Մշակույթի անկում. երիտասարդները Հայաստանի երկրորդ քաղաքում ապագա չեն տեսնում

Գյումրու Յոթ վերք եկեղեցու բակում օդում սավառնող վարդի կարմիր թերթիկները ճանապարհ են բացում հենց նոր օրհնություն ստացած նորապսակ զույգի համար: Եկեղեցու աստիճանների վրա, սովորույթի համաձայն, նորապսակները դեպի երկինք են բաց թողնում ճերմակ աղավնիներ և շարժվում դեպի հարսանեկան շարասյունը: Նրանց ճանապարհը փակում են եկեղեցու բակում հավաքված մուրացիկ կանայք:

«Մեր րոբեմ համբերեք, սաղիդ էլ կուտամ հմի»,- ասում է հարսանիքի քավորը և սկսում հազարդրամանոցների բաժանումը:

Հարսանեկան շարասյան հեռանալով ավարտվում է օրվա փոքրիկ տոնական հատվածը, ու նորից քաղաքն ինքն իր գրկում է: Երեկոյին մոտ արևի տակ տաքացող ծերունիները տուն են շտապում, փոխարենը թվում է՝ վեցից հետո Գյումրում կսկսվի երեկոյան կյանքը, բայց ծերերին փոխարինողները չեն երևում:

«Քո՛ւր ջան, վեցից հետո հեչ մարդ չես տեսնի, մենակ շներն են, է՜… ո՞վ հավես ունի որ, հազիվ գործից հոգնած տուն կերթան»,- ասում է տաքսու վարորդը:

Գյումրում կյանքն ավարտվում է ժամը վեցից հետո: Աշխատավայրից ավելի ուշ դուրս եկողները պետք է հասցնեն մինչև ութն աշխատող վերջին երթուղային տաքսիներին: Ութից հետո քաղաքային տրանսպորտը չի աշխատում, իսկ տաքսուց բոլորը չեն, որ կարող են օգտվել:

Գյումրու գեղարվեստի ակադեմիայի դասախոսներից Գոհար Սմոյանն ասում է, որ յոթից հետո փակվում են անգամ ժամանցի վայրերը, ինչի պատճառները բավականին լուրջ են:

«Գյումրին հանրապետության երկրորդ քաղաքն է, բայց բացարձակ աշխատանքային շարժ չկա, մինչդեռ ամեն ինչ կախված է մարդու սոցիալ-տնտեսական վիճակից: Եթե երիտասարդը աշխատանք չունի, ֆինանսապես ապահովված չէ, էլ ինչի՞ մասին է խոսքը, բնականաբար, ամեն ինչ մեռած է: Գործարարները շատ լավ հասկանում են, որ եթե նոր ժամանցի վայրեր էլ բացեն, մեկ է՝ գնացողներ չեն լինելու»,- ասում է Սմոյանը:

Համոզված է, որ երկրաշարժի գործոնը քաղաքում տիրող իրավիճակի հետ կապ չունի, պարզապես սիրում են ամեն ինչ արդեն կապել երկրաշարժի հետ:

«25 տարի է անցել, իշխանությունները չունեն ներքին քաղաքականություն: Որքան էլ քննադատենք Սովետ Միությանը, բայց մարդկանց մեջ նստած էր հավատը ապագայի նկատմամբ, ես չգիտեմ՝ ինչպե՞ս էին խաբում կամ ինչո՞վ, բայց մարդիկ հավատում էին իրենց վաղվա օրվան:Երկրաշարժից հետո էլ կար այդ հավատը, որը, կարծում եմ՝ հետխորհրդային շրջանի մնացորդ էր, այսօր չկա»,-ա սում է նա:

Նույն ակադեմիայի դասախոսներից Կարեն Ալեքյանն էլ նշում է, որ բոլոր խնդիրները շաղկապված են իրար, ծայրահեղությունները շատ մեծ են Հայաստանի նման փոքր երկրում:

«Այլ հարց, եթե երկիրը մեծ լիներ իր տարածքով ու շրջանառությամբ: Մութ ու ցուրտ տարիներին ապագայի նկատմամբ հավատն ավելի մեծ էր, քան հիմա, երբ ամեն ինչ, թվում է՝ կա: Մի քաղաքում, որտեղ տարրական սոցիալական խնդիրները չեն լուծվում, ես՝ որպես մշակույթի մարդ, չեմ հասկանում՝ արդյոք մշակույթը պե՞տք է, և այն պե՞տք է փրկի աշխարհը: Ժամանակակից աշխարհն այդ տրամաբանությամբ այլևս չի շարժվում: Կարևորվում է տնտեսությունը, ինչը մենք չունենք, ու ինչը հետևանքն է այսօրվա իրականության»,- ասում է Ալեքյանը:

Գյումրին՝ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքը, գտնվում է հանրապետության հյուսիս-արևմուտքում, Երևանից՝ 115 կմ, Թուրքիայի հետ սահմանից՝ 10 կմ հեռավորության վրա: Բնակչությունը կազմում է շուրջ 146 հազար մարդ: Քաղաքում գործող շուրջ 11 բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները կամ արդեն իսկ ավարտածները խոստովանում են, որ չեն կարողանում աշխատանք գտնել: Դասախոսներն էլ ափսոսում են, որ այդ հսկայական մարդկային ներուժը չի օգտագործվում քաղաքի համար:

«Մեր շատ ընկերներ օգտագործում են ցանկացած առիթ Գյումրուց հեռանալու համար: Ու այս հարցը շատ կարևոր է. մի վայր, որտեղ կա շատ մշակույթ, ու հողը ծնում է հանճարների, այդտեղից ինչո՞ւ են հեռանում: Այս հարցը մեզ էլ է հուզում: Ասել՝ թե ի՞նչն է մեզ պակասում, ավելի ճիշտ կլինի հարցնել. «Իսկ մենք ի՞նչ ունենք»: Փաստորեն չկա նույնիսկ բավարարից էլ ցածր մակարդակի ձգող կետ, որին հենվելով երիտասարդը կարող է ապագայի հետ կապված ծրագրեր ունենալ այստեղ»,- ասում է Ալեքյանը:

22-ամյա Արման Գևորգյանը արդեն մեկ տարուց ավելի է, ինչ աշխատում է Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունում որպես հաղորդավար: Ասում է, որ աշխատանքի է անցել բուհում ուսանելու տարիներին:

«Ավարտելուց հետո իսկապես աշխատանք չեն կարողանում գտնել, այդ պատճառով էլ տղաներից շատերը սկսում են շինարարությամբ զբաղվել, մյուսները մեքենա են գնում, որպեսզի գոնե տաքսու տակ քշեն, կամ երթուղայինի վարորդ են դառնում, աղջիկներն էլ նստում են տանը կամ էլ ամուսնանում են,- ասում է Արմանը: - Ապրում եմ զինվորական թաղամասում, շատերն էլ, տեսնում եմ՝ աշխատանքի են անցել զորամասերում, դե, ի՞նչ անեն, կամ էլ պետք է թողնեն-գնան: Գիտեք՝ մարդիկ տրամադրություն չունեն, սոցիալ-տնտեսական խնդիրները խեղդում են, էլ ուր մնաց՝ ժամանցի վայրեր գնան»:

Գեղարվեստի ակադեմիայի մագիստրատուրայի ուսանողներից Արտաշես Փիլոսյանը ասում է, որ փորձում է գտնել այնպիսի աշխատանք, որի մեջ քիչ թե շատ արվեստ կլինի:

«Իմ մասնագիտությամբ աշխատանք չգտնելու պատճառով հաստատ կհեռանամ: Իսկ էն, որ մնամ ու ընկերներիս էլ համոզեմ, որ եկեք մնանք ու զարգացնենք արվեստը, վերականգնենք մշակույթը Գյումրում, աբսուրդ է հնչում, որովհետև մի քանի հոգով ոչինչ չի լինում»,- ասում է Փիլոսյանը:
Գեղանկարիչ Սարգիս Հովհաննիսյանը գեղարվեստի ակադեմիան ավարտել է 2006 թվականին, սակայն Հայաստանում երբեք չի աշխատել: 2007 թվականին ընկերների հետ հիմնել են «5-րդ հարկ» ստեղծագործական խումբը և համագործակցում են եվրոպական երկրների հետ, մասնակցում միջազգային ամենահայտնի ֆորումների ու ցուցադրությունների:

«Մեր խումբը բաղկացած է վեց արտիստից, տղաներից երկուսը արդեն մեկնել են Ֆրանսիա, մեկը՝ Սերբիա, երեքս ենք մնացել Գյումրիում: Չեմ ուզում մտածել, որ մի օր էլ ես կգնամ»,- խոստովանում է Սարգիսը:

Երիտասարդների հոգում ափսոսանքը մեծ է, սերը՝ անսահման սեփական քաղաքի հանդեպ, սակայն սոցիալական խնդիրները ստիպում են դիմել ամենավճռական քայլերի՝ լքել Գյումրին, իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնել օտար, սակայն գնահատված ափերում:
Գոհար Սմոյանը հուզված ասում է, որ Գյումրին սպանում են աստիճանաբար:

«Եթե էս ձմեռը Գյումրին կարողանա հանել... իսկ Գյումրին տեսել է երկրաշարժ, տնակային կյանք, այն երկրաշարժերը արդեն ոչինչ են.. պետության ղեկավարությունը գիտի ինչ է կատարվում Գյումրիում... մարդիկ իրենց վերջին կալցոները անցած տարի են վաճառել ու այլևս ոչինչ չունեն: Գյումրեցիք այսօր չեն էլ անհանգստանում, որ դոմիկում են ապրում, կարևորը լուծեն օրվա հացի ու վառելիքի խնդիրը, դա է իրենց երջանկութունը»,- ասում է Սմոյանը: