքի հոտն առնելուց հետո առաջինը համտեսի ցանկություն է առաջանում:

Իսկապես, ծիրանի ջեմ հիշեցնող անկրկնելի բույրով քսուքը կարելի է ոչ միայն օգտագործել մաշկի խնամքի համար, այլ նաև անարգել համտեսել՝ արտադրողները վստահեցնում են՝ ոչինչ չի պատահի:

Պատճառը հարյուր տոկոսանոց բնական հումքն է՝ զերծ քիմիական և սինթեզված նյութերից:

Իսկ ամեն ինչ սկսվեց չորս տարի առաջ, երբ Հայաստան կատարած ճամփորդությունների ժամանակ ծրագրավորող Մարկոսյանների ընտանիքը որոշեց Հայաստանի հետ կապված մի նոր բան ստեղծել՝ օգտագործելով տեղի բնական հումքը և մարդկային ներուժը:

53-ամյա Արա և Անահիտ Մարկոսյանները 25 տարի առաջ Հայաստանից տեղափոխվել են ԱՄՆ՝ Սիլիկոնային հովտում որպես ծրագրավորող աշխատելով: Սակայն, ինչպես «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում նշում է Արա Մարկոսյանը, նույն զբաղմունքը հոգնեցնում է, իսկ 90-ականների վերջից պարբերաբար հայրենիք այցելելով՝ որոշում են Հայաստանի հարուստ բնությունն օգտագործելով` բնական կոսմետիկայի արտադրություն սկսել:

«Իրականում մտահղացումը ծնվեց կնոջս մոտ, նա առաջարկեց եթերայուղերի արտադրամաս ստեղծել, որին սկզբում ես ու որդիս թերահավատորեն մոտեցանք, բայց հետո մտածեցինք` իսկ ինչու ոչ»,- ասում է Արա Մարկոսյանը:

4 տարի առաջ Անահիտ Մարկոսյանը Կալիֆորնիայում արոմաթերապևտի որակավորում է ստացել և ամբողջությամբ նվիրվել այդ արտադրության ստեղծմանը:

«Նաիրիան» բրենդի համահիմնադիրը նշում է, որ հակառակ տարածված թյուր կարծիքի, թե իբր Հայաստանում չկան բնական պայմաններ նման արտադրություն սկսելու համար, իրականությունն այլ է: Հայկական լեռնաշխարհի կլիմայական պայմանները հիանալի են տարբեր բույսեր աճեցնելու համար:





Ամենակարևոր նախապայմանը գործարարը համարում է Հայաստանի մաքուր ջուրը, հավելելով, որ ստացված բոլոր բաղադրիչները բարձրորակ են և ոչնչով չեն զիջում ամերիկյան, եվրոպական կամ ճապոնական համարժեքներին:

«Նաիրիանի» արտադրամասը գտնվում է Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտի Արագյուղում, որտեղ աշխատում են քիմիկոսների, տեխնոլոգների, մեխանիկների մեծ թիմ՝ սեփական արտադրության սարքերով:

50-ից ավելի բաղադրամասեր մշակած ընկերությունը վաճառքը սկսել է երեք ամիս առաջ՝ թողարկելով 26 անուն ապրանք բնական հումքի վրա՝ օճառներ, քսուքներ, մաշկի և մազերի խնամքի միջոցներ:

Արա Մարկոսյանը չի ժխտում, որ այն, ինչ իրենք են ներկայացնում, չի կարող փոխարինել մաշկի բուժմանն ուղղված արմատական միջոցներին, ինչպիսիք են, օրինակ, երիտասարդացնող պրոցեդուրաներն ու պլաստիկ վիրահատությունները, բայց կարող է հիանալի այլընտրանք դառնալ մաշկի խնամքի համար:

Խոսելով կոսմետիկայի բարձր գնի մասին` նա չհամաձայնեց, որ այն թանկ ապրանքանիշ է.

«Յուրաքանչյուր ապրանք ունի իր գինը, որը պայմանավորված է արտադրական տարբեր փուլեր անցնելով, հավելվող բաղադրիչներով և այլ գործոններով: Այնպես որ, եթե համեմատեք հայտնի բրենդների հետ, կտեսնեք, որ թանկ չէ»,- ասում է նա, հավելելով, որ հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, ներկայումս տարբեր նախագծեր են մշակում ոչ բարձր եկամուտ ունեցող մարդկանց գրպանին հարմար համապատասխան արտադրանք թողարկելու համար: Այս մասին առավել մանրամասն կհայտարարվի մարտի 1-ին՝ կանանց մեկամսյակի նախօրեին:

Գործարարը նաև նշում է, որ փորձել են նաև իրենց արտադրանքն արտահանել ԱՄՆ և Ռուսաստան, որտեղ մեծ հետաքրքրություն կա բնական կոսմետիկայի նկատմամբ, բայց լինելով փոքր ընկերություն` առայժմ ռեսուրսները չեն բավականացնում տարբեր ուղղություններով արագ ընդլայնվելու համար:

Խոսելով բրենդի անվանման մասին` Արա Մարկոսյանը նշում է, որ «Նաիրիան»-ը շատ հայեցի անվանում է, որի մեջ կա կանացիություն, ու կարծես հայկական ազգանուն լինի: