Հաղարծինի նիսիայով կյանքը. հայկական գյուղի բնակիչները ծայրը ծայրին են հասցնում չնչին եկամուտով կամ դրսից ուղարկված փողով

Հաղարծինի նիսիայով կյանքը. հայկական գյուղի բնակիչները ծայրը ծայրին են հասցնում  չնչին եկամուտով կամ դրսից ուղարկված փողով


Գյուղի կենտրոնում հավաքված տղամարդիկ, մեջքները գարնան տաք արևին տված, քննարկում են իրենց համար ամենակարևոր թեմաները՝ Ռուսաստանի ո՞ր քաղաքն են մեկնելու այս տարի, և արդյո՞ք ռուսական ռուբլու արժեզրկումը չի ստիպում նրանց մնալ տեղում:


«Ութ տարի՝ գնացել-էկել եմ, էլ չեմ գնում, հերիք ա: Գյուղում անասուն եմ պահում: Բայց մեկ ա` վատը էն ա, որ հիմա էլ գնացողները մի բանի մասին եմ մտածում՝ գան ու ընտանիքներին էլ տանեն: Պակասում է ժողովուրդը, պակասում, այ է՛դ ա վատը: Տեղից գյուղում լիքը փակ դռներ կան, բայց հո չե՞նք կարող բոլորով վեր կենալ ու գնալ, բա մեր հողն ու ջո՞ւրը»,- ասում է Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ երեք երեխաների հայր 60-ամյա Գառնիկ Աղաջանյանը:

Երևանից 110 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ: Գարնան շեմին խոպանչիների մի մեծ բանակ լքում է գյուղը ու կրկին տուն վերադառնում արդեն խոր աշնանը` սեփական հարկի տակ անցկացնելով ընդամենը երեք ամիս: Ընտանիքները տարվա մեծ մասն անցկացնում են առանց հայրերի ու որդիների` այդ ընթացքում գոյատևելով Ռուսաստանից փոխանցվող գումարներով, կենսաթոշակով ու նպաստով:

Հաղարծինցի Կարեն Թամոյանը նեղսրտած ասում է. «Ես գիտես ի՞նչ կուզեմ` ես կուզեմ գնամ ու էլ վաբշե չգամ, թե պետք ա սենց լինի: Մեր ամենալավ վարպետին Մոսկվայում թող 50 հազար ռուբլի տան, մարդ կա` էստեղ չորս էրեխա ունի, դե, սաղ փողը չի կարող ուղարկել, ինքն էլ ա էնտեղ մնում, դե, մի 20 հազառ ռուբլի թող ուղարկի: 20 հազարն էլ ի՞նչ ա անում, մի 100 հազար (206 դոլար), էդ 100 հազար դրամով ո՞նց պետք ա պահի էդ էրեխանցը: Հաստատ` ճիշտը ընտանիքով գնալն է»,-ասում է ամեն տարի արտագնա աշխատանքի մեկնող Թամոյանը:

Պաշտոնապես երկարաժամկետ աշխատանքի նպատակով Հայաստանից Ռուսաստան է մեկնել շուրջ 1,2 միլիոն հայաստանցի, ևս 100 հազար ՀՀ քաղաքացի ամեն տարի մեկնում է կարճաժամկետ աշխատանքի: 3842 բնակչություն ունեցող Հաղարծինում ուրվագծվում է Հայաստանի սոցիալ-տնտեսական ամբողջ պատկերը:

Գյուղացիներից 75-ամյա Բորիս Թամրազյանի երկու որդիներից մեկը Մոսկվայում է, մյուսը՝ գյուղում:

«Տղես Մոսկվայում՝ Կուտուզովսկի պրոսպետկի վրա, խանութներ ունի, ռեստորան ունի, աշխատում ա, մենք նրանով ենք ապրում: 10 հազար ռուբլի ուղարկում էր, առաջ ստանում էի էլի մի 120 կամ 100 հազար դրամ (247-206 դոլար), հիմա ստանում եմ 60 հազար (123 դոլար)»,- ասում է Թամրազյանը:

Հաղարծինցիների մեծ մասը մեկնում է Նովոսիբիրսկ, շատերն այնտեղ մշտական բնակություն են հաստատել:

Ռուբլու արժեզրկումը ազդել է նաև գյուղի խանութների վրա: Ինչպես Հայաստանի մնացած գյուղերում, այնպես էլ Հաղարծինում նիսիայով ապրանք գնելը բացառություն չէ: Գյուղի կենտրոնում գտնվող Վերգուշ Ստեփանյանի խանութը, որը խորհրդային շրջանում գրեթե 50 տարի ծառայել է որպես վարսավիրանոց, նիսիայի ոչ թե մեկ, այլ մեկ տասնյակից ավելի տետրեր ունի:

Ասում է` ամեն օր տետրերը հետը տանում է տուն ու նորից բերում խանութ, ամեն օր հաշվում է, նորից փակում ու շարունակում սպասել, թե գյուղացիները ե՛րբ կկարողանան պարտքերը վճարել:

«Էս հին տետրերս ա, ամբողջ օրը հիտս տանում եմ, պիրում, ավելի շատ ա գումարը, քան թե խանութի ապրանքն ա: Սա էլ իմ իսկականն ա, էսօր ինչքան եմ գրել արդեն… Ոչ միայն մեր գյուղացիներն են պարտքերի տակ, այլ ողջ երկիրը, աշխատանք չկա, մարդիկ փող չունեն, բա ի՞նչ անեն, որ նիսիայով չտանեն»,- համագյուղացիներին է արդարացնում Ստեփանյանը:

Նա դժվարությամբ է կարողանում ասել, թե որքան գումար են խանութին պարտք գյուղացիները, բայց փոխարենը նշում է, թե երբ են կարողանում վճարել՝ երբ դրսից փող են ուղարկում կամ էլ թոշակ ու նպաստ են ստանում: Խոստովանում է` պարտքը մարելուն շատ են օգնում նաև բանկերը:

«Հունվարին հաշվել եմ, ասել` քյացեք վարկ վեկալեք, պիրեք տվեք: Կարդա, ինչքան ա` 460 հազար (948 դոլար) դրամ:

Սրանք էլ ինվալիդի ընտանիք են` 510.650 դրամ՝ (1000 դոլար) ապրիլից մինչև հոկտեմբեր: Մեկ էլ մի հատ գիծ եմ քաշել, ասել եմ` էլ չեմ տա, հետո նորից սկսել եմ: Էստեղ էս ի՞նչ եմ գրել՝ 4400 դրամ (9 դոլար)` հարսանիք: Մարդը հարսանիք ա գնում, բա մի հատ կոնյակ, մի հատ բամբաներկա չտանք, որ քինա հարսանիք: Այ հեսա, ուղարկել ենք, որ վարկ վերցնի, բերի տա»,-պատմում է խանութի տերը:

Վերգուշ Ստեփանյանը նշում է, որ տարեսկզբին ինքն է 600 հազար վարկ (1237 դոլար) վերցրել, որպեսզի կարողանա խանութը ապրանքով լցնել: Վերլուծելով իրավիճակը` ասում է. «Մի խոսքով, ժողովրդի վիճակը շատ վատ ա, եթե էդ Ռուսաստանի ճամփեն էլ փակվի, կոտորվելու ա: Բայց դե ինչ գործ ունեն Ռուսաստանի հետ, որ քինում են, մի գործարան, մի բան թող սարքեն, էս ջահելները մտնին աշխատին ու նստեն իրենց տներում»: