Նարեկաբուժություն. միջնադարյան վանականի աղոթագիրքը` հիվանդներին բուժելու միջոց

Անբացատրելի է, բայց հոգեբույժ, հոգեթերապևտ Արմեն Ներսիսյանի վստահեցմամբ` միջնադարյան հայ հեղինակ Գրիգոր Նարեկացու աղոթքները կարող են մարմնական և հոգևոր ցավերին բուժիչ ազդեցություն ունենալ:

10-րդ դարի հոգևորական, բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» քնարական մեծ պոեմը հայտնի է նաև որպես աղոթագիրք, սակայն քչերին է հասկանալի գրաբարով գրված պոեմի լեզուն:

Ներսիսյանը վերջին 20 տարիներին թողել է մասնագիտական գործունեությունը և սկսել է զբաղվել նարեկաբուժությամբ, որի արդյունավետությունը, ըստ նրա, կախված է խոսքի բուժման հանդեպ հիվանդի հավատից:

«Նարեկը բուժում է այն մարդուն, ով հավատում է Աստվածաշնչի բժշկարաններին, Քրիստոսի խոսքի բուժմանը: Այն խաղաղեցնում է մարդու ներաշխարհը, կարգավորում հույզերն ու աֆեկտները, տրամադրությունը: Նարեկը մարդու վրա քնաբեր ազդեցություն է թողնում: Ունկնդրման ընթացքում հիվանդը զգում է հանգստություն, թեթևություն, որը կարող է ժամանակավորապես խաթարվել լարվածությամբ կամ անհանգստությամբ: Կարող են ի հայտ գալ չգիտակցված մտքեր, հույզեր, որոնք հոգեկան և մարմնական անհանգստության պատճառ են դառնում: Ի վերջո, այս ամենը բերում է զղջման, որն էլ նպաստում է հոգեկան և մարմնական ցավերի թեթևացմանը»,-վստահեցնում է նարեկաբույժը:

Բժշկի կարծիքով` Նարեկի ազդեցությունն առավել ուժեղ է, երբ այն լսում են, քան պարզապես կարդում. «Քանի որ սա բուժման մեթոդ է խոսքի ազդեցությամբ, հիվանդի ապաքինումը առավել արագ է ընթանում, երբ նա ոչ թե կարդում, այլ լսում է աղոթքները»: Նարեկաբուժությունը, լինելով հոգեթերապիայի բուժման մեթոդներից մեկը, ըստ հոգեբանի, առավել արդյունավետ է, քան նույն հոգեվերլուծությունը, որը ավելի երկարատև ու հաճախ անարդյունավետ մեթոդ է. «Հաճախ մարդկանց թվում է, որ Նարեկը հիպնոսի ազդեցություն է թողնում, իրականում սրանք բոլորովին այլ բաներ են. հիպնոսողը իրեն է ենթարկում մարդու ենթագիտակցությունը, և հիվանդն ընկնում է տրանսի մեջ, իսկ Նարեկի խոսքը հասկանալու համար մարդուն պետք է սթափ գիտակցություն»:

Ներսիսյանը նշում է բազմաթիվ հիվանդություններ` հեպատիտ C, երևանյան հիվանդություն, հոգեկան խնդիրներ` սթրես, դեպրեսիա, շիզոֆրենիա, որոնց ընթացքը կարելի է թեթևացնել կամ լիարժեք բուժել` կախված հիվանդի նախատրամադրվածությունից: Բժշկի կարծիքով` հիվանդության ախտորոշումը խնդիր չէ, եթե պացիենտը հավատում է Նարեկի բժշկագործության հրաշքներին:

Ահա թե ինչ է գրել շիզոֆրենիայով տառապող 27-ամյա երիտասարդը նարեկաբուժության սեանսներից հետո. «Սկզբում լսում էի շատ ուշադրությամբ, բայց գլուխս ուժեղ ցավում էր, անընդհատ ընդհատում էի, գլխումս անընդհատ քննադատող ձայներ էին, բայց մի քանի անգամ լսելուց հետո դրանք վերացան, և այժմ ես ինձ անհամեմատ լավ եմ զգում»:

Բժշկի պացիենտների վկայությունները բազմաթիվ են, այդ պատճառով էլ նարեկաբույժը որոշել է գիրք գրել, որում բուժված հիվանդների վկայությունները ևս մեկ անգամ կապացուցեն Նարեկի հրաշագործ զորությունը:

Ուշագրավ է, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը փետրվարի 23-ին Նարեկացուն «Եկեղեցու վարդապետ» կոչմանն է արժանացրել: Իսկ փետրվարի 27-ին Նարեկացու անունը ընդգրկվել է Հռոմի մարտիրոլոգի` ճանաչված սրբերի ցուցակում` որպես կուսակրոն, ուսուցիչ:

Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչ, Աշոցքի շրջանի ժողովրդապետ հայր Պետրոս վարդապետ Եսայանի վստահեցմամբ` եկեղեցու ծիսարանում, բացի Նարեկացու աղոթքներից, կան նաև այլ` հանգստյան ժամերգության աղոթքներ, որոնք նույնպես հանգստություն և մեծ ուժ են ներշնչում: Վերջինս նաև հորդորում է չմոտենալ Նարեկին որպես պաշտամունքի առարկայի և ֆետիշացնել նրա զորությունը: «Միայն Աստված և հավատը առ Աստված կարող է մարդուն բժշկել, ոչ թե գիրքը կամ կոնկրետ անձինք»,-եզրափակում է վարդապետը: