Գյումրի 1988-2013. չորս հազար բնակիչ շարունակում է ապրել «ժամանակավոր» կացարաններում քաղաքն ավերվելուց հետո

1988-ի երկրաշարժից 25 տարի անց Գյումրու 95 մեծ ու փոքր տնակային թաղամասերը շարունակում են գոյատևել քաղաքի տարբեր հատվածներում: Տնակները, որոնք ժամանակին տեղադրվեցին 2-3 տարվա համար, արդեն 25 տարի շարունակ որպես կացարան են ծառայում 4000 անօթևան գյումրեցիների համար: Մշակութային, ճարտարապետական, քաղաքային յուրօրինակ կոլորիտ ունեցող քաղաքում տնակային թաղամասերը բացված խոցերի նման շարունակում են ցավ պատճառել Գյումրուն ու գյումրեցիներին:

Գյումրու Բարաքներ տնակային թաղամասում իր նոր երկաթյա տնակն է գնել 70-ամյա Հայկուշ Զաքարյանը, ով 40 տարի աշխատել է Գյումրու ծննդատանը որպես մայրապետ: Երկու սենյականոց տնակի համար վճարել է 2000 դոլար:

«Հըբը ի՞նչ էնեմ, ավելի լավ է պարտքով ըսիգ առնիմ, քան թե հա վարձով աբռիմ, ես ինչ գիտեմ՝ տուն կուդա՞ն, թե՞ չէ»,- ասում է երկրաշարժի ժամանակ իր բնակարանը կորցրած Զաքարյանը:

Նրա հարևանությամբ բնակվում է Մանուկյանների բազմանդամ ընտանիքը՝ տղաներ, հարսներ, թոռներ:
«Դոմիկը ես եմ սարքե իմ ձեռով, բայց, դե, էս կյանք չէ, էլի, 25 տարի էս ժեշտերի մեջ կապրինք, էն էլ՝ Գյումրվա ձմռան ցրտին»,- ասում է ընտանիքի հայրը՝ Սոխակ Մանուկյանը:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի տվյալներով՝ 22 տարում Գյումրում կառուցվել է 20.600 բնակարան: Մեկ տարի անց ևս 400 ընտանիք նոր բնակարաններ կունենա:

«Գյումրում մնացել է 433 անօթևան ընտանիք, կան նաև հազարից ավելի մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով դեռ չեն հերթագրվել անօթևանների ցուցակում»,-ասում է Մարգարյանը:
Մինչդեռ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը հակադարձելով նշում է, որ Գյումրում անօթևան է 4000 ընտանիք:

«1998 թվականին քարոզարշավի շրջանակներում Քոչարյան Ռոբերտը խոստացավ աղետի գոտին վերականգնել 2001-ին, 2001-ին խոստացավ ավարտել 2003 թվականին: 2003-ին, 2004-ին Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի շնորհիվ մոտավորապես 2400 բնակարան հանձնվեց Գյումրում, նաև մյուս բնակավայրերում, և հայտարարվեց, որ աղետի գոտին վերականգնվել է, սա արդեն զարգացման գոտի է, մենք անօթևաններ չունենք»,- ասում է Բարսեղյանը:

Սակայն զարգացման գոտին պետք է բացառեր անօթևանությունը, տնակային թաղամասերը, աղքատության ու արտագաղթի բարձր շեմը: Նախքան երկրաշարժը Լենինականի բնակչությունը 221-234 հազար էր, իսկ 2011-ի հոկտեմբերի մարդահամարի պաշտոնական տվյալներով` 121.500, սակայն իրական թիվն ավելի փոքր է: Գյումրու բոլոր դպրոցներում երկրաշարժից առաջ սովորել է 52-56 հազար աշակերտ, այսօր՝ 14.500:

«Այս երկու համեմատությունները բոլորիդ միանգամից հասկանալ են տալիս, թե Գյումրին ո՛ւր է, ի՛նչ է»,- ասում է Բարսեղյանը:

2012 թվականին Շիրակի մարզում աղքատության միջին մակարդակը ողջ հանրապետությունում ամենաբարձրն էր՝ 47,7 տոկոս, ինչը նշանակում է, որ պաշտոնական տվյալներով՝ Շիրակում յուրաքանչյուր երկրորդն աղքատ է: Գյումրու աղքատների գերակշիռ մասը տնակային թաղամասերի բնակիչներն են՝ սոցիալ-տնտեսական անսահման խնդիրներով:

Արդեն մեկ տարի է, Գյումրում անօթևանների համար ոչ մի նոր բնակարան չի կառուցվել:

Ըստ «Շիրակ կենտրոն» ՀԿ ղեկավար Վահան Թումասյանի՝ նախնական տվյալներով Շիրակի մարզում անօթևանների համար նախատեսված բնակարանաշինությունը պետք է սկսվեր այս տարվա ապրիլին և ավարտվեր սեպտեմբերին՝ 420 բնակարան Գյումրում, 140 բնակարան՝ Ախուրյանում և 50 բնակելի տներ գյուղական համայնքներում: Թումասյանը բազմաթիվ նամակներ է հղել քաղաքաշինության նախարարություն, որտեղից նամակները ուղարկվել են շինարարությունը իրականացնող «Գլենդել հիլզին»:

Թումասյանը նշում է, որ «Գլենդել հիլզը» բազմաթիվ թերություններով 2812 բնակարան արդեն իսկ շահագործման էր հանձնել: Ըստ նրա՝ «Գլենդել հիլզին» կառավարությունը պետք է զրկեր հետագայում ևս աղետի գոտում գործունեություն ծավալելու հնարավորությունից:

«Թող կառավարությունը նոր մրցույթ հայտարարեր, ընտրեր տեղի շինարարական կազմակերպություններից որևէ մեկին, տեղի աշխատաուժին, թող օգտագործեին մեր տեղական Արթիկի տուֆը, մինչդեռ այնպիսի շինանյութ են օգտագործել, որը անթույլատրելի է Գյումրու նման ցուրտ պայմանների համար»,- ասում է նա:

Հնչող քննադատություններից հետո Գյումրում նախատեսվող շինարարության դանդաղեցման հետ կապված, «Գլենդել հիլզ» ընկերության նախագահ Էդուարդ Մելիքյանը հայտարարեց, որ դրանք պայմանավորված են լրացուցիչ բնակարանների կառուցման վերանախագծման խնդրով:

Ավելի ուշ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, նախագահ Սարգսյանի հետ այցելելով Գյումրու շինհրապարակներ, հայտարարեց, որ բնակարանաշինությունը աղետի գոտում վերսկսել են 2013 թ. սեպտեմբերից, և 2013-14 թթ. աղետի գոտում ևս 1315 բնակարան կկառուցվի: Բնակարան ստանալու համար փաստաթղթերի ներկայացման ժամկետը 2011-ի նոյեմբերից երկարացվել էր մինչև 2012-ի դեկտեմբերի վերջը: Հայտերի աճի հետ կապված՝ շինարարությունը վերստին նախագծելու անհրաժեշտություն է ծագում, ինչի պատճառով էլ նոր բնակարանների շինարարության հարցը փոքր-ինչ ձգձգվում է:

Աղետի գոտում (ներառյալ Գյումրին և Շիրակի ու Լոռու մարզերի մի շարք բնակավայրեր) պետական շինաշխատանքների ընդհանուր ծավալը կկազմի 85 մլրդ դրամ: 2008-ին մեկնարկած ծրագրով արդեն 3760 բնակարան է կառուցվել: Մինչև 2013-ի վերջը և 2014-ի առաջին կիսամյակը նախատեսվում է կառուցել ևս 1315 բնակարան: Ծրագիրն իրականացվում է 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած շրջաններում:

Ներկայումս ծրագրի կապալառու «Գլենդել հիլզ» ընկերությունը Գյումրում մոտ 430 բնակարան է կառուցում, ևս 32-ը՝ Ախուրյանում:

Վահան Թումասյանի կարծիքով՝ շինհրապարակներ պաշտոնյաների այցելություններից կարելի է մեկ բան ենթադրել. «Գյումրում ավելի շատ իմիտացիա է ստեղծվում, որ շինարարություն է ընթանում, մե՛կ բուլդոզեր է աշխատում, մե՛կ՝ մեքենա, նոր սկսել են այդ շենքերի հիմքերը փորել: Ախուրյանում, կարծես, շինարարական աշխատանքներն ավելի լավ վիճակում են, կարծես թե բրիգադներ կան, որ աշխատում են»:

Ըստ նրա՝ նրա համար, որ Գյումրում դեռ անօթևաններ կան, մեղավոր են Հայաստանի բոլոր երեք նախագահներն իրենց կառավարություններով:

«Անօթևանության խնդիրը հնարավոր էր շատ արագ Գյումրում լուծել, շրջափակում, պատերազմ՝ էդ ընդամենը դեմագոգիա է, իսկ էն, ինչ որ գողացան իրենք, էն, որ աղետի գոտուն էր հատկացված... Նայեք, թե Երևանի ասֆալտապատման համար քանի միլիոն են հատկացնում, երբևէ տեսե՞լ եք, որ նման որոշում կայացվի Գյումրու համար: Սա նշանակում է, որ Գյումրին նրանց համար օտար է, ու Երևանից էն կողմ բան չեն տեսնում: Վրեժ են լուծում Գյումրուց ոչ միայն նրա համար, որ իշխանությունները այստեղ երբեք ձայն չեն տանում, այլ որ մարդկային, հոգեբանական այլ գործոն էլ կա»:


Խմբագրի կողմից. Այս խորագրի ներքո «ԱրմենիաՆաուն» կայցելի Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրի, որտեղ 1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժը կործանեց քաղաքը, խլեց ավելի քան 25.000 մարդու կյանք, հազարավոր մարդկանց անօթևան թողեց էպիկենտրոն Սպիտակում, Գյումրում (նախկին՝ Լենինական), Ստեփանավանում և Վանաձորում (նախկին՝ Կիրովական): Երկրաշարժի հետևանքներն ի ցույց դրեցին ԽՍՀՄ-ի փլուզվող վիճակը, և Հայաստանի ու սփյուռքի միջև նոր հարաբերությունների սկիզբ դարձան: Հետագայում երկրաշարժը դիտարկվում էր որպես պայքարի հաշվարկման կետ Հայաստանի վերականգնման համար, միևնույն ժամանակ պատերազմի մեջ լինելով Ադրբեջանի հետ և գտնվելով Թուրքիայի կողմից շրջափակման, ինչպես նաև էներգետիկ ճգնաժամի մեջ: ԽՍՀՄ-ից որբ մնացած և օտարերկրացիների, հիմնականում՝ Արևմուտքի, ողորմածությանը հանձնված Հայաստանը, որը գրեթե 7 տասնամյակների ընթացքում զրկված էր շփումներից, ցնցվեց բոլոր ճակատներում: Ավերածությունների, բռնի տեղահանումների և պատերազմի տարիներին անասելի ցուրտ ձմռան պայմաններում երկիրն ուշքի էր գալիս՝ միաժամանակ փորձելով հաղթահարել ժողովրդավար դառնալու մարտահրավերները: Ոչ մի ճգնաժամ այնքան դաժան չի եղել, որքան դրանից գրեթե 70 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի Շիրակի մարզը այլևս «աղետի գոտի» չէ, սակայն կյանքն այստեղ դեռևս վերականգնման ընթացքի մեջ է: Մոտենում է այդ ճակատագրական օրվա 25-րդ տարելիցը, և բնակիչները վերապրում են այդ օրերի զգացողությունները և դրանց հետքը իրենց հետագա կյանքի վրա…