Ապամոնտաժման պատմություն. բնակիչներն ասում են` քաղաքի կենտրոնում իրացման նախագիծը վտանգում է ստորգետնյա գինու մառանները

Ապամոնտաժման պատմություն. բնակիչներն ասում են` քաղաքի կենտրոնում իրացման նախագիծը վտանգում է ստորգետնյա գինու մառանները

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Պատմական Երևանի դիմագիծը կրող պատմամշակութային հնագույն շենքերն աստիճանաբար ոչնչացվում են: Հերթական քաղաքաշինական աղմուկը Երևանի փոքր կենտրոնում գտնվող՝ Պուշկինի-Աբովյան-Արամի փողոցների շենքերի և գինու ստորգետնյա հնագույն մառանների ապամոնտաժումն է և այդ հատվածներում բազմաֆունկցիոնալ շինությունների կառուցումը, որն ըստ մասնագետների` հարված է հասցնում ոչ միայն Երևանի ճարտարապետական նկարագրին, այլև նրա զբոսաշրջային գրավչությանն ու գինեգործությանը:


Պուշկինի 4 հասցեում գտնվող շենքը, որի պատին փակցված է «Պահպանվում է պետության կողմից» ցուցանակը, մայրաքաղաքի պատմությունը կրող եզակի կանգուն կառույցներից մեկն է: Շենքի նկուղային հարկում գինու թաքնված մառանն է, որտեղ ժամանակն ասես կանգ է առել, սակայն հնամենի մառանի պատերը դեռևս բուրում են գինով:

«Հենց մեր ոտքերի տակ է մառանը, ուղտերով բերել են խաղողը, պատուհանից լցրել են խողովակի մեջ, հետո ճզմել են, լցրել կուժերի մեջ ու խաղողը կամաց-կամաց գինի է դարձել: Կարասի բերանը կա ու հստակ երևում է, մոտ 5 մ խորություն ունի այդ կարասը»,- պատմում է Պուշկինի 4 հասցեում բնակվող Աշոտ Կիլիկյանը:

Հիշողությունների պահոցից 84-ամյա Կիլիկյանը հնչեցնում է հայտնի մարդկանց անունները, ովքեր ժամանակին ապրել ու ստեղծագործել են Պուշկինի 4-ի հասցեում:

«Տունը պատկանել է նշանավոր գինեգործ Վասիլ Թաիրովին, և հենց նկուղում էլ 19-րդ դարում նա անձամբ գինի է պատրաստել, այստեղ է ապրել նաև Երևանի առաջին գլխավոր ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանը, Վասիլ Թաիրովի տղայի՝ Մկրտիչ Թաիրովի կինը՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Անիկ [Անահիտ] Մկրտումյանը»,- հպարտությամբ պատմում է Կիլիկյանը:

Կիլիկյանները տունը ձեռք են բերել 1953 թվականին Անիկ Մկրտումյանից: Շենքի հարևանությամբ գործել է Երևանի առաջին ատամնաբուժարանը, մյուս մասում՝ հայտնի պանրի արտադրություն է եղել, առաջին անգամ ծորակից ջուր է հոսել հենց Պուշկինի 4-ի բակում:

Աշոտ Կիլիկյանի փեսան՝ Կարեն Գրիգորյանը, ասում է. բոլոր շինությունների նկուղներում մառաններ են, որոնք ասես մեկը մյուսի տրամաբանական շարունակությունը լինեն: Բակերը միացված են եղել դալաններով, իսկ գետնի տակ՝ մառաններով: Աբովյան փողոցում գործող հայտնի «Դալան» սրճարան-խանութը հենց այս շինությունների մի մասն է կազմում:

«Հնագույն շենքերը հետաքրքիր են զբոսաշրջության տեսանկյունից: Թեպետ մեր երկրում տուրիզմը և գինեգործությունը հայտարարված են որպես տնտեսության գերակա ճյուղեր, սակայն անխնա ոչնչացվում են այն շենքերը, որոնք քաղաքի պատմության մի մասնիկն են և հետաքրքիր են տուրիստների համար: Այս քաղաքականության հետևանքով մենք կորցնում ենք քաղաքի դիմագիծը, որից շատ դժվար է տուրիստական պրոդուկտ ստեղծել և վաճառել»,- ասում է «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը:

Անցյալ շաբաթ կառավարության նիստից հետո քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշել էր, որ Պուշկինի փողոցում գտնվող հուշարձաններն ու դրանց նկուղներում առկա մառանները չեն քանդվի:

«Ուղիղ «Դոլմամայի» դիմաց` Աբովյան փողոցի անկյունում, կա հուշարձան-շենք, որը ևս նույն կառուցապատողինն է, և այնտեղ ևս կային նկուղներ, որոնք ամբողջությամբ պահպանվել, զարգացվել են, և ես վստահ եմ, որ այստեղ էլ այդ նկուղները չեն քանդվելու: Վստահ եմ, երբ որ լինի առաջադրանք՝ ինչ կարելի է, ինչ չի կարելի, առաջադրանքում պետք է ամրագրվեն բոլոր սահմանափակումները, իսկ սահմանափակումները կլինեն հուշարձանները տեղում պահպանելու, այդ թվում նաև` նկուղները, որոնք արժեքավոր են»,- ասել է նախարար Սարգսյանը:

Գինեգործները քանդելու և ապամոնտաժելու փոխարեն առաջարկում են իշխանություններին վերականգնել և վերակառուցել «ստորգետնյա մառանների Երևանը»՝ օգտագործելով այն զբոսաշրջության մեջ:

«Մենք այդ մառանները շնորհ ենք ստացել: Նրանք մեր գինեգործության պատմության հուշարձաններն են: Սակայն այսօր այդ հարստությունից օգտվելու փոխարեն մեր ձեռքով քանդում ենք այն»,- ասում է «Տրինիտի» գինեգործական ընկերության տնօրեն Հովակիմ Սաղաթելյանը:

Շաբաթվա սկզբին անհայտ անձինք գիշերով կողոպտել են 175 տարվա պատմություն ունեցող Կիլիկյանների նկուղը, կոտրել դռներն ու պատուհանները: Իրացման գոտում հայտնված Պուշկինի 4 տան բնակիչները չեն բացառում, որ այսկերպ փորձում են իրենց ահաբեկել, թեև որևէ մեկին չեն կասկածում։

Պուշկինի 4 և հարակից տարածքները կառավարության 2013 թվականի որոշմամբ ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ և ձեռք բերվել «Լոկալ դեվելոփերս» շինարարական ընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի կողմից:

«Ընկերությունը մեզ առաջարկում է փոխհատուցում՝ 196 մլն 100 հազար դրամով, մինչդեռ մենք վճարել ենք մասնավոր մի ընկերության, ովքեր մեր 932 քմ տարածքը գնահատել են 618 մլն 141 հազար դրամ։ Մեզ կողոպտում են, մեզանից գողանում են 400 մլն դրամ, հենց այնպես վերցնում են ու չկա»,- ասում է տանտերը՝ Աշոտ Կիլիկյանը և ավելացնում, որ դատական հայց են ներկայացրել «Լոկալ դեվելոփերս» ընկերության դեմ՝ պահանջով, որ ընկերությունն ավելացնի այդ տարածքի դիմաց տրվող փոխհատուցման գումարը: