H1N1. դպրոցական արձակուրդը Հայաստանում ևս մեկ շաբաթով երկարաձգվում է գրիպի իրավիճակի «բարելավման» ֆոնին

Հայաստանում վերջին օրերին ուշադրության կենտրոնում հայտնված խոզի գրիպը (H1N1 վիրուս) թեև ըստ մասնագետների՝ կարծես թե նահանջում է, սակայն, այդուհանդերձ, դպրոցներում և նախակրթական հաստատություններում արձակուրդը կրկին կերկարաձգվի:

Հինգշաբթի օրվա տվյալներով` հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 230 մարդ, որից 177-ը` մինչև 18 տարեկան։ Դուրս գրված ևս 120 հիվանդի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 36-ը` երեխա։

«Վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մշտադիտարկման արդյունքներով իրավիճակը կայուն է։ Հիվանդացության ցուցանիշները, ինչպես նաև ծանր դեպքերը նվազման միտում ունեն:

Մասնավորապես, հղիների և երեխաների շրջանում ծանր դեպքեր չկան»,- նշված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ շարունակվում են բոլոր կանխարգելիչ և բուժական գործողությունները:

Սակայն ստեղծված կայուն վիճակը պահպանելու նպատակով, հաշվի առնելով վարակի տարածման գործում լայնածավալ շփումների սահմանափակման կանխարգելիչ մեծ նշանակությունը, Հայաստանի վարչապետի հանձնարարությամբ` առողջապահության նախարարությունը կրթության և գիտությանը, տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարություններին, Երևանի քաղաքապետարանին առաջարկել է կայունացման միտումը պահպանելու նպատակով արդեն երրորդ անգամ ևս մեկ շաբաթով երկարաձգել հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների ձմեռային արձակուրդը։

Այսպիսով, կրթության և գիտության նախարարի հրամանով՝ դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից:

Սակայն արձակուրդի հերթական երկարաձգումն արդեն այնքան էլ չի ուրախացրել աշակերտներին, քանի որ մեկ այլ հրամանով էլ չեղյալ է հայտարարվել գարնանային մեկշաբաթյա արձակուրդը: Բացի այդ, այս երկարաձգված արձակուրդի բացը լրացնելու համար առաջարկվում է մնացած հինգ օրերի համար կամ յուրաքանչյուր օր մեկ ժամ ավելի կամ շաբաթ օրերին դաս անցկացնել:

Երկարաձգված արձակուրդը լրացուցիչ բեռ է նաև այն մանկահասակ երեխաների աշխատող ծնողների համար, ովքեր փաստորեն այս օրերին զրկված են հաստատությունների ծառայություններից օգտվելու հնարավորությունից և երեխաներին խնամելու համար խնդիրներ են ունենում գործատուների հետ:

Սակայն հաշվի առնելով հանրապետությունում գրիպի հերթական բռնկման վտանգը` բոլորն էլ կարծես ըմբռնումով են մոտենում իշխանությունների որոշումներին:

Առողջապահության նախարարության կողմից կրկին առաջարկվել է նաև, որ շաբաթ և կիրակի օրերին պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում հերթապահություններ սահմանվեն։

Ի դեպ, հաշվի առնելով բնակչության որոշ շրջանակներում առկա մտավախությունը` գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացրել է, որ խոզի միսը կամ մսամթերքը չի կարող H1N1 տեսակի` պայմանականորեն «խոզի գրիպ» կոչվող վարակի պատճառ լինել: