Քաղբանտարկյալնե՞ր. ընդդիմությունն ու իրավապաշտպանները դատապարտում են Շանթ Հարությունյանի դատավճիռը

Քաղբանտարկյալնե՞ր. ընդդիմությունն ու իրավապաշտպանները դատապարտում են Շանթ Հարությունյանի դատավճիռը

Ֆոտոլուր

Հասարակական մեծ հնչեղություն ստացած Շանթ Հարությունյանի և ընկերների գրեթե մեկ տարի տևող դատավարությունը անցյալ շաբաթ ավարտվեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հրապարակած դատավճռով, որին հաջորդեց իրավապաշտպանների և ընդդիմադիրների մեծ արձագանքը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում ոստիկանների և մի խումբ ցուցարարների միջև տեղի ունեցած բախումից հետո «Ցեղակրոն» կուսակցության նախագահ 48-ամա Շանթ Հարությունյանն ու ևս 13 քաղաքացի կալանավորվեցին: Հարությունյանը և մյուսները մեղադրվում էին իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար։ Նախքան նոյեմբերի 5-ի՝ բախումով ընդհատված երթը Հարությունյանը մի քանի օր շարունակ նստացույց էր անցկացրել Ազատության հրապարակում՝ «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսի ներքո։

Հոկտեմբերի 17-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը 1-7 տարվա ազատազրկման դատապարտեց Շանթ Հարությունյանին, իր անչափահաս որդուն ու 12 ընկերներին։ Շանթի 14-ամյա որդին՝ Շահեն Հարությունյանը, 4 տարվա ազատազրկման դատապարտվեց, սակայն դատարանի որոշմամբ պատանու ազատազրկման որոշումը փոխարինվեց պայմանական ազատազրկմամբ:

Մնացական Մարտիրոսյանը հասարակությանը հայտնի է 2002 թվականին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանին դատապարտելով ընդամենը մեկ տարվա պայմանական ազատազրկման՝ քաղաքացի Պողոս Պողոսյանին 2001 թվականի սեպտեմբերի 24-ին ծեծելով սպանելու համար՝ Քոչարյանին ուղղված «բարև, Ռոբ» արտահայտության պատճառով:

Երեկ խորհրդարանում մի խումբ պատգամավորներ, Հարությունյանի և ընկերների գործով դատավճիռը անարդար հայտարարելով, նրանց համարել են քաղբանտարկյալներ։ Հարությունյանին քաղբանտարկյալ համարելու վերաբերյալ հայտարարություններ են տարածել նաև ԱԺ ընդդիմադիր «Ժառանգություն» և Հայ ազգային կոնգրես խմբակցությունները։

«Ժառանգությունը» նշել է, որ հասարակության մի պատկառելի հատված այս դատավարությունից ակնկալում էր ամբաստանյալների արդարացման վճիռ, սակայն դատավարությունը դեռ չավարտված՝ Կոլումբիայի համալսարանում Սերժ Սարգսյանն իր ելույթում կոպտորեն խախտեց անմեղության կանխավարկածը և ներկայացրեց մեղադրանք-վերջնագիր։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Կոլումբիայի համալսարանում նախագահ Սերժ Սարգսյանին հարցրել էին՝ արդյոք Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ: Նա արձագանքել էր, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Սարգսյանին տվել էին Շանթ Հարությունյանի անունը, որին նախագահ Սարգսյանը պատասխանել էր, որ Հարությունյանը հանցագործություն է կատարել:

Ըստ իրավապաշտպանների՝ նախագահը փաստացի խախտել էր մարդու անմեղության կանխավարկածը: Նա Շանթ Հարությունյանին հանցագործ էր որակել առանց դատարանի վճռի, ինչը նաև նշանակում է ճնշում դատարանի վրա, դատարանի անուղղակի ուղղորդում: Հայաստանի Սահմանադրության ու օրենքների համաձայն միայն դատարանն է որոշում՝ մարդը հանցագո՞րծ է, թե՞ ոչ:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ասում է, որ Շանթ Հարությունյանի արածը հեղափոխության բեմադրություն էր, և այն պետք չէր հանցագործություն որակել. «Նրա այդ բեմադրության պատճառով ոչ մեկի գլխից մեկ մազ անգամ չէր պակասելու, այն ընդամենը ահազանգ էր իշխանություններին, և այդ ահազանգի համար նման դաժան հաշվեհարդար Շանթ Հարությունյանին չպետք է տրվեր»:

Հարությունյանի և նրա որդու, ինչպես նաև Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը դատավճռից հետո հայտարարել է, որ դատարանը պետք է ընդամենը ճանաչեր, որ նրանք իրենց քաղաքական հայացքների համար դուրս էին եկել, և պետք է ճանաչեր բոլոր անձանց անմեղությունը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ քաղբանտարկյալի թիկնոցը մեր ժամանակների համար չէ, և քաղբանտարկյալները ընդամենը մարդիկ էին, ովքեր ընդհատակյա գործունեություն էին ծավալում խորհրդային ժամանակներում:

«Ով ինչ ուզում է խոսում է, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը։ Էստեղ քաղբանտարկյալի խնդիր չկա, քանի որ ես ինքս շատ լավ եմ ճանաչում Շանթին և շատ ցավում եմ միջադեպի համար։ Երկար փորձությունների, խոչընդոտների, տանջանքների ճանապարհ է քաղբանտարկյալ լինելը»,- ասել է ԱԺ նախագահը:

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էլ Գյումրում լրագրողների հետ հանդիպմանը, հրաժարվելով մեկնաբանել Շանթ Հարությունյանի ու ընկերների գործով կայացված դատավճիռը, նշել է, որ այս պահին ձեռնպահ է մնում որևէ գնահատական տալուց, որովհետև այդ դատական ակտը օրինական ուժի մեջ դեռևս մտած չէ:

«Ենթադրում եմ, որ այդ դատական որոշումը կբողոքարկվի վերաքննիչ դատարան, և դա նկատի ունենալով` ես, նպատակ ունենալով զերծ մնալ որևէ ազդեցությունից դատական համակարգի նկատմամբ, մասնավորապես վերաքննիչ դատարանի նկատմամբ, ես այս պահին դրա վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեմ անի»,- ասել է արդարադատության նախարարը: