Սպիտակի երկրաշարժ. բժիշկ Ֆելիքսը հիշում է մռայլ օրերին կորցրած երեխաներին փոխարինելու եկած ծնունդները

Բժշկի խոր ու զննող hայացքը հիշողություններից ծանրացել է, տարիներ շարունակ նրա ձեռքերը գրկել են լույս աշխարհ եկող հազարավոր նորածինների ոչ միայն ծննդատան պատերի ներքո, այլև վրաններում ու տնակներում:

«Ցուրտ ու մութ տարիներին հիվանդանոցի ամբողջ շենքը տաքացվում էր ու լուսավորվում մի հսկա ռուսական 75 կիլովատանոց դվիժոկի օգնությամբ: Տաքացնում էինք այնքան, որ ծնարաններում գոնե մի քիչ ջերմություն լիներ: Երեխան ծնվելուց տաք տեղից է դուրս գալիս՝ գոլորշու ամպի միջից, որ ուղղակի մի հատ պետք է փչեիր, որ սեռը տեսնեիր՝ տղա՞ է, թե՞ աղջիկ»,- հիշում է Շիրակի մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը:

Թոթափում է հոգում կուտակվածը: Մինչ խոսքերը կարտահայտեն մտքերը, ասելիքը գծագրվում է դեմքին: Երկրաշարժի ժամանակ Երևանում էր, լսած առաջին հաղորդագրությունն էր. «Էպիկենտրոնը Նալբանդ գյուղն է, չեն տուժել ատոմակայանը և ջրամբարների ամբարտակները...»

«Բայց ի՞նչ, եկանք Լենինական, տեսանք՝ քաղաք մտնել հնարավոր չէ: Հիմիկվա ճանապարհին Երևանից գալիս ես՝ 8-10 հարկանի շենքեր էին՝ լրիվ փլած, զինվորականներ... Տունս չկար, մայրս մնաց փլատակների տակ, փոքր տղաս հրաշքով փրկվեց: Մենակ Արագածի փողոցի մեր շենքից 78 հոգի մահացան»,- հիշում է 65-ամյա բժիշկը:

1988-ին Գրիգորյանն աշխատում էր Լենինականից 19 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի ծննդատանը որպես գլխավոր բժիշկ: Երկրաշարժի խառնաշփոթում բժշկի նրա կոչումը առաջնային է լինում: Հիշում է, որ Լենինականի ծննդատան ծննդաբերական նոր մասնաշենքը բլրի էր վերածվել, հին մասնաշենքը մասամբ էր փլուզված: Ծննդատան ավերակների տակ են մնում 51 աշխատակիցներ, 48 մայրեր ու նորածիններ, լինում են նաև մայրեր, ովքեր հասցնում են երեխաներին գրկած դուրս փախչել:

Սակայն բնության արհավիրքն անզոր էր կյանքի ընթացքը կասեցնելու: Ու մինչ շատերը փնտրում էին կորցրած հարազատներին, սգում մահացածներին, արդեն դեկտեմբերի 7-ի երեկոյան քարի ու բետոնի բլուրների վերածված Գյումրում նոր կյանքեր էին լույս աշխարհ գալիս ու ապացուցում, որ կյանքը շարունակվելու է:

«Այդ օրը Լենինականում 12 երեխա ծնվեց»,- հիշում է այդ տարիներին 40 տարեկան մանկաբարձ-գինեկոլոգը:

Ողջ մնացած բժիշկներով կազմակերպում են ծննդօգնությունը Լենինականի «երկաթգծի հիվանդանոցի» կանգուն շենքում, որի վիրաբուժական բաժանմունքի գործիքները տրամադրվում են մանկաբարձ-գինեկոլոգներին, ծննդաբերական բազկաթոռները հանում են ավերված ծննդատան փլատակների տակից, այստեղ են տեղափոխում Ախուրյանի հիվանդանոցի անվնաս մնացած գույքը: Այնուհետև ծննդատունը որոշ ժամանակ գործում է վրաններում, հետո՝ տեքստիլ գործարանին պատկանող շենքերից մեկում, իսկ ավելի ուշ՝ 1989-1990 թթ., քաղաքի մի հատվածում ստեղծված տնակային տնտեսությունում:

Մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը ներկայացնում է վերջին 25 տարվա Գյումրու ծննդաբերությունների վիճակագրական տվյալները: 1988 թվականից առաջ, երբ քաղաքի բնակչությունը 200 հազար էր, Լենինականում տարեկան ծնվում էր 4500 երեխա: Երկրաշարժից հետո՝ 1989-1991 թթ., ծնունդների թիվը հասնում է 5000-ի: Մութ ու ցուրտ տարիներին՝ 1992-1996 թթ., ծնունդները սկսում են նվազել 200-300-ով: 1996 թվականից անկում՝ 1500-ի:

«Երեք անգամ պակաս, քան երկրաշարժից հետո: 1998-2012 թթ. տարեկան 1500-ը դարձավ 2000: Վերջին հինգ տարիներին այս թիվը պահպանվում է, ինչը բնականոն է այսօրվա 100 հազար բնակչության համար»,- ասում է Գրիգորյանը:

Բացատրում է, թե ինչո՞ւ ծնունդներն ավելացան հատկապես երկրաշարժից հետո:

«Գյումրին 25 հազար զոհ տվեց, որոնց մեծ մասը երեխաներ էին: Էն կանայք, որ փաստորեն վերջացրել էին ծննդի հետ իրենց գործերը, նորից երիտասարդացան ու իրենց կորցրած երեխաների տեղը նոր երեխաներ ունեցան: Տարիքով էին, բայց բերում էին: Ով երկուսին էր կորցրել, առաջին երեք տարիներին արդեն երկուսին ունեցել էր, հենց այդ պատճառով ծնունդների թիվը աճեց: 48 տարեկանում ծննդաբերություն ենք ունեցել: Մութ ու ցուրտ տարիներին գումարվեց արտագաղթը, և սկսեց նվազումը»,- ասում է նա:

2001 թվականից ծննդատունը գործում է Լեհաստանի կառավարության կողմից կառուցված՝ գյումրեցիներին որպես նվեր շենքում:

Հիշում է, թե ինչ պայմաններում են աշխատել ու փորձում տխուր պատմությունը համեմել հումորով ու պատմում ծննդատանը տեղի ունեցած դեպքերից. «Մութ տարիներն են: Ծննդատան ընդունարանում բուժքույրը նստած է, վրան՝ երկու ադիալ, ադիալների վրայից էլ՝ սպիտակ խալաթ, առաջը՝ մի հատ մոմ: Եկել է հղին, ցրտից դողացող քույրը հանում է անկետան: Պետք է լրացնի՝ անուն-ազգանուն, ո՞ր թիվ է, որերո՞րդ ծննդաբերությունն է, և կա նաև այսպիսի մի հարց՝ ջրերն արտահոսե՞լ են: Մեկ էլ էս ծննդկանը չի հասցնում պատասխանել, ամուսինն արդեն ասում է. «Չէ՛, բժշկուհի՛ ջան, ես բաց թողի, որ չսառի...» Ա՛յ էսպես ենք աշխատել»,- ծիծաղելով հիշում է Գրիգորյանը:

Ցավով է անդրադառնում այն փաստին, որ մեկ կամ երկու երեխայից ավելի չեն ունենում: Տարեկան 2000 ծնունդների մեջ երրորդ երեխա ունենում են միայն 200-ը:

Որպես բժիշկ՝ առաջարկում է ծնելիությունը բարձրացնելու սեփական դեղատոմսը. «Ամեն մի հաջորդ երեխայի համար պետք է առնվազն 2-2,5 միլիոն դրամ տան, որպեսզի շահագրգռությունը մեծ լինի, կարողանան գործազուրկների բանակը նվազեցնել, թե չէ, եթե չեն աշխատում, մենակ նպաստի վրա նստած մարդիկ են, ո՞նց կասես՝ ունեցիր երկրորդը կամ երրորդը...»

Գնահատելով վերջին 25 տարին Գյումրում՝ ասում է, որ շատ ավելի կարելի էր անել, կարծում է, որ այսօրվա սերունդը կոտրվել է, ու Աստված գիտի, թե մեկ էլ ո՞ր սերնդի ժամանակ կվերականգնվի:

«Գուցե երրո՞րդ, որոնք մեր թոռների երեխաները կլինեն: 1926 թվականի երկրաշարժից հետո Լենինականում բարաքներ կային, որոնք 1954-ին վերացան, առնվազն մի 30 տարի էլ հիմա պետք ա անցնի, էն ժամանակ դեռ սովետ կար, իսկ հիմա մենք ենք մեր տունը կառուցում»,- ցավով ասում է Գրիգորյանը: