ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օր. 2015-ին Հայաստանում ախտորոշվել է 140 դեպք

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օր. 2015-ին Հայաստանում ախտորոշվել է 140 դեպք

Ֆոտոլուր

Ներկայումս Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվածների թիվն առավելագույնն է նախորդ տարիների համեմատ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը:

Պողոսյանը նշեց, որ 1988-ից մինչ օրս ՄԻԱՎ-ով հիվանդների թիվը կազմել է 2214, որոնցից 334-ը` 2014-ի ընթացքում, ինչը գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշը:

Բանախոսը հավելեց, որ չնայած ՄԻԱՎ-ով վարակվածների համեմատաբար մեծ թվին նախորդ տարիների համեմատ, իրենք մեծ փորձ և հաջողություններ են գրանցել հիվանդության բուժման գործում:

«Ճիշտ ժամանակին արված հետազոտությունների շնորհիվ 2007-ից մինչ օրս չենք գրանցել մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցման որևէ դեպք, հղիների մոտ 1 տոկոսից ցածր է ՄԻԱՎ վարակի ցուցանիշը, քանի որ նրանց 95 տոկոսը, ինչպես նաև տուբերկուլոզով բոլոր հիվանդներն անցնում են ՄԻԱՎ-ի հետազոտություն»,- ասաց Պողոսյանը:

Ըստ առողջապահության նախարարության տվյալների` 2015-ին ՁԻԱՀ ախտորոշվել է 140 ՄԻԱՎ վարակակիրների մոտ:

1988-ից մինչ օրս ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 495 դեպք է արձանագրվել, որոնց թվում` 85 կին և 8 երեխա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ը Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) դեմ պայքարի միջազգային օրն է։ Այդ հիվանդությունը տարածված է ամբողջ աշխարհում։ Վարակի փոխանցման հիմնական ուղիներն են սեռական հարաբերությունները և թմրամիջոցների ներարկային օգտագործումը:

Այժմ ՄԻԱՎ-ով վարակված 37 միլիոն մարդ կա, յուրաքանչյուր տարի վարակվածների թիվը 2 միլիոնով ավելանում է, իսկ մահացությունը հասնում է 1 միլիոնի:

Այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արմատական բուժում գոյություն չունի, իսկ առկա դեղամիջոցները կարող են միայն հետաձգել ՄԻԱՎ վարակի անցումը ՁԻԱՀ-ի փուլին, երկարացնել հիվանդի կյանքի տևողությունը և բարելավել կյանքի որակը: Ուստի կանխարգելումն ունի կարևոր նշանակություն: Չվարակվելու նախապայմանն անվտանգ վարքագիծն է: