Տնակային կյանք. երկրաշարժից 25 տարի անց 4 հազար մարդ «ժամանակավոր կացարաններում»

Գյումրու Անտառավան թաղամասից Սավոյան թաղամաս` 25 տարի է բաժանում: Անտառավանն ավարտվեց նախկին պոլիտեխնիկի կիսավեր շենքով ու «Տորթ» ֆանտանով, Սավոյանը սկսվում է թափառող շներով, ծերունու թափված ատամներ հիշեցնող տնակային թաղամասով, մարդկային կարիքավոր, տխուր ու դժբախտ դեմքերով: Երկրաշարժով երբեմնի դրախտային թաղամասը վերածվեց դժոխքի:

«Հայաստանի ամենաաղքատ մարզը Շիրակն է, ավելի վատ կապրին Լենինական, բայց Գյումրվա մեջ ամենավատը կապրին էս թաղում»,- ցույց տալով ճանապարհը՝ ասում է տնակների բնակիչներից մեկը:

Թշվառության հոտը հեռվից է գալիս: Գույները մոխրագույն են, մարդկային հայացքները՝ ցրված, հեռուներում արդեն 25 տարի պատասխաններ որոնող: Վերջին քառորդ դարում ոչ միայն տնակներ են մաշվել ու քայքայվել, այլև ներսում ապրողները:

«Ծաղկանոցում» ապրող Արևի համար աշխարհը սև է: Ճակատի մազափունջը թաքցնում է անարև հայացքն ու աչքերը, ձեռքերի չորացած մաշկն ու սևացած եղունգները թաքցնել հնարավոր չէ:

«Էս ծաղկանոցի պատերը ժեշտից է, շուշից ու գարդոնից... Շներն ու կատուները մեր հետ կքնին, օր կռիսները էրեխեքի ականջը կամ քիթը չտանին: Երկաթ կհավաքեմ, կիլոյի հմար 20 դրամ, հեչ բան... Ուրդեղ ըսես՝ դոմիկ կքանդեն, կերթամ-կհանեմ: Ավտո կբռնեմ, 3 հազար դրամ փող կուտամ, կտանիմ-կհանձնեմ, տակը մե հազար դրամ մնա կամ չմնա հացի, հերիք է, էլի, գոյությունս էդ է»,- գլուխը կախ պատմում է երկրաշարժից մեկ տարի անց ծնված, երկու երեխաների մայր 24-ամյա Արևը:

«Ծաղկանոցում» խորհրդային Անտառավանում ծաղիկներ էին վաճառում: Այսօր ծաղկանոցի ծաղիկները Արևն է իր երկու երեխաներով՝ 5-ամյա Սուսաննան, մեկուկես տարեկան տղան: Մեկ ամիս է՝ ամուսինը մեկնել է արտագնա աշխատանքի, լուր չունի, ապրում է երեխաների 27 հազար դրամ (57 դոլար) նպաստով:

«Ես ստեղ եմ ապրելու, հեչ բան չունիմ, հեչ մեկը չունիմ, մենակ եմ, ես եմ, էս ծաղկանոցն ու երեխեքը»,- ասում է Արևը:

Արևի հարևանությամբ՝«կաֆեում» ապրում է Չիչակի ընտանիքը: 25 տարի առաջ նույն սրճարանում սուրճ էին եփում, թխվածք պատրաստում և սպասարկում խորհրդային քաղաքացիներին, այսօր նույն տարածքում ապրում են, գիշերում, հաց ուտում ու լոգանք ընդունում 5 հոգի, որից երկուսը երեխաներ են:

76-ամյա Չիչակը բարձրացնում է կաֆեի պատ-ապակիները փակող հաստ կտորները և ասում. «Շուշեքի կեսը տաք ու պաղից ջարդել է: Մե օրըմ կբլի մեր վրեն, էս տարի լատարե խաղցա, շիֆր եմ քցել կռիշը, անձրևը չռարգը, հըմի տեսնինք էս տարի ինչը՞ղ կէղնի, կչռա՞, թե՞ չէ: Է՜, ժաժքին տունս լրիվ քանդվավ...»
Ապրում է աղջկա՝ 26-ամյա Արմինե Դավթյանի, փեսայի ու երկու թոռների՝ 10-ամյա Սոսի ու երկու տարեկան Մարիաննայի հետ: Փեսան հոգեկան առողջության խնդիրներ ունի, երրորդ խմբի հաշմանդամ է: Ընտանիքի եկամուտը Չիչակի 26 հազար ու փեսայի 13 հազար թոշակներն են, երեխաների 27 հազար նպաստը, ընդհանուր՝ 66 հազար դրամ (155 դոլար):

«Ամառները կաշխատիմ դաշտերը, քաղհան կենենք, կարտոլ կհավաքենք... Բացի վառելիքից, ամեն ինչ կվառենք՝ շոր, կոշիկ, պլաստմասե իրեր, էս կողքը դոմիկներ- բան կքանդեն, փեդ է, տոլ է, կկրենք-կբերենք,- ասում է Արմինեն: - Էսօր հեչ բան չեմ էփե, էրեկ՝ ապուր էի էփե, մե հատըմ մածուն էինք առել, ձավար...»

«Կաֆեի» մի անկյունում իրար վրա լցված սրբապատկերներ են: Չիչակը միայն Աստծուն է հավատում:

«Մեզի Աստված կպահե, մարդիկ քարե տների մեջ մեռնինգը, մենք ստեղ էս 25 տարի չենք մեռնի: Էռնա՜կ ժաժքի մեռնողներին՝ լիուբոլ աչքով մեռան, ըսպես չտանջվան մեզի պես: Հեչ չիդեի, որ ըսպես պիտի ապրիմ: Քառսուն տարի Լուկաշին եմ (Լենինականի Ս. Լուկաշինի անվան մանվածքային ֆաբրիկա) աշխատել, իսկ հմի մուրացկանի պես կապրինք, սաղ կյանքը պարտքով: Տիյա թոշակս կստանամ, պարտքս կբաժնեմ, մինչև նպաստը գուկա, ըդպես կառնիմ-կուտամ, կառնիմ-կուտամ... Օրվա մեռելներին էռնեկ տալով ապրինքգը, էլի՜»,- ասում է Չիչակը:

Քիչ հեռվում 70-ամյա Գեղեցիկ Ենոքյանի տնակն է: Ապրում է մեռած որդու երեք երեխաների հետ: Ասում է, որ տղայի մահից հետո հարսը հեռացել է տնից, ու հիմա ինքն է պահում թոռներին: Իր թոշակն ու նպաստը միասին կազմում են 40 հազար դրամ (100 դոլար): Նա էլ մյուսների նման ամռանն աշխատում է դաշտերում, ասում է, որ ժամանակին աշխատել է Լենինականի տեքստիլ կոմբինատում: Հերթագրված է, բայց չգիտի, թե երբ կտան բնակարան:

«Էրկուսենյականոց տունս բլավ, կապրիմ էս էրեխանց հմար: Կերթամ ծերերի բարեգործական ճաշարան, բայց չեմ ուտե, ճաշը կառնիմ-կբերեմ էրեխանցը, էդ ճաշարանում էլ կտրոններ կուտան բաղնիս էրթըլու, ըդոնցից էլ կօգտվինք,- պատմում է Գեղեցիկը: - Մենակ Աստված է մեր կռնակը կայնած, աղջի՛կ ջան»:

Սավոյան թաղամասը մեկն է այն 95 տնակային թաղամասերից, որոնք ծնունդ առան երկրաշարժից հետո: 25 տարում Գյումրում կառուցվել են նոր թաղամասեր, սակայն 4000 մարդ անօթևան է դեռևս, նրանցից շատերն ապրում են աղքատության ու թշվառության ճիրաններում: Ըստ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի՝ Սավոյան թաղամասում դեռևս կան 300 տնակներ, որտեղ բնակվում է 700-1000 մարդ: