1988-2013. հուզական հետցնցում քառորդ դար անց

120 համար՝ 320 մահճակալով, եռահարկ ճարտարապետական ինքնատիպ լուծումներով շենք, առաստաղից թափվող թավշյա վարագույրներ, հուշարձաններ, հայելիներ, գորգեր, ռեստորանային սրահ... այս ամենից պահպանվել է միայն շենքի արտաքին գեղեցիկ տեսքը:

«Ըսիգ սաղ հյուրանոցն էր, բայց մաս-մաս էրեցին ու ծախեցին, հմի կիսվել է, հմի սամալյոտի թևերը կտրին, մնաց բոչկա, էս հատվածը մերն է, 500 մարդ տեղավորեինք գը: Իմ տեղս էլ ըսիգ էր՝ ադմինիստրատորն էի, ըսպես առոք-փառոք նստեի գը, էն ժամանակ ժիր էի, ծեր չէի, բայց էլի ժիր եմ, ի՞նչ է եղել օր... մուտքը ըստեղից էր, ըսիգ շոր կարելու տեղն էր, ըդիգ էլ վարսավիրանոցն էր, ըսիգ բաղնիք էր... ամեն օր հիշեմգը, տեսնիմ ընձի՝ ադմինիստրատորի հին տեղը նստած»,- պատմում է կյանքի 42 տարիները Լենինականի «Լենինական» հյուրանոցում անցկացրած 70-ամյա Սիրանուշ Մարտիրոսյանը:

Հյուրանոցի շենքը Գյումրու սրտում է՝ Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Աստվածածին եկեղեցիների մոտ, դիմացը քաղաքապետարանի նորակառույց շենքն է: 1930-ականներին կառուցված հյուրանոցը գործել է մինչև 2000 թվականը, որից հետ մաս-մաս վաճառվել է և սեփականաշնորհվել:

«Էս հատվածն առավ ԱԺ նախկին պատգամավոր Մարտին Սուքիասյանը, սկսեց վերանորոգումը ու մահացավ, կիսատ մնաց: Ամբողջ հյուրանոցից մնացել է էս դրսի սրճարանը, որը ես կաշխատցնեմ: Հին համարներից բան չի մնացե, առավոտվա վեցից ստեղ եմ, էս մաքրությունը, էս ծաղիկ ցանելը, նայելը, մաքրելը՝ սաղ ես կենեմ, մինչև աշխատողները գուքան»,- պատմում է Սիրանուշը հպարտությամբ:
Խորհրդային տարիներին քաղաքում գործող միակ խոշոր հյուրանոցը հյուրընկալել է հայտնի մարդկանց, քաղաքական գործիչների, օտարերկրյա զբոսաշրջիկների: Բետոնե պատերը կրում են այն բոլոր հիշողությունները, որոնք ժամանակին ապրել է հյուրանոցը:

«Վազգեն Առաջին, Ալիխանյան եղբայրներ՝ ըդպես մարդ չկա, որ քնած չեղնի, Վիկտոր Համբարձումյան, ըսիգ Մհեր Մկրտչյանի համարն էր, գուքար ու միանգամից կերթար էդ սենյակը, ընչի ըբը Ալբերտ Մկրտչյա՞նը, երկրաշարժին ինքը կերթար, նկար կեներ, իսկ ես ստեղ տաք ճաշ կսարքեի, որ գային հաց ուտեին, Արամայիս Սահակյանը...»- հիշում է նախկին ադմինիստրատորը:

Հեղափոխության առաջնորդի անունը կրող հյուրանոցը դիմանում է 1988-ի ավերիչ երկրաշարժին, հենց այստեղ են տեղավորվում օգնության եկած բազմաթիվ փրկարարական խմբերը:

«Արտասահմանցոց կտեղավորեի, հաց կուտայի, պլիտեք կվառեի, մոմեր... հանեիգը ադիալները, կբաժնեի մարդկանց, ովքեր հենց ստեղ հրապարակում կքնեին: Էդ օրը ես հերթի էի, հենց ցնցեց, սաղս դուրս պրծանք ու տեսանք, որ քաղաք գոյություն չունի, դեմի քաղսովետը բլել էր, էս հրապարակից բան չէր մնացել, Յոթ Վերքից էն կողմ` շենքեր, խանութներ, հեչ բան չկար, սաղ բլավ, կինո «Հոկտեմբերը» մնաց... Յոթ Վերքի գմբեթները ընկած էին...»- հիշում է նա:

1988-ի դեկտեմբերի 7-ը Սիրանուշը նկարագրում է. «Հենց ընբես քիչըմ ձյուն էր եկել, շատ քիչ ու տաք էր, ու ըդպես բլավ առավոտ, ու հետո մշուշ էր... հետո եկան-լցվան, դագաղները բերին, հրապարակը սաղ դագաղ էր, տեղ ու սթար չկար, ով ումը ոտներ՝ կհավաքեր, գլուխ կբերեր, կլցներ մեջը: Դիակները փռված էին փողոցներով, կայնեիգը ու չիդեի, վախուց չէի կռնա առաջ էրթայի»:

Երկրարաշարժը ավերակների է վերածում ոչ միայն քաղաքը, այլև մարդկային կյանքերը: Սիրանուշը դառնում է հազարավոր անօթևաններից մեկը:

«Տունս Պալիգոնն էր, գնացի՝ ո՛չ տունս կար, ո՛չ տեղս, ձեռներս ծալի ու եդ էգա հյուրանոց, մնացի հյուրանոցի պատի տակը: Չորս ամիս առաջ եմ մի սենյակ ստացել: Մահը բոլորինս է... սպիանում է, ժամանակն օգնում է: 25 տարի անց շատ բան է փոխվել, դժվար է միանգամից փոփոխությունները տեսնել: Եթե փուլ չգար Սովետը, երևի Լենինականը կառուցվեր,- ասում է նա: - Բայց երկրաշարժից առաջ Լենինականը բոլորովին այլ քաղաք էր՝ արդյունաբերողների ու առևտրականների, ուտող-խմողների, չնայած մինչև հմի էլ մարդ ընդունող են, պատիվ տվող են, մարդուն չճանչնան էլ, մե օրըմ էլ տեսած էղնին՝ պատիվ կու տան արդեն, ըդոր համար էլ գլոխները կգովան»:
Հիշում է ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի այցը Լենինական:

«Երկրաշարժի հաջորդ օրը կերթամ քրոջս աղջկան տեսնելու`ճամփին Գարբաչովի ավտոն էգավ, կողքս կայնավ: Գարբաչովը մոտեցավ տասը հարկանու մոտը, որը վառվերգը, բարձրցավ վերև, լացավ, թաշկինակը հանեց, աչքերը սրբեց, կնիկն էլ հետը, ես ըսպես կողքը կայնած էի: Ըսպես էրած՝ իրան կնայեի, բայց ուղեղս ցրված, թե էս ի՞նչ է, ո՞ւր է... սաղ գիտեին, թե Գարբաչովն է էս սաղ էրե, ոչ էլ երկրաշարժ է, ու վրեժ կլուծե Ղարաբաղի հըմար, բայց սուտ էր, ինքը լացավ, հանեց ակնոցը, աչքերը սրբեց... ըսավ. «Մի՛ք մտածեք, երկու տարի հետո Լենինականը նույն Լենինականը կլինի, մի՛ք մտածեք, ըսիգ վիշտ է...» Կայնավ ու կնայեր հեռու, թե ինչխ կհանեին էդ փլատակների տակից մարդկանց»,- տարիների խորքից հիշում է Սիրանուշը:

Հյուրանոցի բակի սրճարանում ենք զրուցում: Սիրանուշը մերթընդմերթ ընդհատում է զրույցը ու բարևում ողջունողներին. «Բարև, Լյովա՛ ջան, հազա՜ր բարև, Կարո՛ ջան...» Ասում է. «Անունով կին եմ եղել, ընձի օր նայեին, փախնեինգը սաղ»:

Զարմանում է նոր կառուցված հյուրանոցների վրա և հիշում իրենց ժամանակները. «Էնքան լրտեսներ ենք բռնել տվել, հը բը՞, հյուրանոց էր, մարդկանց տեղավորեինք կը անձնագրով, ու եթե անգամ ամուսինները զագս չունենային, մենք իրավունք չունեինք իրանց տեղավորելու, ամեն ինչ օրինական էր: Իսկ հմի ի՜նչ օրինավոր, ի՜նչ բան, հմի լիքը բացվել է իրար վրա, ինչ կենեն, ում կտանին, ում կբերեն, ո՛չ օրենք կա ու ո՛չ էլ կարգ: Կմոլորիմ-կմնամ, որ կուգան կըսեն՝ ըսպես քնանք, ըսպես հելանք...»

Իր համար թանկարժեք պահոցից Սիրանուշը հանում է կեսդարյա պատմություն կրող լուսանկարների ալբոմը, հիշողությունների մատյանը, որոնք լրացրել են հյուրանոցի այցելուները: Ու նորից շունչ են ստանում իրերը, մարդիկ, իրադարձությունները: Լուսանկարներում երիտասարդ ու գեղեցիկ արտաքինով Սիրանուշն է:

«Ըսիգ իմ կաբինետս, ու ես՝ նստած: Բա՜, ես շատ սիրուն կնիկ էի... Ըսիգ իմ սմենչիկներս են, ըսիգ ինժեներն է, տնտեսվարն է, հյուրանոցն է՝ ճակատին գրված «Լենինական»: Ըսիգ էլ պալիակ է, հետս նկարվել է հենց էս սրահում, քանիմ անգամ ընձի վիզա տվեց, բայց չգնացի, մեռներ գը ընձի հըմար, օր առնեի իրան, ըսի` օ՜ֆ, ի՞նչ եմ կորցրե Պոլշա»,- ժպտալով պատմում է նա:

Ապրած տարիները լցնում են Սիրանուշի կյանքը, անտարբեր չի կարողանում խոսել, հուզվում է, բայց քանի որ ուժեղ է, արցունքները սեղմած է պահում: Երբևէ ընտանիք չունեցած կնոջ համար հյուրանոցն ու քաղաքն են եղել և մնում իր մեծ ու անմոռանալի ընտանիքը:

«Կսիրեմ քաղաքը, մարդկանց, լավ կեղնի, ըսպես չի մնա...»- ասում է նա:






Խմբագրի կողմից.Այս խորագրի ներքո «ԱրմենիաՆաուն» կայցելի Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրի, որտեղ 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժը կործանեց քաղաքը, խլեց ավելի քան 25.000 մարդու կյանք, հազարավոր մարդկանց անօթևան թողեց էպիկենտրոն Սպիտակում, Գյումրում (նախկին՝ Լենինական), Ստեփանավանում և Վանաձորում (նախկին՝ Կիրովական): Երկրաշարժի հետևանքներն ի ցույց դրեցին ԽՍՀՄ-ի փլուզվող վիճակը, և Հայաստանի ու սփյուռքի միջև նոր հարաբերությունների սկիզբ դարձան: Հետագայում երկրաշարժը դիտարկվում էր որպես պայքարի հաշվարկման կետ Հայաստանի վերականգնման համար, միևնույն ժամանակ պատերազմի մեջ լինելով Ադրբեջանի հետ և գտնվելով Թուրքիայի կողմից շրջափակման, ինչպես նաև էներգետիկ ճգնաժամի մեջ: ԽՍՀՄ-ից որբ մնացած և օտարերկրացիների, հիմնականում՝ Արևմուտքի, ողորմածությանը հանձնված Հայաստանը, որը գրեթե 7 տասնամյակների ընթացքում զրկված էր շփումներից, ցնցվեց բոլոր ճակատներում: Ավերածությունների, բռնի տեղահանումների և պատերազմի տարիներին անասելի ցուրտ ձմռան պայմաններում երկիրն ուշքի էր գալիս՝ միաժամանակ փորձելով հաղթահարել ժողովրդավար դառնալու մարտահրավերները: Ոչ մի ճգնաժամ այնքան դաժան չի եղել, որքան դրանից գրեթե 70 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի Շիրակի մարզը այլևս «աղետի գոտի» չէ, սակայն կյանքն այստեղ դեռևս վերականգնման ընթացքի մեջ է: Մոտենում է այդ ճակատագրական օրվա 25-րդ տարելիցը, և բնակիչները վերապրում են այդ օրերի զգացողությունները և դրանց հետքը իրենց հետագա կյանքի վրա…