Արվեստը վերապրում է. Գյումրու կյանքի աղետալի փոփոխությունից մշակութային կյանքը չի ցնցվել

Մշակութային յուրօրինակ էներգիան Գյումրու բացառիկ այցեքարտն է՝ շաղախված Գյումրվա կենցաղով, հումորով, ինքնատիպ գյումրեցիներով, որոնցից յուրաքանչյուրի կյանքի պատմությունը ֆիլմի կամ գրքի հերոս է հիշեցնում: Սեփական հողի համար ասում են՝ հումուսը արվեստ է ծնում:


1988-ի երկրաշարժից 25 տարի անց խոստովանում են՝ մշակույթը Գյումրում կենդանի օրգանիզմ է, այն ապրեցրեց, շարունակվելու, արարելու և ստեղծագործելու ուժ տվեց:

«Երկրաշարժից 5 ամիս անց Սպիվակովի համերգն էր: Դագաղները դեռ քաղաքում դրած են, մարդ կա՝ դեռ իրա մեռելին չի գտել, լացում եմ, կըսեմ՝ մարդ չի գա: Սպիվակովը կըսեր՝ մի՛ք նեղվեք, մե քանի հոգի էլ էղնի՝ կնվագեմ: Մեկ էլ տեսնիմ՝ կամաց-կամաց դռների միջից, սև շալերով կանայք, սև տուլուպներով, փոշոտ տղամարդիկ գերեզմաններից գուքան ու գուքան: Սպիվակովի դեմքից արցունքները կերթային, կըսեր. «Տո էս ի՜նչ ժողովուրդ են, էս ի՜նչ քաղաք է, գերեզմանոցից՝ դահլիճ»: Ի՜նչ ծափերով դիմավորեցին... Այս տարվա համերգին տեսավ ծաղիկներով դահլիճ, սիրուն հագած մարդիկ, բայց ասաց. «Ամբողջ կյանքում էն օրը չեմ մոռանա»,- հիշում է Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը:

Պատմում է, որ բնական աղետի առաջին ցնցումն ապրելուց հետո սկսում են հավաքել երաժշտական գործիքները, կնքել, փողոցներում թափված գրքերի կույտերը էշերով տեղափոխում են կողքի գյուղերը, որտեղ գյուղացիները դրանք պահում են իրենց տներում: Այսօր այդ նույն գրքերով Գյումրին ունի մարզային գրադարան:

Երկրաշարժից մեկ տարի անց Գյումրում բացվում է «Սթիլ» կերպարվեստի թանգարանը, որտեղ առաջին մոդեռն արթ ցուցահանդեսը անցկացնում են դվիժոկով:

«Քանդուքարափ քաղաք, մարդիկ՝ վշտի մեջ, գերեզմաններ կերթան, սիրտ ու հավես չունին ցուցահանդեսի, թանգարանի: Տնակներում կապրին, ժողովուրդը սոված է, ապագա չկա, լույս չկա, ու հանկարծ մե լուսավոր սրահի մեջ կտեսնին արվեստի գործեր, ընդ որում՝ մոդեռն արթ,- պատմում է թանգարանի և Գյումրու կենտրոնական գրադարանի տնօրեն Արթուր Մկրտչյանը: - Թանգարանը ստեղծվեց, որպեսզի ցույց տար, որ կյանքը շարունակվում է: Մենք չմեռանք, ով որ կենդանի է, կլցնե նաև մեռածների տեղը: Ըսիգ կյանք էր, էս թանգարանը, էս թատրոնը՝ ըսոնք կապացուցեն,որ կյանքը չմեռավ»:

Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցի տնօրեն, նկարիչ Սամվել Գալստյանը հետերկրաշարժյան Գյումրին երազի է նմանեցնում:

«Քաղա՞քն էր անտառի մեջ, թե՞ անտառը քաղաքի՝ դժվար է ասել... Մեր թաղում՝ Անտառավանում, երեք անտառային շերտ կար՝ հատուկ քաղաքը հյուսիսային քամիներից պաշտպանելու համար: Շատրվանները անտառային այդ ֆոնի վրա կառուցեցին: Բուլվարային հետաքրքիր միջավայր էր ստեղծված, տոնավաճառներ էին կազմակերպվում, մի հատ տոնակատարությունն էր: Սիրահարվել էի Գյումրուն,-ասում է նա: - Արհեստների քաղաք է, իսկ երբ արհեստը արդեն պաթոլոգիայի է հասնում, դրանից վեր արվեստն է ծնվում»:

38 տարի մշակույթի ասպարեզում աշխատած Հասմիկ Կիրակոսյանն ասում է, որ երկրաշարժից հետո մշակույթում մեծացավ պրոֆեսիոնալիզմը:

«Ի հեճուկս բնության արհավիրքի՝ մշակույթը կարծես ավելի ուժեղացավ, որ պահի ժողովրդին: Երկրաշարժից հետո պակասեցին ինքնագործ խմբերը՝ կապված արտադրական մակերեսների ոչնչացման հետ: 1988-ից հետո ավելացան պետական նվագախմբերը՝ սիմֆոնիկ, ժողովրդական, այսօր արդեն թանգարանների թիվը հասնում է 9-ի, ավելացել են պրոֆեսիոնալ խմբերը»,- ասում է Կիրակոսյանը:
«Սթիլ» թանգարանի տնօրենը զարմացած է մշակույթի նկատմամբ գյումրեցիների նման նուրբ վերաբերմունքից:

«Երբ գնում եմ Եվրոպա ու տեսնում ծաղկող արվեստ ու այդ արվեստի նկատմամբ հասարակության վերաբերմունքը, ինձի համար հասկանալի է, բայց որ վերջերս Սպիվակովի համերգին 600-տեղանոց դահլիճում 1200 մարդ կար... Ես մարդկանց գիտեմ, որ այդ օրը հաց չեն տանի տուն, բայց ներկայացում ու համերգ կգնան: Իզուր չեն գուսան Ջիվանու տողերը. «Իրանք սնունդ չունին ապրելու համար,
Հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք»,- ասում է թանգարանի տնօրեն Մկրտչյանը:

Կիրակոսյանը նշում է, որ մշակույթի հանդեպ սերը գյումրեցիներին գեներով է փոխանցվել: «Էդպես մե տունըմ չիդեմ Գյումրում, օր դուռը բանաս, երգ չլսես: Գյումրեցու տունը մուրաբա է էղել սեղանին դրած, իսկ ըդոր կողքին՝ հումոր, համով խոսք: Անգամ հաց են տվել մարդուն մի այլ ձևով: Տխուր բանըմ ըսեմ. երկրաշարժին մարդուն օգնել են՝ էրեխու դիակը գտել են, բայց հերն ըսել է . «Մե վարկյանըմ կեցեք, էրթամ հաց ու արաղ բերեմ ձեզի հյուրասիրեմ, դուք էկել եք էդ արարողությանը...»

Արթուր Մկրտչյանը փորձում է «գաղտնազերծել» մշակութային գեներ ունեցող գյումրեցիների առեղծվածը: Ըստ նրա՝ երբ 1837 թվականին ստեղծվում է Ալեքսանդրապոլը, Արևմտյան Հայաստանից բավականին մարդիկ գալիս են, շաղախվում են նաև այստեղ եկած ռուսական և եվրոպական մշակույթները՝ Ալեքսանդրապոլը դարձնելով Եվրոպայի ամենավերջին կետը: Նշում է, որ հին Գյումրին, Ամստերդամը, Կրակովը, ֆրանսիական ու անգլիական փոքր քաղաքները սկզբունքորեն նույն ձևով են կառուցված՝ հոգին ու միջավայրը նույնն են, միայն նյութի տարբերությունն է:

«Երբ սկսեց կառուցվել քաղաքը, այն թելադրեց մարդկանց միջավայրի մեջ մտնել: Ռուսական զինվորական սպայակույտը այստեղ էր, նրանց շլյապայով կանայք,Գոռկի սադի մեջը կինը ընկած իր զինվորական ամուսնու թևը, դուխավոյ օրկեստրը, ձևավորվում էին քաղաքային արժեքները, և դրանով էր պայմանավորված մշակույթի զարգացումը: Հետո սկսեցին ձևավորվել բիզնես ընտանիքները՝ Ձիթողցյաններ, Ծաղիկյաններ... հիմնադրվեցին բացառիկ դպրոցներ՝ Եվանգուլյանների ձեռագործի դպրոցը, ցարական գիմնազիան, ձևավորվեց մի հասարակություն, որը սկսեց ուշադրություն դարձնել արվեստին»,- ասում է Մկրտչյանը:

Կովկասում Թիֆլիսից հետո Գյումրին դառնում է երկրորդ մշակութային քաղաքը:

«Մշակութային սերմը ցանված էր, և գենետիկորեն 4-5 սերունդ գալիս է կանոնակարգված: Մեր պապերը մուրաբով ու պադստականչիկով չայ կխմեին»,-հպարտանում է թանգարանի տնօրենը:

Չնայած սոցիալ-տնտեսական վատ պայմաններին՝ Գյումրու արվեստի դպրոցներն ու գրադարանները լեցուն են աշակերտներով: Դեռևս տնակային թաղամասերում ապրող 4000 անօթևան գյումրեցիները կարևորում են հոգևոր արժեքների նշանակությունը երեխաների դաստիարակության գործում:

Մերկուրովի անվան 92-ամյա նկարչական դպրոցի վատ պայմաններում 60 երեխա է սովորում: Դպրոցի տնօրեն Սամվել Գալստյանը ասում է, որ ուժեղ սերունդ է գալիս՝ ուժեղ ինքնարտահայտմամբ:

«Զարմացած եմ էս ջահելների մտածողության վրա, ֆանտաստիկ բաներ են մտածում, էն որ շունչդ կտրվում է, էն որ տիեզերական է լինում»,- ասում է Գալստյանը:

Արվեստագետները դժգոհում են, որ ամեն ինչ կենտրոնացված է Երևանում, մինչդեռ պետք է հավասարաչափ բաշխվի երկրում: Առաջարկել են Գյումրում գրաֆիկայի թանգարան բացել և ազգային պատկերասրահից այստեղ տեղափոխել ամբողջ գրաֆիկան: Նշում են, որ մշակույթի նախարարության տեղափոխումը Գյումրի տեղին կլինի:

Այս պահին քաղաքում կառուցվում է Չեխովի անվան ռուսական գրադարանը: Նախատեսվում է ունենալ նաև արևմտյան, արվեստի, գիտական գրադարաններ:

«Արվեստի գրադարանը կունենա դահլիճներ՝ համերգների, ֆիլմերի ցուցադրության համար, գիտական գրադարանները կլինեն հանրագիտարաններով ու բառարաններով, չորս մանկական գրադարան կբացենք քաղաքի տարբեր մասերում, որտեղ պետք է սովորեցնենք ընթերցող»,- ասում է Մկրտչյանը: