Հիշելով Սպիտակի երկրաշարժը. «…Կամքի ուժը սահման չունի»

«Փլատակների տակ կորցրել էի ոտքերս, չէի գտնում... ծալվել էին, ա՛յ այսպես կողքիս էին, ճտքակոշիկներիցս ճանաչեցի, որ իմ ոտքերն էին: Երբ ձեռք տվեցի, հասկացա, որ կտրված էին ինձնից, բայց ցավ չէի զգում: Դրսից մի տղամարդ ասաց, որ եթե մի փոքր բարձրանամ, թերևս կարողանա ինձ օգնել: Բռնեցի ամենամոտ գրասեղանի երկաթե ձողերից ու ինձ քարշ տվի այն անցքը, որ դրսից ցույց էին տալիս»,- պատմում է 41-ամյա Մարինե Ասատրյանը և, վարպետորեն պտտելով անվասայլակի անիվները, սուրճով լի սկուտեղը խոհանոցից հասցնում հյուրասենյակ:

Հիշողությունները գծագրվում են Մարինեի հայացքում, ցավն աչքերի խորքում է, ձայնին շաղախվում է անդառնալի ափսոսանքի կորուստը, սեփական մարմինը 25 տարի առաջ տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների կրողն է:

«Կյանքն ինքնին մենամարտ է, պետք է ապրել ու պայքարել, ապրել ու ապրեցնել: Ես ժպտում եմ ինձ շրջապատողներին, այն, ինչ զգում եմ, ներսումս, միայն ինձ է պատկանում: Նրանց ես պարտավոր եմ միայն դրական լիցքեր հաղորդել, պարտավոր եմ միշտ ուժեղ լինել իրենց կողքին, իրենց հետ»,- ասում է Մարինեն ու ժպիտով պատասխանում 78-ամյա մոր՝ Նվարդի բոլոր հարցերին, ով օգնում է աղջկան սուրճի սեղանը գցելու:

Մայր ու աղջիկ բնակվում են Երևանից 93 կմ հեռավորության վրա գտնվող Սպիտակ քաղաքում, որը 1988 թվականի ավերիչ երկրաշարժի ժամանակ վայրկյանների ընթացքում հողին հավասարվեց՝ իր հետ տանելով 4 հազար մարդու կյանք: Փլատակների տակ բազմաթիվ մարդկային սրտեր պայքարում էին կյանքի ու մահվան սահմանագծին, նրանց մեջ էր 16-ամյա Մարինեն:

Տարիներ առաջ տեղի ունեցած աղետի մասին ֆիլմի նման է պատմում՝ կադրեր կան, որոնց մասին հնարավոր չէ մեկ ակնթարթով անցնել, թեկուզև 25 տարի անց: 18 հոգանոց դասարանից մահանում են հինգը, երկուսը գամվում են հաշմանդամի սայլակին, մնացածը ստանում են մարմնական տարբեր վնասվածքներ: Հարազատներից ու բարեկամներից Մարինեն կորցում է 40 մարդու: Տան մի անկյունում դրված լուսանկարից ժպտում է եղբոր մանկահասակ աղջիկը՝ Քրիստինեն, ում կորցրել են երկրաշարժի ժամանակ:

«Չգիտեմ ինչու, այդ օրը չէի ուզում դպրոց գնալ, բայց գնացի, ուզում էի գոնե մի ժամ շուտ դպրոցից դուրս գալ, էլի չգիտեմ ինչու, բայց դուրս չեկա: Չգիտեի, որ այդ օրը վերջին անգամ եմ քայլում... Հետո արդեն ավելի ուշ ուղղաթիռով ինձ ու հորս տեղափոխեցին Երևան, որտեղ էլ վիրահատեցին ողնաշարս, հաջորդ երեք ծանր վիրահատություններն արդեն Նյու Յորքում արեցին,- պատմում է Մարինեն՝ անընդհատ շփելով սառչող ձեռքերը: - Հուզվեմ-չհուզվեմ՝ դողում եմ, նյարդերիցս է: Չեմ նեղվում, դուք վատ մի՛ զգացեք, ցանկացած կյանքի փուլ անցնում ենք, իհարկե՝ չմոռանալով անցյալը, բայց ես նաև չեմ սիրում շատ ապրել անցյալում, չեմ էլ սիրում ապագայից առաջ ընկնել»:

45 հիվանդների հետ միասին Մարինեն 1989-ի փետրվարին տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ ողնաշարի երկու և պառկելախոցի մեկ պլաստիկ վիրահատություններ են կատարում: Ողնաշարի երկրորդ վիրահատությունը տևում է 6 ժամից ավելի, նստելատեղի պառկելախոցինը՝ 4 ժամ, ողնաշարի երրորդ վիրահատությունը՝ 12 ժամ:

«Մեծ դժվարությամբ ողնուղեղս մաքրել էին ոսկորների կտորտանքներից, մյուս կողոսկրս ամրակներով միացրել էին ողնաշարիս: Կրծքավանդակիցս մինչև նստելատեղիս կենտրոնը երկաթե ամրակներ են դրված, էս կողմից կողոսկրերիս երկու մատները չկան, ինձ երկաթից մարդ սարքեցին: Նույնիսկ մտածում էին՝ չեմ նստի, բայց ինքս իմ վրա աշխատելով նստեցի, ասում էին՝ չես կանգնի, բայց կանգնեցի ու քայլեցի այդ ամենով հանդերձ»,- փայլող աչքերով պատմում է Մարինեն:

Մայրը չի պատասխանում հարցերին և ասում է. «Լացս գալիս ա, մի հարցնի, գործ չունես, վերքերս բաց անել մի՛ տա, է՜... մեր աղջիկը իսկական Կամոն ա»:

«Մենակ էն, որ ես կողքիդ եմ՝ հերիք է, որ հիշես, մա՛մ ջան»,- պատասխանում է աղջիկը:
Հետվիրահատական շրջանը հաղթահարելուց հետո Մարինեն վերադառնում է հայրենի Սպիտակ, որտեղ ամենուր փլատակներ էին ու ժամանակավոր կացարաններ: Կենցաղային անհարմարությունները աղջկան դարձնում են ջղագրգիռ, հատկապես ԱՄՆ-ի հարմարավետ պայմաններից հետո:

«Ձեռքերով այնքան էի խփում ոտքերիս, մինչև արյունոտվում էին, և հատկապես այն պահերին, երբ ինձ խեղանդամ էին համարում և խղճահարությամբ նայում: Ծնողներս վշտանում էին, բայց չէին միջամտում, հասկանում էին ինձ»,- գրում է Մարինեն 2011-ին լույս տեսած իր «Նոր օր է, կամքի ուժը սահման չունի» գրքում:

Այնուհանդերձ կյանքի դժվարությունները կոփում են Մարինեին: Նա սկսում է մթության մեջ ոչ թե լույսը փնտրել, այլ տեսնել, ոչ թե շոշափել, այլ միանգամից բռնել, կյանքի կողքով ոչ թե անցնել, այլ ներխուժել նրա հորձանուտը, շարժվել, վազել, թեկուզ առանց ոտքերն զգալու:

«Կարծում եմ՝ ես կարողացա հաղթահարել ինձ բաժին ընկած փորձությունը, սովորեցի ապրել այնպես, ասես ոչինչ էլ չէր պատահել՝ ծիծաղում էի, կատակում: Ինչ անեի, եղածը եղած էր, քանի որ Աստված կամեցել էր, պիտի շարունակեի ապրել: Ինքս ինձ հավատացրի, որ եթե փրկվել եմ, ուրեմն անելիք ու պարտականություններ ունեմ այս աշխարհում: Պետք եմ ծնողներիս, ընտանիքիս, ինչու չէ՝ նաև հասարակությանը,- ասում է Մարինեն: - Ինձ համար սակայն ամենակարևորը ներքին ինքնավստահությունն էր, որ կյանքը շարունակվում է: Ես կարող էի հաղթահարել այլ փորձություններ ևս և լիարժեք ապրել: Այդ համոզմունքով շարունակեցի կոփել մարմինս, զորացնել այն, ինչ թողել էր ճակատագիրը: Ինձ ստիպում էի քարքարոտ, զառիվեր փողոցներով ժամերով քայլել: Նպատակս ոչ միայն մի քանի մետր հաղթահարելն էր, այլև կամքս թրծելը»:

Երկրաշարժից մեկ տարի անց Ղրիմի Սակի քաղաքում Մարինեն սայլակով կանանց վազքի մրցույթում զբաղեցնում է երկրորդ տեղը: Այնուհետև անդամագրվում է «Փյունիկ» հաշմանդամների միությանը, զբաղվում լեռնադահուկային սպորտով, նետաձգությամբ, բասկետբոլով, ծանրամարտով՝ բազմաթիվ անգամներ պատվավոր տեղեր զբաղեցնելով: Զուգահեռաբար սկսում է հաճախել հայկական Կարմիր խաչի վերականգնողական կենտրոնի դասընթացների, այնուհետև սովորում Սպիտակի պետական քոլեջում, Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանում:

1996-ին Սպիտակում հիմնում է «Նոր Սպիտակ» հաշմանդամների ՀԿ-ն, որը զբաղվում էր հասարակությունում հաշմանդամների ինտեգրմամբ:

«1999-ին առողջական խնդիրներս ինձ խեղդեցին, ու նորից նստելատեղի վիրահատության գնացի՝ աստիճանաբար թողնելով հասարակական գործունեությունս: Մի քանի տարի է, թողել եմ նաև ակտիվ սպորտային կյանքը, ողնաշարիս ամրակները բարդություններ են առաջացրել: Դրանք դրված էին որոշակի ժամանակահատվածի համար: Սկզբում ասում էին, որ գուցե ինձ 6 տարի ծառայեն, բայց ես դրանք արդեն կրում եմ 25 տարի, ու դեռ ծառայելու են, չեն կարող չծառայել: Իսկ նորից վիրահատվելը, ԱՄՆ գնալը՝ մեծ ծախսերի հետ են կապված, որոնք ինձ համար շատ դժվար են...» - բացատրում է Մարինեն:

Չնայած առողջական խնդիրներին՝ այնուհանդերձ, նրա անհանգիստ ու պրպտուն հոգին ձեռնամուխ է եղել «Սպիտակ բազե» նոր ՀԿ հիմնադրմանը, որը զբաղվելու է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու շահերի պաշտպանությամբ:

Մարինեն խոստովանում է, որ ամեն տարի մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության օրը, քայլում է 25 կմ՝ վարելով հաշմանդամի իր սայլակը, Երևան-Էջմիածին մայրուղիով մասնակցելով երթ-մարաթոնին:

«Խենթ չեմ, բայց այդ օրը ես վայելում եմ ազատությունը, տարածությունը, կյանքի արագությունը, տիեզերքի անսահմանությունը, մեզ պարուրող մեղմ գույները, իմ ոտքերի ամուր հպումը գետնին, իմ մայր հողին, ես անդադար ուզում եմ շարունակել քայլել...» - ասում է Մարինեն ու շոյում արդեն 25 տարի անշարժացած ոտքերը: