Գոշ. «ուրցի հոտով» զբոսաշրջային ուղղվածությամբ գյուղ

Գոշ. «ուրցի հոտով» զբոսաշրջային ուղղվածությամբ գյուղ


Կղմինդրե կարմիր տանիքները տեղ-տեղ դեռ ծածկված են ձյան սպիտակ շերտով, մինչդեռ լեռնային թարմ օդը բուրում է գարունով: Ձնհալից կպչուն ցեխակույտեր են առաջացել գյուղի նեղլիկ փողոցներում, իսկ ասֆալտապատ կենտրոնում վաճառասեղաններին հուշանվերներ են, խոտաբույսեր, ձեռքի աշխատանքներ:
Գոշավանքի վանական համալիր
Վաղինակ Գրիգորյան
Քնարիկ Ամիրյան


Վաճառասեղանի մոտ կանգնած կնոջ այտերը ձմռան արևից ու քամուց կարմրել են, ձեռքերը՝ կոշտացել: Առաջարկում է զգալ վաճառվող խոտաբույսերի հրաշալի սարերի բույրը, բացատրում դրանց օգտակարությունը առողջության համար և առաջարկում գնել՝ մեկ փաթեթավորված տուփը` 500 դրամ (1 դոլար):

«Ուրց է, դաղձ է, էս մեկը սարի ծաղիկների խառը փունջ է, երիցուկ... Օգտագործեք, առողջ կլինեք»,- ասում է Երևանից 118 կմ հեռավորության վրա գտնվող Տավուշի մարզի Գոշ գյուղի բնակիչ Նինա Բաբասյանը: Գյուղի` հայտնի զբոսաշրջային կենտրոն լինելը նա օգտագործում է իր համար որպես եկամտի աղբյուր:

«Ամռանը գործն ավելի լավ է լինում, մեր չորս հոգանոց ընտանիքը յոլա եմ տանում, օրը 5-20 հազար (10-40 դոլար) դրամ գոնե աշխատում ենք, իհարկե` նայած օր»,-ասում է Բաբասյանը:

1840-ականներին հիմնված գյուղի կենտրոնում է գտնվում միջնադարյան հայ նշանավոր առակագիր, օրենսդիր Մխիթար Գոշի անունով կոչվող Գոշավանքի վանական համալիրը, որի շնորհիվ էլ գյուղը համարվում է Հայաստանի հայտնի զբոսաշրջային վայրերից մեկը:

Գոշեցիները համոզված են. 1200 բնակչություն ունեցող գյուղի ապագան տուրիզմի խթանումն է: Գյուղի կենտրոնում երկու նորակառույց հյուրանոցներ կա:

«Այնպես պետք է զարգացնենք, որ տուրիստը գա ու գիշերի Գոշում, ոչ թե Երևանից զբոսավարը բերի ու երեկոյան տանի Երևան: Ինքս աշխատում եմ զբոսավարների հետ, մշակված երթուղիներ ունեմ, որոնցով քայլում ենք տուրիստների հետ՝ 22 կմ: Նրանց հետաքրքրում են անտառը, ջրվեժները, հնավայրերը, լիճը»,- ասում է գոշեցի Սուրեն Գրիգորյանը:

Նա նշում է, որ հիմնականում Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներն են նախընտրում լինել իրենց վայրերում: Գալիս են քայլել սիրողները, մինչև 80 տարեկան մարդիկ, որոնց հետաքրքրում է բնությունը:

«Դիմելու ենք Տարածքային զարգացման հիմնադրամ, որպեսզի միջոցներ տրամադրեն գյուղում ընտանեկան տուրիզմը զարգացնելու համար, ինչու չէ` նաև էկոտուրիզմը, ագրոտուրիզմը, Ծաղկաձորից ավելի լավ վայրեր ունենք,- ասում է Գրիգորյանը ու, մատնացույց անելով վանքի բակում հավաքված տղամարդկանց, ավելացնում,- արդեն մի 15 հոգի գնացել են Ռուսաստան, սեզոնը բացվել է»:

Ինչպես Հայաստանի մյուս մարզերից, Գոշի տղամարդիկ նույնպես գարնանը մեկնում են Ռուսաստան արտագնա աշխատանքի, հիմնականում` Ստավրոպոլի, Կրասնոդարի երկրամասեր, Մոսկվա: Կատակելով ասում են. «Ստավրոպոլում ավելի շատ գոշեցի կա, քան Գոշում»:

«Ընտանիքներին հիմա չեն տանում, բայց գյուղում արդեն մի 100 դուռ փակ է: Ռուբլու արժեզրկումն էլ մարդկանց ստիպել է այս տարի անցնել Սիբիրի կողմերը աշխատելու, շատերն էլ չգիտեն՝ մնա՞ն, թե՞ գնան»,- ասում է Գրիգորյանը:

Գյուղի տները կառուցված են սանդղավանդի վրա` աստիճան առ աստիճան: Բարձր դիրքից գյուղն ասես գրկած լինի Գոշավանքը:

Գյուղացիներից Վաղինակ Գրիգորյանի տան բակում իրարանցում է: Խորովածի բույրը, վազվզող երեխաների, հորաքույր-մորաքույրերի աղմուկը հեռվից է լսվում: Գրիգորյանն ասում է` տղան բանակում է ծառայում, այսօր երդմնակալության արարողությունն է:

«Հարազատներս են, սպասում ենք մեր զինվորին, թույլ են տվել մի քանի ժամով տուն բերել»,- ասում է երեք երեխաների հայրը:

Գրիգորյանն արտագնա աշխատանքի չի մեկնում, կով է պահում, մասնակցում եկեղեցու վերանորոգման աշխատանքներին:

Ինչպե՞ս են ապրում հարցին պատասխանում է. «Առաջ գյուղում գործում էր Դիլիջանի «Իմպուլս» գործարանի մասնաճյուղը, ժողովուրդը գործ ուներ, կնանիքն աշխատում էին կարի արտադրամասում, հիմա բան չկա: Մնացել են անասնապահությունը, խոպանը, թոշակն ու նպաստը, մեկ էլ անտառի բերքը`սոկոն, մոռ, մոշ, անտառի մրգերից տնական օղի ենք քաշում: Էդ ամեն ինչը տանում ու վաճառում ենք Իջևանում, Դիլիջանում, Երևանում»:

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, ընթանում են գազիֆիկացման աշխատանքներ, մանկապարտեզ չունի: Խանութներում, ինչպես ամենուրեք, նիսյայի ցուցակներ են, որոնց մի մասը փակում են թոշակի ու նպաստի օրերին, մի մասն էլ` երբ Ռուսաստանից ուղարկած գումարները գյուղ են հասնում:

55-ամյա Քնարիկ Ամիրյանի երկու որդիները Մոսկվայում են աշխատում, ինքն էլ գյուղում չորս կով է պահում, կաթից պանիր սարքում, վաճառում 1 կգ-ն 1000-1500 դրամով:

«Փոքր տղիս ընտանիքը մեզ հետ է այստեղ: Ռուբլին գինը գցել ա, եթե էս անասունները չունենանք, հավատացե՛ք` էդ ուղարկած փողը ոչ մի կոպեկի արժեք չի ունենա: Գյուղացին չի ծուլանում, ապրելը դժվար ա դարձել: Մեր հողերը բարձր կարգի չեն: Բոլորը չեն, որ անասուն ունեն, ուժերը չեն պատում, գումար չունեն, ծախսերը շատ են: Մարդ էլ կա` զահլա չունի՝ գոմ մտնի»,- պատմում է Ամիրյանը:

Տան պատշգամբից ցույց տալով դիմացի լեռները` ասում է. կանաչը դուրս եկավ թե չէ, կանայք հավաքում են տարբեր տեսակի բանջար՝ վաճառում, թթու դնում, չորացնում:

«էն սարի ամբողջ դոշը ուրց ա: Ես սաղ տարին հավաքում եմ, մենակ քաղում եմ, էն մինը վաճառում է, խանութներին ենք հանձնում, տուրիստները սիրում են մեր ուրցը: Մարդ կա` էդ ուրցով մենակ տուն ա պահում»,- բացատրում է Ամիրյանը:

Գոշի ուրցը յուրահատուկ համ ունի, հիշեցնում է սարերի բույրն ու զով քամիները, իսկ Հայաստանից հեռու զբոսաշրջիկներին՝ Հայաստանի բույրը: Ամիրյանը համոզված է. ուրցը կարող է դառնալ Գոշի «բրենդը»: