Մռայլ կանխատեսում. շնչառական հիվանդությունների ավելացման պատճառն օդի որակն է

Հայաստանում շնչելը դժվարանում է:

Առողջապահության և բնապահպանության ոլորտների մասնագետները պնդում են, որ անտառահատումների և օդի վատացող որակի պատճառով վերջին տասնամյակում ասթմայի և այլ շնչառական հիվանդությունների հիվանդացությունը Հայաստանում կրկնակի աճել է: Վիճակը հատկապես մտահոգիչ է երեխաների շրջանում:

«Եթե մի քանի տարի առաջ ասթմայով հիվանդ փոքր երեխաները 5-6 տարեկան էին, ապա վերջին տարիներին ասթմա հայտնաբերում ենք նույնիսկ 1-2 տարեկանների մոտ,- ասում է ՀՀ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը: - Սա մարդու օրգանիզմի ռեակցիան է շրջակա միջավայրին: Օրգանիզմը չի հասցնում պայքարել ու հարմարվել շրջակա միջավայրի փոփոխություններին»:

Առողջապահության նախարարության տվյալներով` շնչառական հիվանդություններով տառապող հիվանդների ընդհանուր թիվն աճել է 45 տոկոսով` 2001 թ. 5108-ից (100 հազար մարդու հաշվարկով) 2004-ին հասնելով 7500-ի:

Շրջակա միջավայրը սկսեց արագ փոփոխվել 1990-ականներից, երբ սկզբում էներգետիկական ճգնաժամի պատճառով սկսվեցին համատարած ծառահատումները` հանգեցնելով անտառային ամբողջ զանգվածների ոչնչացման (ինչպես Հին Նորքի անտառները Երևանում), իսկ հետագայում, արդեն ճգնաժամից հետո, ծառահատումները շարունակվեցին ավելի մեծ թափով` հարստացնելով անհատներին: Այսօր Երևանի կենտրոնը սրճարանների շղթայի փոխակերպելու ընթացքում ոչնչացվում են մայրաքաղաքի զբոսայգիներն ու կենսական նշանակություն ունեցող կանաչ տարածքները:

Առողջապահության և բնապահպանության մասնագետները հայտարարում են, որ սա կրկնակի հարված է ինչպես շրջակա միջավայրին, այնպես էլ հասարակության առողջությանը: Անտառահատումները հանգեցնում են հողի էրոզիայի և մթնոլորտում փոշու ավելացման, իսկ քաղաքային կանաչ տարածքների կրճատումը նաև նշանակում է, որ նվազում է ծառերի թիվը, որոնք ֆիլտրում են ավտոմեքենաների և արդյունաբերական ձեռնարկությունների արտանետումները:

Բնապահպանության նախարարության և անտառների վերականգնումով զբաղվող հասարակական կազմակերպությունների վիճակագրությամբ` հանրապետության կանաչ հովանոցն արագ կրճատվում է: «Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա» ՀԿ տվյալներով` միայն Երևանում կանաչապատման աստիճանը 1986 թ. մոտ 32 տոկոսից 2005-ին նվազել է մինչև 7,6 տոկոս: Բնապահպանության նախարարության վիճակագրությամբ` անտառածածկ է Երևանի տարածքի ընդամենը 2 %-ը: Գլոբալ բանավեճ

«Երևանը մոտեցել է էկոլոգիական աղետի,- ասում է բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը: - Երևանի կենտրոնն արդեն էկոլոգիական աղետի գոտի է»:

Բնապահպանի հավաստմամբ` իր այս պնդմանը համամիտ են շարքային քաղաքացիները:

Դանիելյանի ղեկավարած «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ը հարցում է անցկացրել 300 երևանցիների շրջանում: Պարզվել է, որ հարցվածների 90 տոկոսը մայրաքաղաքի էկոլոգիական մեծագույն պրոբլեմ է համարում կանաչ գոտիների վերացումը, օդի ու ջրի աղտոտվածությունը: Նրանց մեծ մասի կարծիքով` այդ ամենի պատճառը քաղաքաշինական սխալ քաղաքականությունն է:

«Առաջ Երևանը կառուցապատելիս հաշվի էր առնվում այն հանգամանքը, որ չխանգարեն քամիների հոսքին: Այսօր քաղաքային իշխանություններն իրենց առջև նման խնդիր չեն դնում»,- ասում է Դանիելյանը:

Դանիելյանն ասում է, որ անտառներից զրկվող հանրապետությունում ստեղծվում է «կիսաանապատային կլիմա»:

«Վերջին տարիներին Երևանն անընդհատ կորցնում է այն հատկությունները, որոնք անհրաժեշտ պայմաններ են ապահովել մարդկանց կենսագործունեության համար,-ասում է Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի նախագահ Սրբուհի Հարությունյանը: - Կանաչապատ տարածքների նվազումը, իր հերթին, ազդում է օդի որակի վրա»:

Կանաչ տարածքներն աստիճանաբար ոչնչացվում են հատկապես քաղաքի կենտրոնում` զիջելով իրենց տեղը նորաոճ սրճարաններին ու զվարճանքի վայրերին, որոնց տերերը բարձրաստիճան պաշտոնյաներ ու նրանց մերձավորներն են (տես`«Սրճարանային մշակույթ» հոդվածը):

«Վերջին տարիներին անհամեմատ ավելացել է մաշկային լուրջ խնդիրներով ինձ դիմող երիտասարդների թիվը,- ասում է 20 տարվա աշխատանքային փորձ ունեցող կոսմետոլոգ, բժիշկ Իզա Հարությունյանը: - Հավատացած եմ` դիմողների մի մեծ մասի խնդիրներն անմիջականորեն կապված են աղտոտված օդի հետ»:

Կոսմետոլոգի դիտարկումները հաստատում է թոքաբան Ոսկանյանը: Նրանք երկուսն էլ վկայակոչում են Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիայի տվյալները, որի հետազոտություններից պարզվել է, որ Երևանի տարածքում ծանր մետաղների պարունակությունը գերազանցում է թույլատրելի մակարդակը. կապարը` 6,4, արծաթը` 4,4, ցինկը` 3,7, քրոմը`3,2, պղինձը` 2,1, նիկելը`1,8, կոբալտն ու մոլիբդենը` 1,4 անգամ: Ըստ փորձագետների` դա չափազանց վտանգավոր ցուցանիշ է:

Սակայն եթե կլիմայի փոփոխության և օդի որակի վատացման բանավեճը գլոբալ բնույթ է կրում, ապա անտառահատումներին, հայաստանցի բնապահպանների հավաստմամբ, գումարվում են նաև շարունակ ավելացող ավտոմեքենաները: 2000 թվականին Երևանում մոտ 227000 գրանցված ավտոմեքենա կար: 2005-ին դրանց թիվն աճել է 32 տոկոսով` հասնելով մոտ 300 հազարի: Եվ դա այն ժամանակ, երբ կտրուկ կրճատվել են մայրաքաղաքի կանաչ տարածքները: Այս երկու գործոնները պատասխանատու են Երևանի աղտոտման 97 տոկոսի համար:

Հայաստանի արդյունաբերական աղտոտիչները

Աղբյուր` ՀՀ բնապահպանության նախարարության մոնիտորինգի կենտրոն, 2005 թ.

Անցյալ տարի ուժի մեջ մտած նոր կանոններով` ավտոմեքենաների արտանետումների ստուգման լիազորությունը հանձնվել է բնապահպանության նախարարությանը: Ստեղծվել են հատուկ կետեր, որտեղ յուրաքանչյուր մեքենա տարվա մեջ մեկ անգամ պետք է ենթարկվի ստուգման` պարզելու, թե արտանետվող գազը որքանով է համապատասխանում թույլատրելի նորմերին (ծառայության արժեքը 1200 դրամ է):

Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հավաստմամբ` ստուգման նոր կանոնակարգը թույլ կտա կրճատելու օդի աղտոտումը: Այն ավտոմեքենաները, որոնք չեն անցնի արտանետման ստուգում, չեն ստանա դիմապակուն փակցվող վկայական, առանց որի փոխադրամիջոցի վարորդը կտուգանվի:

«Տապան էկո ակումբ» բնապահպանական ՀԿ նախագահ Հրանտ Սարգսյանն ասում է, որ ավտոմեքենաների արտանետումներն օդային ավազան այդքան զգալի չէին լինի, եթե Երևանի կանաչ տարածքները վերացված չլինեին:

«Պետք չէ բարդել ամբողջ մեղքը ավտոմեքենաների արտանետումների վրա: Եթե կանաչ տարածքները վերացված չլինեին, ապա այսօր Երևանում նման ճգնաժամ չէր լինի: Եթե ծառերը լինեին, ապա օդային ավազանը ինքնաֆիլտրում կանցներ, և այդ արտանետումները կչեզոքացվեին»,- ասում է Սարգսյանը:

Աղտոտիչների կոկտեյլ

Բնապահպանները պնդում են, որ արտանետումների վերահսկումը միայն մասնակի լուծում է: Նրանք ասում են, որ ապօրինի անտառահատումները և անտառանյութի արտահանումը Իրան, եվրոպական և այլ երկրներ իրենց ծավալով նկատելիորեն գերազանցում են անտառների վերականգնման միջոցառումները: Օդի որակի վատացման և առողջական խնդիրների ավելացման մեջ նրանք մեղադրում են աղտոտիչներին, որոնք Հայաստանի հարավային մասում և արդյունաբերական Ալավերդիում գործող հանքարդյունաբերական և մետաղաձուլական արտադրությունների արդյունք են:

Բնապահպանության նախարարության մոնիտորինգի կենտրոնի տվյալներով` փոշու մակարդակը գերազանցում է կառավարության սահմանած թույլատրելի նորմերը Ալավերդիում, Արարատում, Գյումրիում, Վանաձորում և Երևանում: Որոշ արդյունաբերական քաղաքներում աղտոտիչները, ինչպես թթվային անձրևների բաղադրիչ ծծմբի երկօքսիդ թունավոր գազը, նույնպես գերազանցում են թույլատրելի նորմերը և վտանգավոր են առողջության համար:

Թթվային անձրևները, որոնք առաջանում են տեղումների ու ծծմբի երկօքսիդի և այլ թունավոր նյութերի խառնուրդից, կարող են տեղափոխվել մեծ տարածքներ` վնասելով կամ ոչնչացնելով ջրային ավազանն ու ամբողջ էկոհամակարգը:

Երևանից 40 կմ հեռավորության վրա գտնվող հարթավայրային Արարատ քաղաքի բնակիչները բողոքում են տեղի ցեմենտի գործարանի ու ոսկու ֆաբրիկայի փոշուց:

«Որ քամի ա անում, քաղաքը կորում ա թոզ ու դումանի մեջ,- ասում է 70-ամյա արարատցի Հակոբ պապը: - Էդ փոշին ծածկում ա մեզ ոտից գլուխ»:

Բնակիչները նաև հայտնել են «ԱրմենիաՆաուին», որ ոսկու ֆաբրիկայի թափոնները աղտոտել են ոռոգման ջրատարները, ոչնչացրել խաղողի ու մրգատու ծառերի այգիներն ու տնամերձները: Որոշ բնակիչներ վնասի փոխհատուցման հայց են ներկայացրել` պնդելով, որ իրենց կրած վնասի պատճառն այդ թունավոր թափոններն են:

Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի տվյալները ցույց են տալիս, որ արտանետումների մեջ կան այնպիսի թունավոր նյութեր, ինչպիսիք են ցիանաջրածինը, ծծմբի և ածխածնի մոնօքսիդը, հանքաքարի փոշին ու քլորի գոլոշիները: Ֆաբրիկայի էկոլոգ Անուշ Գևորգյանը հավաստում է, որ մթնոլորտ արտանետումները չեն գերազանցում ՀՀ կառավարության սահմանած թույլատրելի նորմերը:

Բնապահպանական փակուղի

Արարատի քաղաքապետ Հակոբ Թովմասյանն ասում է, որ քաղաքը, որի անմիջական հարևանությամբ վեր են խոյանում Արարատները, միջոցներ է ձեռնարկում շրջակա միջավայրը բարելավելու ուղղությամբ: Քաղաքը բնապահպանական ծրագիր է ներկայացրել և 32 հազար դոլար դրամաշնորհ է ստացել ՏԲԿ-Կովկաս կենտրոնից:

Սակայն Արարատի և հանրապետության արդյունաբերական այլ քաղաքների համար շրջակա միջավայրի աղտոտումը կարող է դառնալ վճար տնտեսական գոյատևման համար:

«Հայրս, որ կյանքի մեծ մասն աշխատել էր ցեմենտի գործարանում, ասում էր, թե լուսաբացն իմաստավորվում է, երբ տանս պատշգամբից տեսնում եմ ցեմենտի գործարանի ծուխը,- ասում է քաղաքապետ Թովմասյանը: - Այդ մտածելակերպն ինձ էլ է փոխանցվել. ցեմենտի գործարանի ծուխն ինձ համար խորհրդանշական է. նշանակում է` քաղաքն ապրում է, մարդիկ աշխատանք ունեն»: