Ծերություն մենության մեջ. Երևանի տուն-ինտերնատի ծերերը հարազատների հետ շփվում են սկայպի, սոցցանցերի միջոցով

Ծերություն մենության մեջ. Երևանի տուն-ինտերնատի ծերերը հարազատների հետ շփվում են սկայպի, սոցցանցերի միջոցով

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Հիշողությունները նրա մտքերում են ու լուսանկարներում, անցած կյանքի մասին պատմում է ոգևորված, կարոտած, սակայն ծերունական կապույտ աչքերի տխրությունը փարատվում է, երբ հայացքն ուղղում է իրեն ուշադրությամբ լսող կնոջը:
Հարութ Մկրտչյանը և Անուշ Թավրեզյանը
Մարուսյա Սարգսյան
Վերա Բելուխինա


Նորքի տուն-ինտերնատի պատերից դուրս նրանցից յուրաքանչյուրն ապրում էր իր կյանքով, սակայն ճակատագիրը նրանց պետք է բերեր այստեղ, որպեսզի ավելի ուշ միավորվեին ու դառնային մեկ ընտանիք:

«Ըսի` ոչ 16 տարեկան ենք, ոչ էլ 20, իրար հետ էրթանք տնօրենի մոտ, ըսենք` մեզի մե հադըմ սենյակ տվեք, իրար հետ աբրինք, ըդպես էլ էղավ: Ես էստեղ եմ 2009-ի հուլիսից, Անուշը` հոկտեմբերից, 2010-ի սկզբին էլ ամուսնացանք, բայց ընբես հասարակ չամուսնացանք, հա՜, Իսպանիայից էլ էին լրագրողներ էկե»,- պատմում է գյումրեցի Հարութ Մկրտչյանը` գրկելով կնոջը`Անուշ Թավրեզյանին:

84-ամյա Մկրտչյանը երեք աղջիկ ու մեկ տղա ունի, սակայն գերադասել է կյանքի մնացած մասն անցկացնել տուն-ինտերնատում: 81-ամյա Թավրեզյանն էլ երեխաներ չի ունեցել, պահել ու մեծացրել է ամուսնու երեխաներին, իսկ նրա մահից հետո, ընտանեկան տարբեր հանգամանքների բերումով, հայտնվել տուն-ինտերնատում:

«Օր նոր էինք էկե վեց տարի առաջ, Անուշը ըսպես խո չէ՞ր` մազերը սիրուն, կոսով, ամեն ինչով սիրուն… Ճիշտն ըսած` էդ ամուսնանալը մեջս չկար, բայց տեսա, օր արժող-չարժող մուժիկները կերթան, ըսոր առաջը կկտրեն, կխոսցընեն, յա, ըմբես կխոսցնեին, հեյ-հեյ.... Ըսի` կեցի, մեղքս էկավ ըսոր, ըսի` ընգերներ էղնի՞նք, դե, օր իրար հետ էրթայինք, գայինք, բիսեդկեն նստեինք, էլ խո ուրիշ մարդ չէ՞ր գա մոտիկ»,-պատմում է Մկրտչյանը:

Ճաշի ժամին մենակ է գնում ճաշարան, ասում է` Անուշը դժվարությամբ է քայլում, իրեն էլ անհարմար է զգում թևանցուկ անել. «Ինքը ըդպես է, քիչըմ ամչկոտ կնիկ է»:

Տարեցները ճաշում են երաժշտության ներքո: Այդ օրը ուտում են լոբով ապուր, հնդկաձավարով փլավ, աղցան, մսով ապուր:

«Սիրում են տապակած կարտոֆիլ, բորշչ, խաշ են ուտում պարտադիր, քրճիկ, հարիսա: Քաղցրավենիքն ու միրգը անպակաս են կլոր տարին: Ճաշացանկում պարտադիր հաշվի ենք առնում միսը, ամեն օր 200 գրամի սահմանում պետք է ստանան, վիտամիններով հարուստ աղցաններ»,- ասում է ավագ խոհարար Լևոն Թաթոյանը:

Ճաշից հետո հանգստանում են: Տղամարդիկ շախմատ են խաղում, բիլիարդ, կանայք` զբոսնում: Խոստովանում են, որ երեխաները, եթե ժամանակ են ունենում, այցելում են, եթե ոչ` խոսում են հեռախոսով, սկայպով:

Տուն-ինտերնատի միջոցառումների կազմակերպիչ Գոհար Կարապետյանը նշում է, որ սկայպի սենյակից խոսում են ոչ թե արտերկրում, այլ Երևանում ապրող հարազատների հետ:

«Այդ պահին պետք է տեսնեք. մի փոքր ուրախանում են ու հետո` տխրում: Այստեղ գալիս են, կարդում կայքերի նորությունները, գրանցվածներ ունենք «Ֆեյսբուք» ու «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցերում, էլփոստ ունեն, իմ օգնությամբ լուսանկարներ են ուղարկում»,- պատմում է Կարապետյանը:







Սկայպի սենյակից ընկերուհու հետ է փորձում կապվել 65-ամյա Վերա Բելուխինան, սակայն նրա զանգերին չեն պատասխանում: Պատմում է, որ 30 տարի շարունակ տրոլեյբուսի վարորդ է եղել, վարել է 8 համարի տրոլեյբուսը:

Հայաստան է տեղափոխվել ապրելու 1968-ին:

«Էն ժամանակ էստեղ շատ ռուսներ էին ապրում, որ տրամվայ, տրոլեյբուս էին քշում: Սովետի քանդվելուց հետո ռուսները գնացին, ես մնացի, հետո ամուսինս մեռավ, երեխա չեմ ունեցել, էդպես մնացի»,- պատմում է Բելուխինան, ով մեկ ամիս է` ինչ տեղափոխվել է տուն-ինտերնատ:

Տուն-ինտերնատում իր մաքրասիրությամբ ու բծախնդրությամբ հայտնի է 86-ամյա Մարուսյա Սարգսյանը, ով այստեղի հնաբնակներից է` արդեն 10 տարի: Նրա անկողինը ժանեկազարդ է, պահարանի մի անկյունում դասավորված պղնձե կաթսաները շողշողում են մաքրությունից: Պատերից կախված են երիտասարդ տարիների լուսանկարները և փոքրիկ գորգը:

Պատմում է, որ սեփական երեխաներ չի ունեցել, փոխարենը` 17 տարի պահել է ամուսնու երեխաներին:

«Մարդս մեռավ, իրանք էլ մեծըցան, էլ իրանց պետք չէի: 1985-ին տեղափոխվեցի Երևան, սկսեցի աշխատել Պետստանդարտում` որպես պարետ, հետո` կաթի գործարանում, հետո երկիրը փուլ էկավ, ես էլ հետը փուլ էկա: Տեսա, օր հնար չկա, էկա ստեղ»,- պատմում է գյումրեցի Սարգսյանը:

Ասում է, որ տուն-ինտերնատում անհամբերությամբ են սպասում զավակների այցելությանը, դժգոհում է, որ շատերն էլ ուղղակի լավ օրից չեն գալիս:

«Թոշակի ժամանակ մե կիլո կանֆետով կուգան, թոշակն էլ կառնին ու կերթան: Մեր ժամանակն էլի հարգանք ու պատիվ կար: Տիա Նունեն՝ իրեք հատ տղա ունի, տնից հանել են: Մեկն էլ կա, ընձի կըսե. «Էրկու տղա ունիմ ու մե աղջիկ, բայց ունիմ ու չունիմ: Դու չունիս, կըսես` չունիմ ու կպրծնես, հըմը ես ունիմ ու չունիմ, ինչ էնեմ»,- պատմում է տիկին Սարգսյանը:

5 աղջիկ, 3 տղա, 14 թոռ ու 6 ծոռ ունեցող 81-ամյա Վոլոդյա Բաղդասարյանը սեպտեմբերից ապրում է տուն-ինտերնատում:

«Աղջիկս, իրանց վիճակն էլ էն չի, ցավդ տանեմ, 12 տարի մենակ էի ապրում, հետո տեսա` էփող-թափող չկա, էգա ստեղ»,- հարազատներին փորձում է արդարացնել Բաղդասարյանը:

Տուն-ինտերնատի մեկ այլ բնակիչ, որը չցանկացավ ներկայանալ, ասում է, որ 2 որդի ունի, 6 թոռ, ապրում են Երևանում:
«Դժգոհ չեմ իմ հարազատներից, իրանց արգելել եմ ստեղ գալ, ես եմ գնում, որովհետև շատ-շատերը չգիտեն, որ ստեղ եմ: Ես եմ էսպես ցանկացել»,- ասում է նա:

Հայկական ավանդական հասարակությունում ձևավորված կարծրատիպերը, որ երեխաները, հատկապես տղաները, պետք է հետագայում պահեն ծնողներին, հաճախ չեն համապատասխանում իրականությանը, ակնկալիքները մնում են չիրականացված:

2015-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը անցկացրել է հետազոտություն Գյումրի քաղաքի, Երևանի թիվ մեկ, Նորքի տարեցների տուն-ինտերնատների տարեցների շրջանում, պարզելու, թե նրանցից քանի՛սն ունեն երեխաներ, և եթե ունեն՝ ապա քանի՛սն են աղջիկ, քանի՛սը` տղա:

Ըստ հետազոտության արդյունքների՝ երեք տուն-ինտերնատներում բնակվող 623 տարեցներից 284-ը երեխաներ չունեն, տղա ունի 72 տոկոսը: Բոլոր հարցվածները միասին ունեն 365 տղա երեխա, որոնց 61 տոկոսը չի այցելում իրենց ծնողներին:

Մինչդեռ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի անցկացրած մեկ այլ` «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» հետազոտության http://www.unfpa.am/publications-sex-selective-abortions համաձայն, վերջին հինգ տարիներին կատարվել են մոտ 7200 սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներ, ինչը նշանակում է, որ միջին հաշվով Հայաստանում չի ծնվել 1500 աղջիկ: Ուսումնասիրության համաձայն` Հայաստանում տղա ունենալ ցանկացող ընտանիքները մոտ 6 անգամ ավելի շատ են, քան աղջիկ ցանկացողները:

«Էլի աղջիկներն ավելի խղճով ու բարի են, քան տղեքը, էլի հարգեն գը… էն օր կհանդըպիս անուշադրության, անպատիվ խոսքեր կլսես, սկսես գը ելքը փնտրել, կերթաս սկզբում աղջկա տուն, հետո` վարձով, հետո կհայտնվիս ստեղ...»- ասում է Հարութ Մկրտչյանը: