Սպիտակի երկրաշարժ. Ասատրյանների ընտանիքի 25-ամյա համակերպման պատմությունը

Ծերունու սպիտակ կոպերը կարմրում են, ձայնը հեռվից է հնչում, անցյալն ու ներկան ներսում շաղախվում են իրար, փորձում է թաքցնել լցված աչքերը, փորձում է ուժեղ երևալ, բայց որդու ներկայությունը հերիք է, որ փուլ գա...


«Հենա քաշեցի-հանեցի, աշխարհը քանդվել էր, պաժառի մեջ էի, չգիտեմ՝ ընչի մեջ էի... բայց ուրախ էի համ էլ, ընչի՞ համար էի ուրախ, որ սաղ է, կենդանի է՝ փրկություն կլինի, չէի պատկերացնում, որ ողնաշարը այդ վիճակին կլինի,- պատմում է 77-ամյա Սամվել Ասատրյանը: - Մեկն ասեց՝ Արսենի ձայնը որ կողմից է լսել, հենց ըտեղ էլ սկսեցի քանդելով փորսող առաջ գնալ, մինչև տեսա ոտքերը: Կոշիկներից ճանաչեցի, բայց գիտե՞ք բանն ինչում էր՝ ոտքերը երեսի վրա էին պառկած, իսկ ինքը հոլորված էր... Ես եմ իրեն փլատակներից հանել»:

Ծանր լռություն է: Սամվելի պատմածը փորձում են նորից տեղավորել հիշողության պահոցներում: Հաշմանդամի սայլակին նստած 47-ամյա Արսենը ժպտալով նայում է հորը ու ասում. «Իմ փրկիչ ջոկատն է»:

Ասատրյանների ընտանիքը, վերապրելով Սպիտակի աղետալի երկրաշարժը, շարունակում է Սպիտակում ապրել: Բնական աղետը կոտրել է ընտանիքի մեջքը, բայց նաև թույլ տվել ապրել ու շարունակվել:

«Երկրաշարժեր շատ էին եղել, բայց որ երկրաշարժը կարող էր նման ավերածություններ առաջացնել, ո՞ւմ մտքով կանցներ: Էդ անգամ լրիվ ուրիշ էր, ուժեղ ձայն էր գալիս, շա՜տ ուժեղ, էդ ի՜նչ ձայն էր, շատ խուլ, դղրդոց ու ցնցում, մի հատ սենց, հետո մի հատ սենց... Երկիրը մթնել էր, որովհետև էդ սաղ քանդվել էր, ու էդ թոզը արևը փակել էր»,- պատմում է Սամվելը:

Այդ տարիներին աշխատելիս են լինում Սպիտակի վերելակի գործարանում: Արսենն ասում է, որ ընկերոջ հետ Սումգայիթի ջարդերի լուսանկարներն էին պատճենահանում, իսկ աշխատասենյակը երրորդ հարկում էր:

«Ես չպետք է ընկնեի, այդ ընթացքում մի կին ներս մտավ ու սկսեց ընկերոջս հետ զրուցել, ես դուրս եկա միջանցք, որպեսզի ազատ խոսեն: Հենց դուրս եկա, երկրաշարժ եղավ: Իրենց ոչինչ չեղավ, այդ հատվածը մնաց, իսկ դռնից դուրս փուլ եկավ, ու ես էլ՝ հետը: Ճակատագիր է, ամեն մարդ իր ճակատագիրը, ոնց որ էդ կինը իմ տեղը գար,- հիշում է Արսենը: - Մինչև դուրս կհանեին, մի քանի ժամ անգիտակից եմ եղել, հետո արթնացել եմ ցավերից»:

Արսենին տեղափոխում են Երևան, այնտեղից՝ Մոսկվա՝ Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժական ինստիտուտ:

«Սովետի առողջապահության մինիստրն էլ եկավ, նայեց Արսենիս, ու տարան Բուրդենկո՝ սպինամազգավոյ ցենտր: Ասում եմ. «Էս, բա ինձ չե՞ք տանում...» Չտարան: Մի քանի օր անց լուր եկավ, որ Արսենս ինձ ա ուզում: Որոշեցի, որ գնում եմ Մոսկվա, բայց ո՞նց, ո՛չ փող, ո՛չ մի բան չունեմ, ո՛չ անձնագիր, բայց գնում եմ, ու տեսեք՝ է՛ն ժամանակ էր մարդասիրությունը, հիմա չկա էդ բանը: Դուրս եկա փողոց... մի մեքենա եկավ կամավորական ջոկատներով, ինձ հետները բերին Երևան ու հասցրին ՀԱՄԽ (Հայաստանի արհեստակցական միությունների խորհուրդ): Երկար հարցուփորձ արեցին, ստուգեցին ով լինելս, 300 մանեթ տվեցին, որ հասնեմ Մոսկվա»,- հիշում է Սամվելը:

Մոսկվայում որդուն այդպես էլ չեն վիրահատում՝ ասելով, որ խնդիրներն ավելի կբարդանան, քանի որ երիկամները սեղմված վիճակում են: 25 տարի անց էլ Սամվելը շնորհակալության խոսքեր է հնչեցնում այն մարդկանց հասցեին, ովքեր իրենց կողքին էին և օգնում էին ինչպես կարող էին:

«Արսենի ջերմությունը երիկամների պատճառով չէր իջնում, մի կին կար, ռուս էր՝ Գալյան, Արսենին շատ էր սիրում, մի դեղ բերեց, ասեց՝ սրանից մի գդալ կտաս, մի կտոր շաքարով թող խմի: Հետո իմացանք, որ էդ կինը Կրեմլի ապտեկի վարիչն էր ու դեղը գաղտնի էր բերել, հենց մենակ Արսենիս համար,- հիշում է հայրը: - Անծանոթ մարդիկ էին գալիս, սնունդ բերում, ու էնքան ջանով, էնքան մարդկային, բայց էս 25 տարում մարդիկ փոխվել են, սառել: Ես 300 ռուբլով հասա Մոսկվա, բայց այնտեղ 14 հազար ռուբլի հավաքվեց»:

Մինչ հայր ու որդի փորձում են թերթել կյանքի անցանկալի ու տխուր էջերը, Արսենի կինը՝ Արուսյակը, թեյի սեղան է գցում ու համեստորեն ներկայացնում իրենց սիրո պատմությունը: Հանդիպել են երկրաշարժից մեկ տարի անց՝ Երևանի ֆիզիոթերապիայի ինստիտուտում, որտեղ Արսենը վերականգնողական բուժումներ է ստանում, սովորում կյանքի այն հմտությունները, որոնց այսուհետ պետք է տիրապետեր սայլակին նստած:

«Նոր էի ավարտել ֆիզկուլտ ինստիտուտը, սկսել էի աշխատել այդտեղ որպես բուժական ֆիզկուլտուրայի մասնագետ: Ուղակի էն, որ հարյուրից մեկի մոտ է լինում, որ հոդերում գերաճ է տալիս, ու հենց էդ մեկն էլ Արսենն էր, նրա մոտ փաստորեն հենց սկզբից գերաճ է տվել: Արսենի ծնկներն էլ չեն ծալվում: Պրոֆեսոր Դիկուլի մոտ էլ գնացինք, եթե ուրիշների մոտ 80 տոկոս էր վարժությունը լինում, իր մոտ՝ 10 տոկոս: Ամերիկայում էլ ասացին, որ արդեն ուշացրել ենք»,- պատմում է 46-ամյա Արուսյակը:

Ֆիզիկական խնդիրներն անզոր են եղել մեծ սիրո առաջ: Արուսյակը կայացրել է իր կյանքի ամենակարևոր որոշումը՝ մնացած կյանքն անցկացնել Արսենի կողքին, նրա հետ քայլել, նրա հետ կիսել երջանկությունը: Կինը կառուցում է Արսենի կիսատ մնացած կյանքը, երջանկացնում նրան, այսօր արդեն ունեն 20-ամյա Նարե-Մարիամին և 13-ամյա որդուն:

Պահարանի մի անկյունում նրանց ապրած կյանքի դրվագներն են ՝լուսանկարներով: Նկարներից մեկում աղջիկն է հարսանեկան զգեստով՝ ամերիկացի փեսացուի հետ:

«Այս ամառ նրանց պսակադրությունը արեցինք Սպիտակի եկեղեցում»,- ժպտում է Արսենը:
Կինը համեստորեն լռում է, աչքերը շոյում են ամուսնուն սիրով: Հոգատարությամբ հետևում է նրա յուրաքանչյուր շարժմանը՝ թույլ տալով, որ ինքնուրույն լինի:

Փոխարենը ընտանիքում ամենաշատը իր սիրտն է փորձում բացել Սամվելը. «Երկու երեխա արդեն ունեինք, բայց ո՞նց եղավ, Արսենին էլ ունեցանք, ու ես ասում էի. «Աստվա՛ծ ջան, դու ուզեցիր, որ Արսենս ծնվի, ինչո՞ւ դաժան գտնվեցիր»: Բայց մի բանից գոհ եմ, որ էս հարսը պատահել ա, որ երկու լավ երեխա է պարգևել մեզ: Ասում են՝ Աստված մի դուռը որ փակում ա, մինը բաց ա անում: Բա սիրել ա, որ եկել ա, չէ՞ որ ամուսնության ժամանակ էն մի թերությունն էլ հաշվի են առնում: Բայց նա այդ ամենը տեսնելով ա եկել, գոհ ու շնորհակալ եմ, Աստվա՛ծ ջան»,- նորից հուզվում է Սամվելը:

Կողքի սենյակում Արսենի արվեստանոցն է: Նկարում է 1997 թվականից: Ցուցահանդես է ունեցել Մեծ Բրիտանիայի Յորք քաղաքում 2009-ին, որին ներկա են եղել նաև ամուսինները:

«Երկրաշարժից առաջ չեմ նկարել: Նկարելիս հանգստանում եմ...»- ասում է Արսենը:

Նատյուրմորտներ, բնապատկերներ, կանացի դիմանկարներ... ամենուր Արսենի չասված խոսքերն են, կյանքի նկատմամբ նրա մեծ սերը, այն ամենը, ինչ կիսատ մնաց, որը հիմա փորձում է լրացնել վրձնահարվածներով: