Գանգատներ առողջությունից. Մեծամորի ատոմակայանի աշխատակիցներին աշխատանք է պետք, թեկուզ` վտանգավոր

Սերգեյ Գրիգորյանը դժվարությամբ է բարձրանում Մեծամորի իրենց շենքի աստիճաններով: Նրա ոտնաձայնը խլացնում է խռպոտ շնչառությունը: Չնայած ցուրտ եղանակին, Սերգեյը խմում է ջուրն առանց հագենալու:

«Ամուսինս խեղդվում է, շատ դժվար է շնչում, օդը չի հերիքում: Մինչև 4 հարկ բարձրանում է` շնչահեղձ է լինում,- ասում է կինը` Մագդա Գրիգորյանը: -Այդ ամենը ազդել է նրա վահանագեղձի վրա: Կոկորդը վառվում է»:

48-ամյա Գրիգորյանը մեկն է Երևանից ոչ հեռու գտնվող Մեծամորի ատոմակայանի այն երեք աշխատողներից, որոնք 1986 թվականի միջադեպի ժամանակ ռադիոակտիվ մետաղի փոշի են ներշնչել: Այն ժամանակ նրա հետ էին նաև գործընկերները` Արամայիս Գասպարյանը և Սուրիկ Շիրվանյանը:

«Հղկում էինք խողովակները, որոնցով անցնում է ուրանի հովացման ջուրը: Խողովակները պետք է դեզակտիվացված լինեին [բայց դեզակտիվացված չէին]: Գործն անելիս, փաստորեն, շնչելով մեր թոքեր է մտել կոբալտ, որը ծանր մետաղ է»,- բացատրում է Սերգեյը:

Դեպքից 6 տարի անց Մոսկվայի վեցերորդ մասնագիտացված կլինիկական հիվանդանոցի կողմից տրվում է նրանց հիվանդության ախտորոշումը. «Կոբալտ 60-ի կրող, ռադիոակտիվ տարրերի ազդեցության տակ…»: Ընկերներից մեկը` Սուրիկ Շիրվանյանը, մահանում է դեպքից 9 տարի անց` 34 տարեկանում:

1992 թվականից Գրիգորյանն ու Գասպարյանը երրորդ կարգի հաշմանդամ են: Սակայն շարունակում են աշխատել ատոմակայանում: Դա ընտրություն չէ, անհրաժեշտություն է:

Այսօր էլ, շատերի նման, նրանք շարունակում են բնակվել Մեծամորում ու աշխատել քաղաքից 7 կմ հեռավորության վրա գտնվող ՀԱԷԿ-ում: Մեծամորցիները սարսափով են մտածում, որ ՀԱԷԿ-ը կարող է փակվել: Որքան էլ գանգատվեն առողջական խնդիրներից, ռադիոակտիվ ճառագայթումից, միևնույն է, ՀԱԷԿ-ը մնում է նրանց միակ աշխատատեղը:

«Անգիր գիտենք, որ մեր մոտի թութն ու ելակը չի կարելի ուտել, դրանք ավելի շատ են ճառագայթվում: Բայց, ախր, ի՞նչ անենք, ո՞ւր գնանք»,- ասում է Մագդան:

Տարիներ շարունակ Գրիգորյանին ու Գասպարյանին տարին երկու անգամ ուղարկել են Մոսկվա` մասնագիտացված բուժում ստանալու: Բայց հիմա չեն ուղարկում:

Ասել են, որ բուժման համար այլևս միջոցներ չկան: Հիմա նրանց ուղարկում են Երևանի ճառագայթային հիվանդությունների և այրվածքների գիտական կենտրոն, բայց, ինչպես նրանք են ասում, այնտեղ բուժումն այնքան արդյունավետ չէ, որքան Մոսկվայում:

«Խեղդվում ենք, օդը չի բավականացնում»,- ասում է Գասպարյանը:

Պետության սեփականություն հանդիսացող ատոմակայանի ներկայացուցիչները չարձագանքեցին երկու աշխատողների բուժման մասին մեկնաբանություն տալու խնդրանքին:

Սակայն միջադեպից 20 տարի անց միջուկային անվտանգությունն ապահովող պետական գերատեսչությունը` ՀՀ պետատոմհսկողության տեսչությունը, պնդում է, թե Մեծամորի ատոմակայանն ապահով է աշխատելու համար և բավարարում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության պահանջները:

Պետատոմհսկողության տեսչության պետի տեղակալ Աշոտ Մնացականյանը և ճառագայթային անվտանգության գծով գլխավոր մասնագետ Աիդա Ավետիսյանը ցույց են տալիս հաշվետվություններ, որտեղ ներկայացված են ատոմակայանի աշխատակիցների ստացած անհատական բեռերը (դոզաները): Ճառագայթման առավելագույն թույլատրելի դոզան տարեկան 5 բեռ է:

Գրիգորյանը, Գասպարյանը և Շիրվանյանը 1986 թ. միջադեպի ժամանակ ստացել են 1000 բեռ:

Մնացականյանն ասում է, որ բոլոր աշխատողները պարբերաբար ստուգման են ենթարկվում:

«Երկու բեռը գերազանցող չկա,- ասում է Ավետիսյանը: - Հետազոտում ենք, երբ [միջուկային] վառելիք են փոխադրում կամ ստանում: Նման աշխատանքներ կատարելիս նրանք ստանում են թույլտվություն, որտեղ գրվում է, թե քանի բեռ կարող են ստանալ»:

Պետատոմհսկողության տեսչության մասնագետները նաև վստահեցնում են, որ ատոմակայանը ոչ մի վտանգ չի ներկայացնում մերձակա Մեծամոր քաղաքում կամ Հայաստանի այլ վայրերում ապրողների համար: Բնակչությունն ապրում է շատ ավելի հեռու, քան անմիջական ճառագայթումը կարող է ազդել նրանց վրա, ուղիղ գծով 5-6 կմ: Իսկ ուղիղ ազդեցության ճառագայթում չկա»,- ասում է Ավետիսյանը:

Պետական վիճակագրությունը նույնպես Հայաստանի մյուս շրջաններում ճառագայթման թույլատրելի նորման գերազանցող մակարդակ չի արձանագրում:

Սակայն Մագդա Գրիգորյանը, որի ամուսինը տարիներ շարունակ տառապում է աշխատավայրում տեղի ունեցած միջադեպի պատճառով, վստահ չէ, որ ատոմակայանի շրջակայքում կյանքն ապահով է:

«Մեզ մոտ շատացել են հիվանդությունները, հատկապես կրծքագեղձի քաղցկեղը` կանանց և թոքերի ու շագանակագեղձի քաղցկեղը` տղամարդկանց շրջանում,- ասում է նա: - Չգիտենք` ատոմակայանի՞ց է, թե՞ չէ»:

Բժիշկ-ճառագայթաբան, թունաբան Լև Պետրովիչ Արտիշչևն ասում է, որ ճառագայթման մեծ դոզայի ժամանակ մարդը մեծ քանակությամբ էներգիա է ընդունում, որի արդյունքում փոխվում են օրգանիզմի կենսաքիմիական պրոցեսները:

«Գլխացավ, արցունքահոսություն, հազ, ցավ կոկորդում, իսկ հետո սկսվում են փոփոխություններ հյուսվածքներում: Սկսվում է բարդ քիմիական պրոցես, որը մասնագետները կոչում են ճառագայթային հիվանդություն»,- ասում է նա:

Պետատոմհսկողության մասնագետները վստահեցնում են, որ ատոմակայանի արտանետումներն ու արտահոսքերը բնակչության համար վտանգ չեն ներկայացնում:

«Սրանք հեղուկ արտահոսքեր են կոյուղու միջով և դրանց ռադիոնուկլիդային բաղադրությունը: Այս թվերից երևում է, որ ատոմակայանը չի կարող ազդել մարդկանց վրա: Բնակչությունն ապրում է շատ ավելի հեռու, քան անմիջական ճառագայթումը կարող է ազդել նրանց վրա` ուղիղ գծով 5-6 կմ: Իսկ ուղիղ ազդեցության ճառագայթում չկա»,- ասում է Ավետիսյանը:

Սակայն բնապահպաններին մտահոգում են նաև Մեծամորի ատոմակայանի պոտենցիալ պրոբլեմները, հատկապես` միջուկային թափոնների պահեստավորման հարցը:

ՀԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնները վերամշակվում ու պահվում են հատուկ պահեստարաններում: ՀԱԷԿ-ի նախագծով թափոնների թաղում նախատեսված չէ: Բարձր ակտիվությամբ ռադիոակտիվ թափոնների պահեստարանը ռեակտորի սրահում է: Միջին ակտիվության ռադիոակտիվ թափոնները պահվում են ռեակտորային արտադրամասի հատուկ բաքերում: Խտացվելուց հետո դրանք պահեստավորվում են հատուկ մասնաշենքում: Ցածր ակտիվության պինդ թափոնները հավաքվում և տեղափոխվում են ՀԱԷԿ-ի հարթակի վրա գտնվող մերձմակերեսային պահեստարան:

Ատոմակայանի գործարկումից հետո պինդ թափոնները տեղափոխվել են Ռուսաստան: Եթե առաջիկայում Ռւսաստանը հրաժարվի այդ թափոններն ընդունելուց, ապա Հայաստանի առջև կծառանա մի նոր պրոբլեմ` ի՞նչ անել միջուկային վառելիքի թափոնները:

«Հայատոմի» տնօրեն Վահրամ Պետրոսյանն ասում է, որ արդեն սկսվել են նոր պահեստարանի շինարարական աշխատանքները, որը պատրաստ կլինի 2007 թ. վերջին և 50 տարի ապահով պահեստ կդառնա թափոնների համար:

«Իսկ 50 տարի հետո կապրենք` կտեսենք: Կամ կունենանք նոր տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն կտան այդ ամենը նորից օգտագործել, կամ ընդհակառակը, այրված վառելիքից ստանալ նոր վառելիք: Մի խոսքով` կորոշենք 50 տարի հետո, եկեք այսօր դրա մասին չխոսենք»,- ասում է նա:

Իսկ առայժմ Մեծամորում նոր ատոմակայանի կառուցման խոսակցությունները (տես` «Չեռնոբիլի ստվերում» հոդվածը) չեն վախեցնում քաղաքի 10000 բնակիչներին:

Սակայն մեծամորցիները դժգոհում են, որ իրենց որպես փոխհատուցում էլեկտրաէներգիայի զեղչ չի տրամադրվում, ինչպես խորհրդային տարիներին:

«Աշխատեմ ատոմակայանում, ստանամ 1000 բեռ ու լույսի համար 100 տոկոսով մուծե՞մ: Լույսի համար առողջությունս քայքայեմ ու դեռ մուծե՞մ, ինչի՞ համար,- ասում է հաշմանդամ դարձած Արամայիս Գասպարյանը: - Այ է’դ ա ցավը, տուժեմ, ու տիրություն չանեն` է’դ ա ցավը: Քայքայել են առողջությունս, թոքերիցս բան չի մնացել: Տրանսպորտ էլ չեն հատկացնում, որ մինչև կայան հասնենք, հասկանո՞ւմ եք»: