Կյանքը ՄԻԱՎ-ից հետո. հիվանդները բողոքում են սոցիալական խարանից

Կյանքը ՄԻԱՎ-ից հետո. հիվանդները բողոքում են սոցիալական խարանից

Ֆոտոլուր

Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) ապրող մարդիկ դժգոհում են, որ տեղեկատվության դարում շարունակում են ենթարկվել խտրականության, հասարակության բացասական ու վատ վերաբերմունքին, ինչի հետևանքով էլ հիվանդության բացահայտումից հետո սկսվում է նրանց երկրորդ կյանքը՝ փակ կարգավիճակով:

Չեն խոստովանում անգամ ծնողներին, մտերիմներին, առավել գաղտնի են պահում աշխատավայրում՝ խնդիրներից խուսափելու համար: Նրանց ՄԻԱՎ կարգավիճակի մասին իմանում են բացառապես շատ մոտ մարդիկ:

13 տարի ՄԻԱՎ-ի վիրուսը իր մեջ կրող 35-ամյա Սոնա Սահակյանը ասում է, որ ծնողները տեղյակ չեն իր հիվանդության մասին, չի ասում, որպեսզի ավելորդ հոգս ու ցավ չպատճառի: Մասնագիտությամբ մանկավարժ Սոնան համոզված է, որ եթե աշխատավայրում իմանան իր կարգավիճակի մասին, ապա մեծ խնդիրներ կունենա: Կարծում է, որ հասարակությունը պատրաստ չէ բաց լսելու, որ մարդը ՄԻԱՎ ունի, մինչդեռ ինքն էլ սովորական մարդ է, ինչպես բոլորը:

«Ինչու չի փոխվում հասարակությո՞ւնը, որովհետև տեսականը մեկ բան է, իսկ հստակ տեսնել այդ մարդուն՝ մեկ այլ բան, կամ՝ ինչպե՞ս ներկայանալ բաց դեմքով: Պետք է այդ համարձակությունն ունենալ: Ես չունե՞մ այդ համարձակությունը, ես պատրաստ եմ, բայց հասարակությունը թերևս պատրաստ չէ: Լրատվամիջոցներով պետք է ավելի շատ տարածեն տեղեկատվությունը ամբողջ տարին և ոչ թե միայն ամեն տարի՝ դեկտեմբերի 1-ին,- ասում է Սոնան: - Չես հասկանում՝ ինչո՞ւ ենք գաղտնի պահում, խնդիր ունենք ու դա գաղտնի պետք է պահենք, ինչո՞ւ, իմաստը ո՞րն է: Իհարկե, պետք էլ չէ բարձրաձայնել, բայց դեղերն ես թաքուն խմում, այս ամենը խանգարող հանգամանքներ են: Այսինքն՝ վախենում ենք հասարակությունից, կարող եմ ասել, որ, այո՛, ես վախենում եմ»:

36-ամյա Սառա Պողոսյանն էլ իր ՄԻԱՎ կարգավիճակի մասին իմանում է 20 տարեկանում՝ երեք ամսական հղիության ժամանակ: Վարակն անցած է լինում ամուսնուց: Խոստովանում է, որ ուժեղ մարդ է, ու կարողացել է օգնել նաև ամուսնուն, ինչում իրեն օգնել է իր ինքնակրթությունը, իր լավ ապրելու ցանկությունը:

«Չեմ ուզել բողոքի գիրք դառնալ ու մշտապես ամեն ինչից տրտնջալ: Երեխեքս ինձ ուժ են տալիս, ես իրավունք չունեմ թուլանալու: Ամուսնուս ընտանիքը տեղյակ է մեր խնդրից, ինչն անխուսափելի էր, քանի որ միասին էինք ապրում: Իմ ծնողները չգիտեն: Ես էլ եմ մայր, երկու աղջիկ ունեմ ու պատկերացնում եմ իմ ծնողների վիճակը: Եթե իմանան, ուզեն-չուզեն ենթագիտակցորեն պետք է մեղադրեն, չէ՞, ամուսնուս, բայց ես անգամ նրան ներելու խնդիր էլ չեմ ունեցել, մեր հարաբերությունները շատ նորմալ են: Հետո՝ նրանց իմանալով իմ կյանքում ոչինչ չի փոխվելու, ընդհակառակը՝ իրենց հոգսերն են ավելանալու, մտածմունքները»,- ասում է Սառան:

Նա նշում է, որ մարդիկ Հայաստանում ՁԻԱՀ-ը զուգորդում են մարմնավաճառության, թմրամոլության հետ՝ հաշվի չառնելով մի շատ կարևոր բան. հայ կանանց 98 տոկոսը իրենց ամուսիններից է վարակվում, ովքեր նրանց միակ զուգընկերն են, և ովքեր ո՛չ թմրամոլ են ու ո՛չ էլ մարմնավաճառ:

«ՄԻԱՎ-ը ո՛չ կրոն է հաշվի առնում, ո՛չ ռասա, ո՛չ բարոյականություն, ո՛չ նյութական վիճակ, ոչ ոք ապահովագրված չէ, և սա որևէ կոնկրետ խմբի հիվանդություն չէ»,-ասում է նա:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների՝ մեր երկրում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից, և այդ ժամանակից ի վեր Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ի 1761 դեպք, որոնցից 238-ը` 2013 թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատությամբ: ՄԻԱՎ վարակակիր հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 70%, հիվանդների մեծ մասը՝ 54 տոկոսը, երիտասարդներ են (25-39 տարիքային խմբում):

ՄԻԱՎ ունեցողները նշում են, որ հաճախ կյանքի ամենատարբեր ոլորտներում խտրականությունը նույնքան անհաղթահարելի է դառնում, որքան վիրուսը: Նրանք նշում են որ իրենց իրավունքները ավելի շատ խախտվում են բուժհաստատություններում:

«Միակ առողջապահական հիմնարկը, որտեղ չի խախտվում, ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնն է: Սկզբում կարծում էինք, որ ժամանակ է պետք, ու հետագայում կփոխվեն, ի վերջո, բուժաշխատողներն այդքան թրեյնինգների են մասնակցում, բայց կյանքը ցույց է տալիս, որ կարծրատիպեր կոտրելը բավական դժվար է: Չի ստացվում, միշտ խախտվում է, ու կարգավիճակ է բացահայտվում, ինչը գրեթե միշտ բուժաշխատողներն են անում»,- ասում է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» (ԻԱԻՄ) ՀԿ համանախագահ Սեմ Թադևոսյանը:

Այս կազմակերպությունը փորձում է բարելավել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի որակը, պաշտպանում է նրանց և նրանց ընտանիքների իրավունքները: ԻԱԻՄ-ի սոցիալական աշխատող Լիլիթ Ալեքսանյանը նշում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ յուրաքանչյուր մարդ, անկախ ՄԻԱՎ կարգավիճակից, ունի սահմանադրական իրավունքներ, սակայն դրանք հաճախ խախտվում են բժիշկների կողմից:

«2013 թ. օգնեցի մեր շահառուներից մեկին կազմակերպելու անհրաժեշտ վիրահատությունը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ծառայությունների շրջանակներում: Ուղեկցել եմ նրան տվյալ բժշկական հաստատություն, մոտ կես ժամ զրուցել եմ բժշկի հետ՝ համոզելով նրան վիրահատությունը կատարել, չնայած նա պարտավոր էր դա անել: Զրույցի ընթացքում հիշեցրել եմ նաև իմ հիվանդի անձնական կյանքի գաղտնիության պահպանման իրավունքի մասին: Բժիշկը վիրահատությունն արեց, սակայն ողջ անձնակազմը իմացավ հիվանդի ՄԻԱՎ կարգավիճակի մասին՝ պատճառաբանելով, թե բացահայտել է կարգավիճակը, որպեսզի աշխատակազմը բժշկական ձեռնոց օգտագործի»,- պատմում է Ալեքսանյանը:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում նշվում է, որ բուժաշխատողները պարտավոր են պահպանել իրենց հիվանդների անձեռնմխելիության և գաղտնիության իրավունքները, ինչը հաճախ խախտվում է նույն բուժաշխատողների կողմից:

Ալեքսանյանը նշում է, որ հաճախ բժիշկները փորձում են հրաժարվել ՄԻԱՎ-ով հիվանդին վիրահատելուց՝ մերժումն արդարացնելով անհրաժեշտ մասնագետի, սարքավորման բացակայությամբ, տարբեր պատճառաբանություններով հնարավորինս խուսափում են:

«Վերջերս էլ մի դեպք տեղի ունեցավ, երբ տվյալ հիվանդանոցի բաժնի վարիչը, ինձ մոտենալով, ասաց. «Ի՞նչ կլինի՝ այդ հիվանդին ուրիշ հիվանդանոց տարեք, մեզ մոտ մի՛ արեք, էլի, վիրահատությունը: Հարցնում եմ՝ ինչո՞ւ կամ ի՞նչ տարբերություն, ասում է. «Դե, գիտեք, մեզ մոտ բժիշկները երիտասարդ են, բա որ հանկարծ մատը կտրե՞ն»,- պատմում է նա:

Որպես կանոն՝ ՄԻԱՎ-ով մարդիկ գերադասում են լռել, չեն պայքարում իրենց իրավունքների վերականգնման համար, քանի որ վստահ չեն, թե Հայաստանում հարցը լուծում կստանա:

«Մինչև հիմա բողոքի որևէ դեպք չենք ունեցել: Մենք, իհարկե, նրանց հորդորում ենք պաշտպանել սեփական իրավունքները, քայլ անել, ընթացք տալ գործին, ու եթե մի քանի բժիշկ էլ գործից հեռացվեն, ապա մյուսները կհասկանան, որ եթե մարդկայնորեն դա չեն պահելու, ապա գոնե օրենքի շրջանակներում պարտավոր են»,- ասում է Թադևոսյանը: