Աղքատի այլընտրանք. Արարատի բնակիչները կանգնած են ընտրության առջև` փոշի ու աշխատա՞նք, թե՞ անվտանգ շրջակա միջավայր

Արարատի «կոլորը» որոշում է ցեմենտի գործարանը
Ոսկու կոմբինատը նաև վնասակար արտանետումների աղբյուր է
Ցիանաջուրը լցվել էր Մարգարյանների այգին
Արարատի մարզում հայերի այդքան սիրած սև գույնն այնքան էլ տարածված չէ:

Արարատցիները նախընտրում են ավելի բաց գույներ, որովհետև փոշին արագ փոխում է հագուստի սև գույնը գորշի:

ՀՀ բնապահպանության նախարարության տվյալներով` Երևանից 40 կմ դեպի հարավ-արևելք գտնվող Արարատ քաղաքում փոշու պարունակությունը գերազանցում է թույլատրելի սահմանը 10 անգամ:

Մոտ 26 հազար բնակիչ ունեցող Արարատը խորհրդային ինդուստրիալացման ավանպոստերից է: Այսօր գործարանները չեն աշխատում խորհրդային տարիների հզորությամբ, սակայն մասնակի հզորությամբ գործում են մոտ մեկ տասնյակի հասնող ձեռնարկություններ: Խորհրդային տարիներին միայն Արարատի ցեմենտի գործարանը մոտ 6000 աշխատող ուներ: Այսօր հազիվ այդքան աշխատող լինի բոլոր գործող ձեռնարկություններում:

Այդուհանդերձ, «Արարատցեմենտի», Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի ու ասբոշիֆեր արտադրող «Կավաշենի» նման ձեռնարկություններն են աշխատանքով ապահովում Արարատը: Ու նաև «համեմում» են օդը տարբեր ծանր մետաղներով, քիմիական տարրերով, վնասակար նյութերով ու փոշով:

Ոչ լրիվ հզորությամբ աշխատելով էլ` Արարատի ձեռնարկությունների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա մեծ է:

«Էս քաղաքում շնչելու օդ չկա,- ասում է Արարատի բնակչուհի Անահիտը, որը շատերի նման վախեցավ տալ իր ազգանունը: - Տանտիրուհիները չեն հիշում` օրը քանի անգամ են փոշի սրբում, քանի որ փոշին ամենուր է ու անվերջանալի: Փողոցում, տանը ոտից գլուխ կորած ենք փոշու ու վնասակար նյութերի մեջ»:

Արարատի բնակիչները գանգատվում են, որ չեն կարող մի բաժակ սուրճ վայելել իրենց պատշգամբում:

Սակայն քաղաքի խնդիրները չեն սահմանափակվում փոշով:

Ըստ Կովկասյան տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (ՏԲԿ-Կովկաս) փորձագետների եզրակացության` ցեմենտի գործարանի շրջակա հողերն աղտոտված են ցեմենտի փոշով և աչքի են ընկնում ծանր մետաղների բարձր պարունակությամբ (ծանր են համարվում այն մետաղները, որոնք դուրս չեն գալիս մարդու օրգանիզմից` ախտահարելով օրգանները): Ցեմենտի փոշին` տարածվելով մինչև 10 կմ շառավղով, ծածկում է հողը մոտ 2 սմ շերտով` վատացնելով հողերի ջրաֆիզիկական հատկությունները: Ընկել է հողերի բերքատվությունը, վերացել են 500 հեկտարից ավելի խաղողի և պտղատու այգիներ:

Սակայն վերացել է նաև գործարաններին ուղղված քննադատությունը, քանի որ բնակիչները մտահոգված են ոչ թե բնապահպանությամբ, այլ տնտեսական հարցերով: Իսկ Արարատում այդ հարցերի լուծումը կախված է հենց փոշի արտադրող գործարաններից:

«Արարատը հնարավոր չէ պատկերացնել առանց ցեմենտի գործարանի փոշու: Երբ ինչ-որ տեղից քաղաք եմ վերադառնում և հեռվից նկատում եմ դեղին փոշին, սիրտս փառավորվում է: Զգում եմ, որ տուն եմ վերադառնում,- ասում է քաղաքապետ Հակոբ Թովմասյանը: - Փոշին Արարատ քաղաքի համար հարսանեկան քող է դարձել: Մենք և մեր բնակիչները սիրում ենք մեր քաղաքի փոշին»:

Վիճակագրական տվյալներով` Արարատ քաղաքի և շրջակա բնակավայրերի բնակիչների 14 տոկոսը հաշմանդամներ ու քրոնիկական հիվանդներ են: («ԱրմենիաՆաուն» համապատասխան վիճակագրական տվյալներ ստանալու խնդրանքով դիմել է մի քանի պետական գերատեսչություն, սակայն պատասխան չի ստացել:)

Մասնագիտական հիվանդություններից տառապողների գերակշիռ մասը, որոնք ցեմենտի, ոսկու, կրի և ասբեստ-շիֆերի գործարանների նախկին ու ներկայիս աշխատողներ են, հիմնականում տառապում են սիլիկոզ, պնևմակոնիոզ, բրոնխիտ, ասթմա, պլևրիտ և այլ հիվանդություններից: Մասնագետների հավաստմամբ` մեծ թիվ են կազմում շնչառական, ուռուցքային և սրտանոթային հիվանդություններով տառապողները:

Հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդների մեծ մասը խուսափում է բժշկի դիմելուց`վախենալով աշխատանքը կորցնելուց:

Չնայած այս տվյալներին` Արարատի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արայիկ Սարդարյանն ասում է, որ վիճակն այնքան էլ մտահոգիչ չէ:

«Մեր քաղաքում հիվանդություններն այնքան էլ արտահայտված չեն,- ասում է նա: - Ա’յ, 90-ականներին, երբ աշխատում էր հին գործարանը, փոշին մանր էր և վնաս էր հասցնում մարդկանց. մանր փոշեհատիկները գնում-լցվում էին մարդկանց թոքերը: Իսկ անկախությունից հետո այս նոր գործարանը գրեթե փոշի չի բերում, բերածն էլ` մեծ փոշեհատիկներով` քամին քշում-տանում է քաղաքի սահմաններից դուրս»:

Արարատի մասնագետներն ու քաղաքի ղեկավարությունը օդը մաքրելու երկու ճանապարհ են տեսնում: Մեկը` գործարանները թանկարժեք ֆիլտրերով զինելն է, ինչն այնքան էլ իրատեսական չէ, մյուսը` քաղաքը կանաչապատելը, որը ինչ-որ տեղ փրկություն կլինի քաղաքի համար:

«Քաղաքում պետք է ավելանան կանաչ տարածքները. ծառերի սաղարթը բնական ֆիլտր է, որը հրաշալի մաքրում է օդը փոշուց»,- ասում է քաղաքապետը:

Բայց կանաչ գոտին ոռոգել է պետք է, իսկ «քաղաքը ոռոգման ջրի խնդիր ունի,- ասում է քաղաքապետը: - Եթե միլիոններ էլ տրամադրվեն Արարատին, էլի անելու բան կմնա»:

Թեև միլիոններ դեռ չկան, սակայն Արարատ քաղաքն այն երջանիկներից է, որը շուտով ՏԲԿ-Կովկասից 32 հազար դոլար կստանա:

«Այդ գումարը քաղաքապետարանի և ՀԿ-ների միջոցով կօգտագործվի քաղաքի բնապահպանական ծրագրերի իրականացման համար: Հատուկ ուշադրություն կդարձվի քաղաքի կանաչապատմանն ու ոռոգման համակարգի բարելավմանը»,- ասում է Արարատի «Կանաչների միություն» ՀԿ նախագահ Ալինա Լալայանը:

Սակայն եթե կանաչ տարածքները, ըստ Ալինա Լալայանի, մեծ օգնություն կլինեն Արարատի փոշու դեմ պայքարելու համար, ապա քաղաքի մյուս մեծ խնդիրները, որոնք կապված են Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի հետ, ըստ մասնագետների ու բնակիչների, ոչ սկիզբ ունեն, ոչ էլ վերջ:

Արարատի բնակիչները հիմնականում խուսափում են ցեմենտի գործարանը փնովելուց, քանի որ այն պատկանում է Հայաստանի հզորներից մեկին` Գագիկ Ծառուկյանին, որին շատերը համարում են ամենազոր:

Արարատցիներն ավելի համարձակ են քննադատում ոսկու ֆաբրիկան, որը պատկանում է հնդկական կոնսորցիումի, և ղեկավարն էլ հնդիկ է` Անիլ Ագարվալ:

Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի տրամադրած տվյալների համաձայն` արտադրության ընթացքում տարեկան մթնոլորտ է արտանետվում մոտավորապես 90 տոննա ցիանաջրածին, ծծմբային անհիդրիդ, ածխածնի և ազոտի օքսիդ, ածխի, հանքաքարի ու անօրգանական փոշիներ և քլորի գոլորշիներ:

«Տարեկան 90 տոննա ցիանաջրածինը շատ մեծ և վտանգավոր թիվ է,- ասում է ՏԲԿ-Կովկասի փորձագետ Դշխուհի Սահակյանը: - Հնարավոր է, որ իրական թիվն ավելի մեծ լինի»:

Սակայն ֆաբրիկայի էկոլոգ Անուշ Գևորգյանը հավաստիացնում է, որ մթնոլորտ արտանետվող նյութերը չեն գերազանցում բնապահպանության սաահմանած թույլատրելի սահմանային կոնցենտրացիան:

«Օրինակ` ցիանաջրածնի արտանետումն այնքան էլ մեծ չէ ու գտնվում է սահմանների մեջ»,- ասում է Գևորգյանը

Ցիանաջրածինը վնասակար է մարդու ու շրջակա միջավայրի համար` նշում է Արարատի մարզային փորձագիտական կենտրոնի Արարատի մասնաճյուղի համաճարակաբան Արա Նազարյանը: Նա խուսափում է Արարատի բնակչության հիվանդացության և օդի աղտոտվածության մասին մասնագիտական որակումներ տալուց, սակայն միևնույն ժամանակ չի ժխտում, որ «ցիանային և սիլիցիումային միացությունները վտանգավոր են կենդանական աշխարհի համար»:

Նազարյանն ակնկալում է, որ այս տարվանից հանրապետությունում կստեղծվեն հնարավորություններ` շրջակա միջավայրի թունավորման հետևանք հանդիսացող հիվանդությունների գնահատման համար:

Իսկ առայժմ ամենամեծ մտահոգությունն առաջ են բերում ոչ թե արտանետումները մթնոլորտ, այլ արտադրական վթարները և վնասված խողովակները, որոնցից ցիանախառն թափոնները արտահոսում են հողի մեջ:

Ըստ Արարատի վարչական մարմինների և բնակիչների` Արարատի ոսկու ֆաբրիկայում վերջին մի քանի տարիների ընթացքում մեկ տասնյակի հասնող վթարներ են տեղի ունեցել, որի հետևանքով թունավորվել են կովեր, ոչխարներ, ձկներ, իսկ թունավոր հեղուկը լցվել է բանջարանոցներն ու այգիները:

«7000 մետր խաղողի այգի ունեի, տարեկան մինչև 8 տ բերք էի հավաքում,- դառնությամբ հիշում է 52-ամյա Ջուլիկ Մարգարյանը: - Ամուսինս աշխատում էր ցեմենտի գործարանում, հիվանդացավ ու էլ չի աշխատում: Մեր հիմնական եկամուտն այգին էր, մեր խաղողի մասին ամբողջ շուկան գիտեր: Մի օրում հեչ էղավ»:

Ըստ համայնքի ղեկավարների կազմած եզրակացության` Ջուլիկի այգին «հեչ է եղել» 2004 թ. նոյեմբերի 28-ին, երբ ոսկու ֆաբրիկայի հերթական վթարը տեղի է ունեցել Մարգարյանների տան մոտ: Համայնքի ներակայացուցիչները գնահատել են վնասը 8 միլիոն 560 հազար դրամ (մոտ 19000 դոլար):

«Երբ մեզ իմաց տվեցին, որ ցիանաջուրը լցվել է մեր այգին, վազելով եկանք,- ասում է Մարգարյանը: - Զզվելի հոտ էր գալիս, ջրի գույնն էլ անհասկանալի էր: Ֆաբրիկայի մասնագետները փորձում էին լվանալ այգիս: Երբ մտա այգի, կաշվե կոշիկներս լրիվ քայքայվեցին: Սկզբում մեզ ասեցին` ձեն մի հանեք, էս հարցը կլուծենք: Բայց մինչև հիմա ոչ մի բան էլ լուծված չի: Որոշ ժամանակ անց մեզ ասեցին`ում հետ որ պետք ա, վերևներում հարցերն արդեն կարգավորել ենք»:

Մարգարյաններն ասում են, որ ձեռնարկության ղեկավարությունը վթարների ժամանակ, որպես կանոն, հարցը լուծում է տուժածներին կաշառելով, որպեսզի իրենց դատի չտան: Իսկ հրաժարվողները օրերով մաշում են դատարանների դռները ու վերջում մնում ձեռնունայն: Հենց այդպես էլ եղավ Մարգարյանների հետ:

Իսկ ֆաբրիկայի էկոլոգ Գևորգյանն ասում է, որ ձեռնարկությունը պատասխանատվություն չի կրում տեղի ունեցածի համար:

«Կովի աչքերի մեջ կամ հողին նայելով` մարդ չի կարող որոշել ցիանի պարունակությունը,- ասում է Գևորգյանը: - Մեր լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ հողի մեջ ցիան չի հայտնաբերվել: Իսկ թե ինչից է չորացել Մարգարյանների այգին` թող իրենք պարզեն, մեր խնդիրը չէ»:

«Իրենց խնդիրը» պարզելու Մարգարյանների հայցը ներկայումս դատարանում է: Ընտանիքի անդամներն ասում են, որ դեպքից հետո ոչ բերք են ստացել, ոչ էլ փոխհատուցում, և սպասում են:

Սպասում են նաև քաղաքապետարանի աշխատակիցներն ու մասնագետները, որոնք հույս ունեն, որ առաջիկայում գոնե ինչ-որ կերպ հնարավոր կլինի լուծել քաղաքի առաջ ծառացած խնդիրների մի մասը:

«Ինչ խոսք, Արարատում խնդիրները շատ-շատ են և շուտափույթ լուծում են պահանջում,- ասում է Լալայանը: - Բացի ոսկու և ցեմենտի գործարաններից, Արարատում բնապահպանական առումով վտանգավոր է նաև ասբեստե շիֆերի արտադրությունը: Կան նաև մի շարք այլ արտադրություններ: Ուստի ուշադրությունն այստեղ անհրաժեշտություն է»:

«Մենք բոլորս էլ ուզում ենք, որ ամեն ինչ լավ լինի,- ասում է Արարատի քաղաքապետ Թովմասյանը: - Եվ այն վնասը, որ ձեռնարկությունները հասցնում են մարդկանց, պետք է փոխհատուցվի: Արարատի գործարաններն ամեն տարի փոխհատուցման մեծ գումարներ են փոխանցում պետբյուջե, որոնք, ըստ տրամաբանության, պետք է վերադառնան մեր քաղաք և ծառայեն շրջակա միջավայրի վերականգնմանը: Սակայն ոչ մի գումար էլ հետ չի գալիս: Մինչդեռ, եթե ամեն ինչ տրամաբանորեն կառուցվեր, վնասներն էլ քիչ կլինեին»: