«Արժեքների հեղափոխություն». ձերբակալությունից մեկ տարի անց Շանթ Հարությունյանի աջակիցները պատրաստվում են բողոքի երթ անցկացնելու

Ճիշտ մեկ տարի առաջ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, համախոհ ընկերները և պարզապես քաղաքացիներ դուրս եկան Երևանի փողոցներ՝ «արժեքների հեղափոխության» կոչերով:

Ոստիկանների և բողոքի երթի մասնակիցների միջև բախումների հետևանքով մի քանի տասնյակ մարդ բերման ենթարկվեցին, որոնցից մեկ տասնյակից ավելին կալանավորվեց:

Շուրջ մեկ տարի ձգվող դատավարությունից հետո դատարանը ամբաստանյալներին մեղավոր ճանաչեց և դատապարտեց տարբեր ժամկետներով ազատազրկման. Շանթ Հարությունյանին՝ 6 տարվա, Ավետիս Ավետիսյանին, Լիպարիտ Պետրոսյանին և Վարդան Վարդանյանին` 5-ական, Ալբերտ Մարգարյանին` 6, Ալեք Պողոսյանին և Մկրտիչ Հովհաննիսյանին` 4-ական, Արմեն Հովհաննիսյանին` 2, Հայկ Հարությունյանին՝ 4,5, Սևակ Մնացականյանին` 1,5, Տիգրան Պետրոսյանին` 1 ու Վահե Մկրտչյանին 7 տարվա:

Հարկ է նշել, որ ամբաստանյալների մեջ էր նաև Հարությունյանի անչափահաս որդին` Շահեն Հարությունյանը, ում դատարանը որոշեց դատապարտել 4 տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառել: Եղան նաև տուգանքներ:

Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժերը, ինչպես նաև առաջատար իրավապաշտպանները Շանթ Հարությունյանին և ընկերներին համարում են քաղբանտարկյալներ:

Այսօր Երևանում դարձյալ այսպես կոչված անոնիմուսների երթ է անցկացվելու, և այդկերպ երթի մասնակիցները արտահայտելու են իրենց բողոքը, այս մասին ասաց Շանթ Հարությունյանի նախկին կինը:

«Անցած տարի հենց նմանատիպ երթի ժամանակ տեղի ունեցավ միջադեպը, և այդ երթի հետևանքով են տղաները անազատության մեջ: Մեր հաջորդ քայլը վերաքննիչ դատարան դիմելն է»,- ասաց նա:

Դատապարտված Ավետիս Ավետիսյանի մայրն էլ ասաց, որ իրենք նույնպես պատրաստվում են վերաքննիչ դատարան դիմելու:

«Որդիս փաստաբան չունի, նա պետք է դիմում լրացնի, և պետությունը նրան տրամադրի: Ես սա դատական գործընթաց չեմ համարում, սա շոու էր, ոչ մի արդար բան չեղավ, պետք է տղաներին փակեին՝ փակեցին»,- ավելացրեց նա:

Գործով անցնող մյուս ամբաստանյալների փաստաբանները նույնպես պատրաստվում են բողոքարկել դատավճիռները վերաքննիչ դատարանում: