Ժողովրդական վարպետ. գյումրեցի եղբայրներին կլայեկելու արհեստը գեներով է փոխանցվել

Անագը, կրակի կարմիր լեզվակներին չընդդիմանալով, հալչում է ու վերածվում պղնձագույն փայլուն հեղուկի: Ծանր աշխատանքից կոշտացած ու սևացած տղամարդու ձեռքերը հեղուկ անագը կաթեցնում են պղնձե ամանի մեջ և տաք վիճակում բամբակի կտորով տարածում ողջ մակերեսով:
«Այ ըսպես կլայեկենքկը, էս պրոցեսը հենց կկոչվի կլայեկել: Պղնձե ամանները երեսպատենքկը կլայեկով, օր ըդոնց օգտագործումը սննդի մեջ անվտանգ էղնի: Մեր գյուղացիներից շատերը չիդեն, օր պանիրը հարկավոր է պատրաստել միայն կլայեկած ամաններում՝ պանրի յուղն էլ տեղը կմնա, համն էլ: Մեր պապերն ու մամերը խո իզուր չէին օգտագործե, դարերով էկել է, իսկ հըմի մենք էրթըլով կորցնենքկը էս արհեստը»,- ասում է Գյումրու միակ կլայեկագործ՝ 53-ամյա Հովհաննես Թումասյանը:

Վարպետին բնորոշ ձեռքի ճկուն շարժումներով Հովհաննեսն ասես շոյում է հերթական պղնձե ամանը: Աշխատանքում նրան օգնում է եղբայրը՝ Լևոն Թումասյանը, ով բացատրում է, որ պանրի գործարանային մեծ տարաները մենակ հնարավոր չէ կլայեկել:

«Ախալքալաքի գործարաններից բերենգը ստեղ պանրի մեծ չաները: Կլայեկելուց հինգ րոպեից ավել չես կրնա մնալ մեջը, ջերմությունը էնքան շատ է, մեկ ես կմտնիմ- կկլայեկեմ, մեկ՝ Հովհաննեսը»,- ասում է Լևոնը:

Թումասյաններին կլայեկելու արհեստը գեներով է փոխանցվել:

Հովհաննեսը հուզմունքով է հիշում հոր արհեստանոցը և խոստովանում՝ մետաղներին կապվել է մանկությունից:

«Ըդիգ լիտյոյի ցեխ էր՝ հերս լյուստրեքի ու հայելիների կողքեր, պեպելնիցաներ կձուլեր բրոնզից, չէր թողնի մոտիկ էրթայի: Դե, վտագավոր էր, մետաղ կձուլեր, հետո կըսեր՝ դե լավ, արի-փուքսը միացրա... էդ ժամանակվանից սիրել եմ մետաղները, անչափ կապվել եմ ըդոնց, մետաղը ինչխ օր կյանքի ուղի էղնի, եթե ես մե օրըմ չմրոտիմ, օրս օր չի էղնի»,- բացատրում է վարպետը:

Նախկինում Հայաստանի տարբեր շրջաններում տնային գործածության ամաններն ու կաթսաները պատրաստվում էին պղնձից ու կավից: Պղնձե տարաները պատում էին անագով, կամ ինչպես ասում են` կլայեկում էին, հակառակ դեպքում դրանք ժանգոտում էին և դառնում գործածության համար ոչ պիտանի: Անագապատող վարպետին ժողովուրդն անվանում էր կլեկչի (կլայեկագործ):

Արհեստների քաղաք Գյումրում կլայեկագործների գերդաստաններ են եղել, որոնց բոլորը ճանաչել են: Ժամանակի ընթացքում, երբ կլայեկած տարաների պահանջարկը սկսում է պակասել, նվազում են նաև այս գործի վարպետները: Այդուհանդերձ, այսօր էլ դեռ կան մարդիկ, ովքեր գերադասում են կլայեկած ամանները, սակայն արդեն դժվարությամբ են գտնում կլայեկչիների:

«Գիտեք՝ ես ի՞նչխ կպատկերացնեմ. Գյումրվա կենտրոնում արհեստավորները շուշեքի ետևը նստած իրանց գործը կենեն: Էրեխեքը, մարդիկ կանցնին ու կնայեն իրանց, էրեխեն պտի տեսնի արհեստավորին, ճանչե իրան, օր սորվելու բան ունենա: Կյանքը զարգացել է, բայց մեկ է՝ էլի կյանքի հիմքը արհեստն է մնացե, ինչխ օր պատի հիմքը, հասկընաքգը՞»,- ասում է Հովհաննեսը:

Անագից սևացած ձեռքերով հին արհեստանոցի փոշոտ դարակներից հանում է դեռևս խորհրդային տարիներին իր մասին գրված հոդվածներից մեկը՝ Я люблю работу վերնագրով:

«Տասը տարի տեքստիլի վերջնամշակումը կաշխատեի, ներկատան ենթավարպետ էի, հարյուր հատ բանվոր ունեի: Իսկ արհեստանոցս բացեցի երկրաշարժից հետո նոր»,- պատմում է Հովհաննեսը:

Երկրաշարժի մասին դժվար է խոսում. «Տո էդ օրը դաժան օր էր: Էդ օրը տեքստիլ էի գնացե աշխատավարձ ստանալու, հենց սկսեց թափ տալ, մե կերպըմ դուրս թռա ու օր չտեսա՝ աչքիս առաջ դեմի շենքերը կիջնեին, էդ բարձրահարկերը: Ու ինչըխ եմ վազելով տուն հասե...» - հիշում է կլայեկագործ վարպետը:

Խոսքերը հետուառաջ են ընկնում, ասում է՝ հիշողության պատկերները խանգարում են բառերով արտահայտել տեղի ունեցածը: Փոխարենը հիշում է ցուրտ ու մութ տարիներին ժողովրդին բաժանած կանաչ նավթավառները:

«Տատիկները էդ կեռասինկեքը ձեռներին ըսպես հերթ կկանգնեին, կբերեին, ես կսարքեի, ըդոր վրա կտանեին, ջուր կտաքցնեին, շշերը կլցնեին ու կդնեին տեղերի մեջ: Էնքան օրշնանք եմ ստացել, մեծերի օրշնանքը՝ տանողի ոտը քարի չի կպնի»,-համոզված է Հովհաննեսը:

Փորձում է բացատրել, թե ի՞նչը կոտրեց Գյումրու մեջքը:

«Մե քիչըմ աշխատանք էղնի, գան-մտնին էս ժողովրդի մեջը, քիչըմ հետները շփվին, թե չէ իշխանությունները մենակ ընտրություններին էս ժողովրդին կվազըցնեն իրանց հմար... Էս աշխըրքում էնքան լավ բաներ կան, մենք ընչի՞ լավը չենք վերցնե, օր չիդես ընչի մոլորության մեջ է ընկե մեր երկիրը,- ասում է Հովհաննեսը: - Գյումրին արհեստավորների քաղաք է, էկեք-շփվեք արհեստավորի հետ, ոչ փող կուզե, ոչ պաշտոն կուզե՝ էկեք, տոներին մեկ-մեկ հիշեք՝ էկեք: Մեր ժողովուրդը ոսկի ժողովուրդ է, իմաստությունը ժողովրդի մեջ է, շփվեք հետները, ձեզի չեն խաձե»:

Արդեն քանի տարի նա հրաժարվել է աշխատանքային ձեռնոցներից. «Քիմիկատները աղե՞ր են, չէ՞, լցվինկը ձեռնոցների մեջ, աղերը ջերմություն կհաղորդեն ու կլայեկելու ժամանակ ձեռներս ինչըխ օր էփի, դժվար է ըդպես, բայց տանինքգը, մեկ-մեկ ընպես կմռմռա… բայց մինչև ձեռներդ չմրոտի, բերանդ չի մեղրոտի»:

Տանը Հովհաննեսի ձեռքերը լվանալուն օգնում է կինը՝ հատուկ օճառներով, որից հետո պարտադիր օծում փափկացնող քսուքներով:

«Ամեն օր ըսպես կլվանք»,- ասում է վարպետի կինը՝ Նաթելլան:

«Ինչքան գուզե հոգնած էղնիմ, վազելով տուն գուքամ, տունը կհանգստանամ: Մե բանըմ էլ ըսեմ. եթե դու քու գործդ կսիրես, կրնաս շատ քչով բավարարվիս: Մենակ ընիկ, որ ընձի վարպետ Հովիկ կըսեն, ըդորով բավարարվիմգը: Ժողովրդի հետ շփվելը՝ ըդիգ հրաշք բան է, մեծամտություն չէղնի, իսկական ժողովրդական վարպետը ես եմ»,- ասում է վարպետը: