Չեռնոբիլի ստվերում. ծերացող ատոմակայանի շուրջ Հայաստան-Եվրամիություն բանավեճը փակուղում

Չեռնոբիլի միջուկային աղետից քսան տարի անց, երբ ռադիոակտիվ ամպը պարուրեց ամբողջ Եվրոպան, Հայկական ծերացող ատոմակայանը փակելուն ուղղված Եվրամիության բոլոր ջանքերը մնում են ապարդյուն:

Եվրամիությունն առաջարկել է 100 միլիոն եվրո (մոտ 120 միլիոն դոլար) Մեծամորի ատոմակայանը փակելու համար` մտահոգված այն հանգամանքով, որ խորհրդային նախագծով կառուցված կայանը չունի բետոնե պաշտպանիչ շերտ, որը հնարավոր վթարների դեպքում կխոչընդոտի արտանետումների հոսքը մթնոլորտ: Ուկրաինայում գտնվող Չեռնոբիլի ատոմակայանը նույնպես չուներ բավարար պաշտպանություն, որպեսզի կանխեր 1986 թ. ապրիլի 26-ին տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով առաջացած ռադիոակտիվ արտահոսքը:

Բնապահպաններին նաև մտահոգում է այն, որ Երևանի կենտրոնից ընդամենը 28 կմ հեռավորության վրա գտնվող ատոմակայանը խոցելի է երկրաշարժերի նկատմամբ, և որ օգտագործված ռադիոակտիվ վառելիքի պահեստավորումը կարող է ստեղծել պրոբլեմներ, որոնց լուծման համար սերունդներ կպահանջվեն:

Սակայն հայ պաշտոնատար անձինք պնդում են, որ ատոմակայանը բավարարում է անվտանգության միջազգային պահանջները, և որ 1990-ականներին միջոցներ են ձեռնարկվել ատոմակայանը երկրաշարժերից պաշտպանելու համար:

Նրանք զգուշացնում են, որ Մեծամորի ժամկետից շուտ փակումը կարող է նշանակել վերադարձ դեպի մութ ու ցուրտ օրերը, երբ 1980-ականների վերջին խորհրդային իշխանությունները փակեցին կայանը:

ՀԱԷԿ-ի աշխատանքները դադարեցնելուց դեռ 10 տարի առաջ Ազգային ժողովն արդեն քննարկում է օրենսդրություն, որը կբացի երկիրն օտարերկրյա ներդրողների առաջ` Մեծամորի փոխարեն նոր ատոմակայան կառուցելու նպատակով: Այդ գործընթացը կարող է տևել մեկ տասնամյակ:

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի կարծիքով` Հայաստանը երբեք ի վիճակի չի լինի նոր ատոմակայան կառուցելու առանց արտաքին ներդրումների: Սակայն նա ասում է, որ Մեծամորը կոնսերվացնելու համար Եվրամիության առաջարկած գումարը կաթիլ է երկրին անհրաժեշտ միջոցների համեմատությամբ:

Մովսիսյանի հավաստմամբ`Եվրամիության «100 միլիոնը խնդիրը չի լուծում: Նախ` Մեծամորի ԱԷԿ-ի փակման համար անհրաժեշտ է 300-400 մլն դոլար, իսկ նորի կառուցման համար` մինչև 1 միլիարդ դոլար»:

Նախարարն ասում է, որ Ազգային ժողովը պետք է վերացնի միջուկային էներգիայի ոլորտում պետության մենաշնորհը և հնարավորություն ընձեռի այլ երկրներին ներդրումներ անել նոր սերնդի միջուկային կայանի կառուցման գործում: «Ատոմակայանը կարող է ունենալ նաև ոչ պետական մենաշնորհ. սա աշխարհում ընդունված ձև է»,- ասում է նա:

2001 թվականին Եվրամիությունը Մեծամորի կայանը կոնսերվացնելու համար առաջարկել է ֆինանսական օգնություն` նախկին խորհրդային հանրապետություններում չեռնոբիլյան տիպի ռեակտորներով աշխատող ատոմակայանները գործարկումը դադարեցնելուն ուղղված ծրագրի շրջանակներում: 1969 թվականին երկու ռեակտորով գործարկված Մեծամորի ատոմակայանն այսօր աշխատում է մեկ ռեակտորով, որը տալիս է հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի առյուծի բաժինը` 40 տոկոսը:

Եվրամիության հայաստանյան ներկայացուցչությունը չարձագանքեց ատոմակայանի վերաբերյալ հարցազրույց տալու «ԱրմենիաՆաուի» խնդրանքին:

«Արև նյուքլիըր» ՓԲԸ տնօրեն, ֆիզիկայի դոկտոր Զավեն Կիրակոսյանն ասում է, որ Եվրամիությունը նպաստել է նման ռեակտորների փակմանը Արևելյան Գերմանիայում: Կանգնեցվել են նաև հաջորդ տարի Եվրամիություն մտնող Բուլղարիայի վեց ռեակտորներից երկուսը:

Սեյսմիկ անվտանգություն

Արարատյան դաշտավայրը` զույգ Արարատներով, Հայաստանի խորհրդանիշն է: Այն լավ տեսանելի է Երևանի բարձրադիր վայրերից: Բիբլիական լեռան ստորոտին փռված ընդարձակ դաշտավայրում են գտնվում նաև ատոմակայանի հովացման չորս աշտարակները և կայանի աշխատողների համար կառուցված քաղաքը:

Վլադիմիր Սոկոլյանը, որը 1987-ին եղել է Խորհրդային Հայաստանի քաղպաշտպանության ծառայության պետի տեղակալը, ասում է, որ այն տարիներին մարդիկ չէին անհանգստանում, որ երկրում ատոմակայան է կառուցվում: Մեծամորը վերածվել էր վիթխարի շինհրապարակի, որտեղ եկել էին աշխատելու ԽՍՀՄ տարբեր անկյուններից:

ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը արդյունաբերական շահագործման է հանձնվել 1976 թվականին, երկրորդը`1980-ին: Էներգաբլոկների շահագործման նախագծային ժամկետը 30 տարի էր:

Բայց այն տարիների շատ ականատեսներ ասում են, որ ատոմակայանի ընտրության ու տեղի հարցը հուզմունքի մեծ ալիք էր բարձրացրել բնակչության շրջանում:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն ասում է, որ ատոմակայանի նախագծի հաստատումը դեռևս 1969 թվականի մարտի 3-ին հանրապետության 24 հայտնի գիտնականների ստիպեց դիմում հղել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե, որում հարցականի տակ էր դրվում ընտրված տեղանքի նպատակահարմարությունը` Արարատյան դաշտավայրում հնարավոր աղետալի երկրաշարժի տեսանկյունից:

ՀՀ Պետատոմհսկողության տեսչության պետի տեղակալ Աշոտ Մնացականյանը հավաստիացնում է, որ ՀԱԷԿ-ը ամրացվել է` հաշվի առնելով սեյսմիկ վտանգը:

Տեսչության պաշտոնյաները նաև վստահեցնում են, որ կայանում օգտագործված միջուկային վառելիքը վտանգ չի ներկայացնում: Օգտագործված միջուկային վառելիքը կարող է պահպանել ռադիոակտիվությունը երկար տարիների ընթացքում, իսկ միջուկային գերեզմանոցների ապահովությունը դեռ 1960-70-ականներին` միջուկային էներգետիկայի ծաղկման տարիներին, բանավեճեր էր առաջ բերել այլ երկրներում:

Մեծամորի ռադիոակտիվ թափոնները վերամշակվում և պահեստավորվում են կայանի տարածքում գտնվող հատուկ ժամանակավոր պահոցներում: Հետո դրանք հատուկ տարաներով տեղափոխվում են Ռուսաստան:

Ատոմակայանի կողմնակիցները նշում են, որ Մեծամորը չվնասվեց 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից, որն ավերածություններ առաջ բերեց Շիրակի մարզում` խլելով մոտ 25 հազար մարդու կյանք:

«Սպիտակի երկրաշարժը ատոմակայանում զգացվել է 4-5 բալ ուժգնությամբ, որը բացարձակապես չի խանգարել նրա աշխատանքին,- ասում է Երևանում գտնվող «Ատոմէներգասեյսմնախագիծ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ֆրիդրիխ Առաքելյանը: -Ինժեներաերկրաբանական պայմաններն այնպիսին են, որ բնականից ատոմակայանի հիմքը կազմված է ապարներից, որոնք նրա տակ դեմպֆերի` տատանումների մարիչի դեր են կատարում, այսինքն` ավելի շատ ցնցումները մարելու հատկություն ունեն, քան ուժեղացնելու: Այդ պատճառով էլ ասում եմ, որ ՀԱԷԿ-ը աշխարհում լավագույն շինհրապարակում է գտնվում»:

Այնուամենայնիվ, երկրաշարժը և վախը երկրորդ Չեռնոբիլի նկատմամբ ստիպեցին խորհրդային իշխանություններին 1989 թվականին փակելու ատոմակայանը:

ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանն ասում է, որ այն փաստը, որ խորհրդային իշխանությունները փակեցին ատոմակայանը Չեռնոբիլից ու 1988 թ. երկրաշարժից հետո, վկայում է, որ վտանգ կար:

«Ատոմակայանը փակվեց, երբ բոլորը հասկացան դրա վտանգի չափերը, հատկապես` Չեռնոբիլից հետո,- ասում է Սադոյանը: - Հիմա ասում են` սեյսմիկ վտանգ չկա: Բա որ չկար, ինչո՞ւ փակեցին»:

Պատասխանը, ըստ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետի տեղակալ Արթուր Մանուկյանի, հետևյալն է. «Վերագործարկելուց առաջ տարածքի բազմակողմանի ուսումնասիրություն կատարվեց ոչ միայն մեր, այլև միջազգային կազմակերպությունների կողմից, ՄԱԳԱՏԵ-ի վերահսկողությամբ, որը վերագործարկման թույլտվություն չտվեց, մինչև չհամոզվեց, որ սեյսմիկ տեսանկյունից անցանկալի հետևանքներ չեն լինի»:

Մանուկյանը նաև ասում է, որ այս տարվա սկզբին ՄԱԳԱՏԵ-ի պատվերով ներկայացված վերջին հաշվետվության մեջ նշվում է, որ ատոմակայանը սեյսմիկ առումով անվտանգ է:

Առաքելյանը բացատրում է, որ Մեծամորի ատոմակայանը գտնվում է նպաստավոր երկրաբանական պայմաններում, ինչը, որպես կանոն, բացակայում է մյուս ատոմակայաններում:

Նրա հավաստմամբ` կայանը կառուցված է հազարավոր տարիներ առաջ հրաբխային ապարներից առաջացած հիմքի վրա, որը նշանակում է, որ Արարատյան դաշտավայրում երկրի մակերևույթի արտաքին շերտերն ավելի ամուր են, քան դրանք սովորաբար լինում են:

Այդուհանդերձ, այդ փաստարկները չեն փարատում Եվրամիության մտահոգությունը: Նրա` այլընտրանքային էներգիայի 100 միլիոն եվրո օգնության առաջարկը մնում է ուժի մեջ, սակայն միայն այն դեպքում, երբ Հայաստանի կառավարությունը հայտարարի ատոմակայանի փակման ստույգ ժամկետը:

Ֆիզիկոս Կիրակոսյանը բացատրում է, որ Եվրամիության մտահոգության պատճառը առաջին սերնդի ռեակտորներն են և որ «անվտանգության աստիճանի բարձրացումը զուտ արտաքին միջոցառումներ են և կապ չունեն ռեակտորի հետ»: Նրա հավաստմամբ` Եվրամիությունը կշարունակի պնդել, «քանի որ չկա երկրորդ վահանապատում»:

Հարցեր ապագայի համար

Աշխարհի միջուկային էներգիա արտադրող առաջատար երկրները

Միջուկային էներգիան կազմում է աշխարհում արտադրված էլեկտրաէներգիայի 16 տոկոսը: Հայաստանն առաջատար երկրների թվում է

Երկիր

   (%)

Լիտվա

      79,9

Ֆրանսիա

      77,7

Սլովակիա

      57,4

Բելգիա

      55,5

Շվեդիա

      50,0

Ուկրաինա

      45,9

Սլովենիա

      40,4

Հայաստան

      40,0

Կորեա

      40,0

Շվեյցարիա

      39,7

Բուլղարիա

      37,7

Աղբյուրներ`Միջուկային էներգիայի ինստիտուտ (Վաշինգտոն, ԱՄՆ), ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր

ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թաթուլ Մանասարյանն ասում է, որ եթե Եվրամիությունը տրամադրում է այդպիսի գումար, նշանակում է բացարձակ շահագրգռություն է ստեղծում, որ ատոմակայանը փակվի:

«Բայց նրանք չեն տալիս հիմնավորումներ, թե ինչո՞ւ, միակ պատճառը համարում են այն, որ հին է: Իսկ ինչպե՞ս է, որ նույն Եվրամիությունը թույլ է տալիս կառուցել նորը, սա պարադոքս է: Իսկ այս պահին փակել ատոմակայանը` նշանակում է զրկվել էլեկտրաէներգիայից ու դարձյալ հայտնվել խավարում»,- ասում է նա:

ԱԺ գարնանային նստաշրջանում քննարկվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները, որոնք հնարավորություն կտան մասնավոր հատվածին ներդրումներ անելու ատոմային էներգետիկայի ոլորտում:

ԱԺ ֆինանսավարկային, տնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը բացատրում է մասնավոր ԱԷԿ-ի առավելությունները Հայաստանի համար: Ըստ նրա` եթե նախկինում Եվրամիությունը կտրականապես պահանջում էր փակել ՀԱԷԿ-ը, այսօր ավելի մեղմ է` թույլ տալով բացել նոր ատոմակայան, որը «կունենա տարածաշրջանային նշանակություն»:

Մինչև 2016 թվականը դեռ 10 տարի կա, սակայն օրենսդիրները կարծում են, որ փոփոխություններն օրենքում ուշացել են: Նոր ատոմակայանի շինարարությունը կտևի առնվազն ութ տարի:

«Օրենքի նախագիծը պետք է ստեղծի այն օրենսդրական դաշտը, որը հնարավորություն կտա ատոմային էներգետիկայի բնագավառում զգալի փորձ ունեցող երկրներին ներդրումներ անել նաև մեր երկրում: Ատոմակայանը կարող է ունենալ նաև ոչ պետական մենաշնորհ, սա աշխարհում տարածված ձև է»,- ասում է էներգետիկայի նախարար Մովսիսյանը:

Սակայն տնտեսագետ Մանասարյանը դեմ է միջուկային էներգետիկայում պետության մենաշնորհը վերացնելուն: Նա կարծում է, որ դա լուրջ վտանգ է, հատկապես` Հայաստանի հարևանների համար:

«Նրանք մտահոգություն ունեն` բա որ պայթի՞: Հարկավոր է պահպանել պատասխանատվության մենաշնորհը: Հակառակ դեպքում խոցելի ենք դառնում նման քննադատության համար: Միջուկային էներգետիկան միջուկային զենքից ընդամենը մեկ քայլ է բաժանում»,- ասում է նա:

Իսկ Սադոյանը կարծում է, որ Հայաստանի նման փոքր երկրում ատոմակայանի վթարները կարող են բերել ողջ երկրի ոչնչացմանը:

«Պետության վերահսկողությունը պետք է լինի: Նոր կառուցվող կայանի վերահսկիչ փաթեթը պետք է լինի պետության ձեռքին, և նրան պետք է պատկանի ղեկավարման մենաշնորհը»,- ասում է նա:

Բնապահպանների կարծիքով, ինչպիսին է Կանաչների միության նախագահ Սանասարյանը, միջուկային էներգետիկայի մասին հարցերը անգամ չպետք է քննարկման նյութ դառնան:

«Աշխարհում անվտանգ աշխատող ատոմակայան չկա»,- ասում է նա: