Վարակ չկա. ՁԻԱՀ-ի քարոզարշավի շրջանակում առաջարկվում է ՄԻԱՎ-ի անվճար հետազոտություն

Վարակ չկա. ՁԻԱՀ-ի  քարոզարշավի շրջանակում առաջարկվում է ՄԻԱՎ-ի անվճար  հետազոտություն


Ըստ տվյալների` վերջին երկու տարիներին Հայաստանում աճել է մարդու իմունային անբավարարության վիրուս` ՄԻԱՎ վարակ ունեցող մարդկանց թիվը, և ոլորտի պատասխանատուները կոչ են անում հաճախակի բուժզննում անցնել և վաղաժամ կանխարգելել վարակը:

ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար և անանուն հետազոտություն կարելի է անցնել «ՁԻԱՀ-ից ազատ սերունդ» միջոցառման շրջանակում՝ նոյեմբերի 24-28-ը, Հյուսիսային պողոտայի 4-րդ շենքին հարող հրապարակում:

«ՄԻԱՎ-ի առաջին դեպքերը Հայաստանում գրանցվել են 1988 թվականին, դրանից հետո մինչև 2015 թվականի հոկտեմբերի 31-ը Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ-ի 2194 դեպք, որոնցից 334-ը` 2014-ի ընթացքում, որն առավելագույնն է նախորդ բոլոր տարիների համեմատ»,- երկուշաբթի լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հոգեբանասոցիալական խորհրդատվության բաժնի վարիչ Մարինե Ասրյանը:

Նրա խոսքով` ՄԻԱՎ վարակով հիվանդների մեջ գերակշռում են տղամարդիկ` 1513, 681-ը կանայք են, կան նաև ՄԻԱՎ վարակի 41 դեպք երեխաների շրջանում:

«ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվը արձանագրվել է Երևանում՝ 721 դեպք և Շիրակի մարզում: 1140-ի մոտ ախտորոշման պահին եղել է ՁԻԱՀ, ընդ որում՝ 172-ը 2014-ի ընթացքում»,- նշեց նա:

Մանագետների խոսքով` ՄԻԱՎ-ով վարակվածների 52 տոկոսը կազմում են 25-30 տարիքային խմբերը, իսկ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են սեռական հաաբերությունները և թմրամիջոցների ներարկային օգտագործումը:

Վերջին տարիներին առողջապահության մասնագետները Հայաստանում արձանագրել են նաև ՄԻԱՎ-ի դեպքերի հարաբերական աճ ամուսնացած կանանց շրջանում, որոնց ամուսինները պարբերաբար մեկնում են արտագնա աշխատանքի: Ռիսկի խմբում գտնվող այս կանայք հորդորում են պարբերաբար ՄԻԱՎ-ի թեստ անցնել:

«Միջոցառումը ՄԻԱՎ-ի վերաբերյալ արագ, անանուն և անվճար հետազոտություն է Երևան քաղաքում: Լինելու են շարժական ախտորոշիչ լաբորատորիա, խորհրդատուներ, և մարդիկ հնարավորություն կունենան բարձր որակի խորհրդատվություն ստանալու և ցանկության դեպքում հետազոտություն անցնել»,- նշեց «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ նախագահ Հովհաննես Մադոյանը: