Կուտակայինի վեճ . քաղաքացիական խումբը կոչ է անում գործատուներին մինչև ՍԴ որոշումը չկատարել օրենքի պահանջները

Վիճահարույց կենսաթոշակային օրենքի ներդրման դեմ հանդես եկող քաղաքացիական նախաձեռնության խումբը կոչ է արել գործատուներին հոդվածների պահանջները կատարելով չդառնալ «հակաօրինական գործարքի» մասնակից, քանի որ անցյալ շաբաթ Սահմանադրական դատարանը ժամանակավորապես կասեցրել է չկատարելու դեպքում տույժ ու տուգանքները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային ժողովում փոքրամասնություն կազմող չորս ընդդիմադիր խմբակցություններ վիճարկում են այն օրենքի սահմանադրականությունը, ըստ որի 40 տարեկանից ցածր Հայաստանի բոլոր աշխատող քաղաքացիները ամեն ամիս պետք է իրենց աշխատավարձի 5 տոկոսը փոխանցեն մասնավոր կենսաթոշակային ֆոնդեր, հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը որոշել է, որ կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվության չեն ենթարկվելու մինչև մարտի 28-ը, երբ կկայացվի վերջնական վճիռը:

Վերջին օրերին, սակայն, զանգվածային լրատվամիջոցներում հրապարակումներ են հայտնվել, որոնցում պնդում են, որ հաշվի առնելով այն փաստը, որ օրենքը մնում է ուժի մեջ, որոշ գործատուներ, տարբեր պատրվակներով, հավանաբար, հարկային մարմինների ճնշման տակ, ստիպել են իրենց աշխատակիցներին մասնակցել այս գործընթացին: Հաղորդվում է նաև, որ որոշ գործատուներ շտապել են բարձրացնել իրենց աշխատողների աշխատավարձերը՝ փոխհատուցելու օրենքի կիրառման հետևանքով նրանց կորուստները և այժմ պատրաստ են մասնակցելու համակարգին:

Այս տեսանկյունից «Դեմ եմ» խումբը հորդորել է գործատուներին՝ չկատարել աշխատակիցների աշխատավարձերից որևիցե պահումներ կուտակային պարտադիր վճարի պատրվակով:

«Համոզված ենք, որ շատ գործատուներ այսօր իրենց աշխատողների աջակցության կարիքն ունեն, իսկ աշխատողները պատրաստ են կանգնել իրենց գործատուների կողքին,- նշվում է խմբի կայքում հրապարակված հայտարարության մեջ՝ հավելելով.- Մի՛ եղեք մասնակից հակաօրինական գործարքի, որի մասին բարձրաձայնել են հազարավոր քաղաքացիներ, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ փաստաբանների պալատը, իրավապաշտպան ՀԿ-ներ, ԱԺ չորս խմբակցություններ»: