Սպիտակի երկրաշարժ. 25 տարի անց… փակ դռներ Նալբանդ գյուղում

Երիտասարդ կինը ձեռքերի ճկուն շարժումներով ցույց է տալիս, թե ինչպես կարելի է պրոթեզի մետաղե լարերը փոխարինել մեղրամոմով մոմած կոշկարի ամուր թելով:

«Բոլտ ու գայկա եմ նաև դրել, 2008-ից հետո երեք անգամ քանդել ու հավաքել եմ: Հին պրոթեզի մասերից էլ տանը ունենք: Թե չէ պոկվում է, գնում-հասնում ենք Երևան, էնտեղ էլ նեղվում են, բարկանում, թե, վա՜յ, չունենք, չկա, մեր մոտիները ամերիկյան չեն, գերմանական են, դե, մենք էլ մեր գլխի ճարը ինքներս ենք տեսնում»,- ասում է 37-ամյա Լիլիթ Նալբանդյանը՝ ուղղելով ամուսնու վերնաշապկի թևքերը:

«Կինս անցել է պրոթեզավորման մասնագիտության: Կոշիկը ո՞նց է մաշվում, որքան շատ հագնես, այնքան շուտ կմաշվի, չէ՞: Իսկ ես սա ամբողջ օրն օգտագործում եմ: Մաշվեց՝ պետք է փոխվի: Հայաստանում չկա այն ամենը, ինչ արվել է ԱՄՆ-ում, անգամ փոխելու դեպքում: Ամերիկյան պրոթեզները շատ պրակտիկ են: Թե չէ այնպես կոսմետիկ ձեռքեր ունեմ, բայց ինչի՞ս է պետք, գցած են տան մի տեղ, չեմ էլ օգտագործում: Ծանր են ու գործողություններ չեն անում»,- Լիլիթին լրացնում է ամուսինը՝ Հրաչը, և կնոջ վերանորոգած պրոթեզով վառում հերթական ծխախոտը:

Հրաչի աչքերում ժպիտն անսպառ է, որքան էլ սրտի խորքում ծանրությունը շատ է: Անցյալի մասին փորձում է հումորով պատմել, երեխաները լսում են հոր պատմությունը ու նրա մեջ տեսնում կենդանի լեգենդի, ով կարողացել է մեկ օր դիմանալ եռահարկ դպրոցի շենքի փլատակների տակ:

Նալբանդյանների երիտասարդ ընտանիքը ապրում է Սպիտակի երկրաշարժի էպիկենտրոնում՝ Լոռու մարզի Շիրակամուտ (նախկին Նալբանդ) գյուղում:

«Ջարդելով գալիս էին՝ լոմով: Շուխուռ արեցինք, որ հեսա մեր գլխին եք տալու, դրսից գոռում են՝ հլը արխայի՜ն, հլը վերևի շերտն ենք, հլը ո՜ւր ես, որ ձեզի հասնենք, դուք արխային պառքեք, բայց, դե, իրականությունը ծանր էր... մեր դասարանից 9-ը հոգի, զուգահեռ դասարանից՝ 12... Ես, Ազնիվը, Ազգուշը, Մստոն հաշմանդամ դարձանք»,- Սպիտակի երկրաշարժն է վերհիշում 39-ամյա Հրաչը:

Երկու տղաների՝ Մուշեղի ու Արշակի, աղջկա՝ Թագուշի հայացքներում Հրաչի ժպիտի շարունակությունն է: Իսկ Արշակի աչքերից հայրն է նայում:

«Քաշած գինի չունե՞ս, հլը բեր՝ խմենք, թող Նալբանդի խաղողի համը տեսնեն: Լիլիթը Աշտարակից է հարս եկել Նալբանդ ու գինի քաշելու իսկական վարպետ է»,- կնոջն է ներկայացնում Հրաչը:

Ընտանիքը հավաքվում է իրիկնահացի սեղանի շուրջը: Ինչպես հատուկ է յուրաքանչյուր շիրակամուտցու՝ առաջինը խմում են 25 տարի առաջ տեղի ունեցած անմեղ զոհերի հիշատակի կենացը:

«Եթե մեր գյուղի տեղը քաղաք լիներ, ահավոր էր լինելու: Գետինը բացվել էր, տեղաշարժվել էր, գյուղի կողքով անցնող երկար գիծը 10-12 մ տեղափոխել էր դեպի ներքև....»,- ասում են սեղանի շուրջը հավաքվածները:

Հրաչը պատմում է, որ երկրաշարժից հետո Նալբանդում բոլորն անտուն մնացին, այդ թվում նաև՝ իրենք: Հայրական տան փլատակների տակ է մնում նաև Հրաչի մայրը: Երկու եղբայրներից միայն մեկի ոտքն է վնասվում:

«Ցնցումները չեմ հիշում, միայն՝ ժխոր ու մեկ էլ ամեն ինչ լռեց... Ուշքի եկա, գիտեի՝ երազ է, գիտակցությունս կար-չկար, կար ու չկար... հետո հասկացա՝ երկրաշարժ է: Մարդիկ դրսից բղավում էին՝ տասե՞րն եք, հինգե՞րն եք, դասարաններով էին փնտրում իրենց երեխաներին: Հենց ձայներ էին լսում, սկսում էին հարցեր տալ, ճշտել՝ ո՞վ կա փլատակների տակ,- պատմում է Հրաչը ու ժպտալով պատասխանում: - Ինձ հանեցին հաջորդ օրը՝ լուսադեմին, դե, մինչև էդ էլ երեք հարկ պահում էի թևերիս վրա, էն էլ հոգնեցի, չկարողացա մինչև վերջ պահել»:

Հրաչը թևերը չի զգում արդեն շտապօգնության մեքենայում: Նրան վիրահատում են Երևանում, նաև գլխի վնասվածքներ է ունենում: Պրոթեզավորման նպատակով երեք անգամ՝ 1989-ին, 1992-ին և 2008-ին մեկնում է ԱՄՆ՝ Չիկագո: Այդ ընթացքում սովորում է նաև Երևանի պետական համալսարանի իրավաբանական բաժնում: Այսօր աշխատում է Շիրակամուտի դպրոցում որպես պատմության ուսուցիչ:

«Ուժե՞ղ եմ՝ չգիտեմ... Ինձ համար կյանքը պայքար է, ներքուստ շատ դժվար է: Մարդ ուժեղ է, երբ ձգտում է խնդիրները լուծելու: Կոնֆլիկտը հարցի լուծման մեխանիզմն է, իսկ ես ավելի շատ սիրում եմ այդ կոնֆլիկտները քնած վիճակում շրջանցել»,-խոստովանում է Հրաչը:

Սակայն Լիլիթն ասում է, որ ամուսնու կամքի ուժը օրինակ է իրենց բոլորի համար:

«Հրաչն ուժեղ է, ինձնից կախված չէ, ինքնուրույն է: Մի քանի տարի առաջ գլխի ուժեղ հիվանդություն տարա, պառկել էի ու չէի կարողանում վեր կենալ, նայում էի Հրաչին ու ինքս ինձնից ամաչում, թե ինչո՞ւ եմ պառկած, մի՞թե նրա կեսի չափ կամքի ուժ չունեմ»,- պատմում է կինը:

Նոր տանը ընտանիքը ապրում է 2003-ից, մինչև այդ ապրել են տնակում: Երեխաներից միայն Արշակն է, որ տնակում չի ծնվել:

Հրաչին անհանգստացնում են գյուղի փակ դռները, դպրոցի տարեցտարի պակասող դասարանները, քիչ ծնունդները: Ասում է, որ այս տարի Սամարայում, որտեղ արտագաղթել են շատ շիրակամուտցիներ, 13 երեխա է ծնվել, իսկ Շիրակամուտում՝ 9:

«Երեխան դրսում մեծացավ, այլևս երբեք չի գա այս գյուղում ապրելու: Մեկ շաբաթ հաճույքով կմնա, որովհետև նրա համար նորություն կլինի, իսկ հետո կգնա: Մեր հասարակության ու մեր երկրի համար այդ մարդիկ կորած են, այլևս չկան: Այս հսկա գյուղով քայլենք՝ փակ ա, փակ ա, բաց ա, փակ ա, փակ ա, բաց ա: Այդ բացը երկար ժամանակ չունի, թող Աստված մեր ծերերին երկար կյանք տա, բայց վաղ թե ուշ գնալու են, իսկ նրանց փոխարինողները այլևս չեն գա,- ասում է Հրաչը: - Մի փոքր վերաբերմունք է հարկավոր մնացածին տեղում պահելու համար, մի բան մշակեն, մարդու ոտքը մի կերպ երկրին կապեն, որ մարդը մնա, չգնա... դրա լուծումը կա, մի՛ մոռացեք, որ մեր ազգից ստեղծարար ու աշխատող ազգ չկա»:

Հրաչը համեմատում է գյուղի վերջին 25 տարիները ու ասում, որ «երկրաշարժից առաջն ու հետոն» դարձել են ժամանակագրական հասկացություն, ինչպես մ.թ.ա.-ն:

«Մարդիկ խոսում են փողոցում. «Ժաժքից առաջ սպես, ժաժքից հետո՝ սպես, չէ՜, իմ ասածը ժաժքից առաջի մասին է»: Մի տերմին է, որը կիսում է մեր կյանքը երկու մասի: Իհարկե, ժաժքից առաջ լավ էին ապրում, իսկ ժաժքից հետո ամեն ինչ կործանվեց՝ տուն, աշխատանք, մարդկային կյանքեր, տարիներ էին պետք վերականգնվելու համար»:

Հրաչի կյանքը վերականգնվել է աստիճանաբար՝ տուն, ընտանիք, երեխաներ, աշխատանք, բայց միևնույն է, դժվարությունները շատ են, սակայն ամենացավոտը Հրաչի համար գյուղի փակվող դռներն են:

«Գնացողին չենք կարող մեղադրել, բայց չենք էլ կարող բոլորս գնալ, լավ, բա ո՞ւմ թողնենք մեր էս հողը, ախր մերն է, չէ՞, պետք է ապրենք, հաղթահարենք, շենացնենք, ուժեղ լինենք... ամենամեծ հարստությունս մնացել են երեխեքս, գուցե վաղը իրենց համար ավելի դժվար լինի ապրելը, բայց մեկ է՝ մեզնից լավ են ապրելու»,-լավատեսորեն ասում է Հրաչը: