«Մատաղիսի գործ». դիմումատուները ՄԻԵԴ-ի դատավճիռն իրենց հաղթանակն են համարում

Աղմկահարույց «Մատաղիսի գործով» Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավճիռը կարելի է լիարժեք հաղթանակ համարել՝ ասում է փաստաբան Հայկ Ալոյանը:

Հինգշաբթի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Զալյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով դատավճիռը, որը վերաբերում է ՀՀ զինված ուժերի նախկին զինծառայողներ Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի՝ ազատությունից ապօրինի զրկված լինելու բողոքին:

«Ես համարում եմ, որ դա լիարժեք հաղթանակ է, անգամ մեր սպասելիքներից ավելին: ՄԻԵԴ-ը հաստատված չի համարել խոշտանգումների փաստը, որովհետև ժամանակին Հայաստանում խոշտանգումների փաստը չի քննվել: Հատկապես երբ կալանքի տակ գտնվող անձը ենթարկվում է խոշտանգումների, նա հնարավորություն չուներ սեփական խոշտանգումների վերաբերյալ ապացույցներ հավաքել:

Հենց այն պատճառով, որ պետությունն անգործության էր մատնված, ի սկզբանե մենք չէինք կարող ձեռք բերել խոշտանգումների վերաբերյալ ապացույցներ»,- ուրբաթ լրագրողների հետ հանդիպմանն ասաց սպանված զինծառայողներից մեկի՝ Հովսեփ Մկրտումյանի իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ 2004-ի հունվարին ԼՂՀ Մատաղիս գյուղի ջրանցքում հայտնաբերվել էին զինծառայողներ Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի դիակները` բռնության հետքերով: Նրանց սպանության մեջ մեղադրվել էին ծառայակիցներ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանն ու Մուսա Սերոբյանը:

Նրանք դատապարտվել էին 15 տարվա ազատազրկման, այնուհետև վերաքննիչ դատարանը պատիժը վերափոխել էր ցմահի, իսկ 2006-ին Հայաստանում առաջին անգամ Վճռաբեկ դատարանը բեկանեց առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների որոշումները և կալանքից ազատեց առավելագույն պատժի ենթարկվածներին:

Ի սկզբանե տուժողների իրավահաջորդների և մեղադրյալների ծնողների պնդմամբ՝ երիտասարդները կապ չեն ունեցել սպանության հետ, և գործն ամբողջովին սարքած է եղել:

ՄԻԵԴ-ը վճռել է, որ դիմումատուների նկատմամբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (կտտանքի արգելք) խախտումներ չեն եղել, միայն եղել են նույն հոդվածի ընթացակարգային խախտումներ: Դատարանը որոշել է նաև, որ Զալյանի նկատմամբ չեն խախտվել պատշաճ բուժօգնություն ստանալու նրա իրավունքը, բայց խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված ազատության իրավունքը: Դատարանը վճռել է, որ Հայաստանի կառավարությունը դիմումատուներին պետք է ընդհանուր առմամբ շուրջ 50 հազար եվրո դրամական փոխհատուցում վճարի: