Չեռնոբիլի փրկարարները. հուշարձան չեն կառուցում, բայց լրացուցիչ բուժօգնություն հատկացնում են

1986 թվականի ապրիլի 26-ից շատ չանցած խորհրդային իշխանությունները հավաքել են նրանց ու տարել անհայտ ուղղությամբ: Ոմանց ասել են, թե տանում են Ղազախստան ինչ-որ աշխատանքների:

Իրականում նրանց տարել են աշխարհի ամենասարսափելի միջուկային աղետի վայր` Ուկրաինայում գտնվող Չեռնոբիլի ատոմակայան: Աղետի հետևանքների վերացման ժամանակ ստացած ճառագայթումից մահացել է գրեթե 400 հայ:

Այսօր այդ արհավիրքը վերապրածներն ասում են, որ արժանի են հուշարձանի` կատարած ծառայության համար:

Սակայն Խորհրդային Հայաստանից Չեռնոբիլ մեկնած մոտ 3000 քաղաքացիներին հուշարձան չի կանգնեցվի: Այս տարվա սկզբին Երևանի քաղաքապետարանը մերժեց Մալաթիա-Սեբաստիա համայնքում հուշարձան կանգնեցնելու դիմումը:

Այսօր այդ մարդկանցից ողջ է մոտ 2600-ը, որոնցից 1500-ը հաշմանդամ է: Նրանց շահերը ներկայացնող կազմակերպությունը` «Չեռնոբիլ» ասոցիացիան, լոբբինգ է տարել` հաշմանդամներին լրացուցիչ բուժօգնություն ցույց տալու և աղետի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցած մարդկանց հուշարձան կանգնեցնելու համար:

20 տարի առաջ Չեռնոբիլի ատոմակայանը ցնցեց երկու պայթյուն` ռադիոակտիվ ամպը տարածելով Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի և ամբողջ Եվրոպայի վրա: Երեսունմեկ մարդ մահացավ տեղում, որոնցից քսանութը` սուր ճառագայթային համախտանիշից:

Հայաստանի 3000 և մոտ 220000 այլ խորհրդային քաղաքացիներ մասնակցեցին վթարի հետևանքների վերացման աշխատանքներին ատոմակայանի 30 կմ շառավղով շրջակա տարածքում: Ինչպես ենթադրում են, նրանցից շատերը ճառագայթման բարձր դոզա են ստացել:

«Չեռնոբիլ» ասոցիացիան պնդում է, որ փրկարարական և աղետի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցներին ուղարկել են աղետի գոտի առանց պաշտպանիչ համազգեստի և չեն զգուշացրել վթարի մասշտաբների մասին:

1994 թվականին Հայաստանն առաջիններից էր նախկին խորհրդային երկրների մեջ, որ միացավ «ՉԱԷԿ-ի և այլ միջուկային աղետների ու վթարների հետևանքով ճառագայթահարված քաղաքացիների սոցիալական պաշտպանության և առողջության վերականգնման մասին օրենք» ընդունելու համաձայնագրին: Սակայն դրանից 20 տարի անց էլ օրենքը չի ընդունվել:

Սակայն «Չեռնոբիլ» ասոցիացիայի նախագահ Գևորգ Վարդանյանն ասում է, որ պետությունը բավարար օգնություն ցույց չի տալիս Չեռնոբիլում ճառագայթահարումից տուժած քաղաքացիներին:

Ըստ Վարդանյանի` յուրաքանչյուր հիվանդին պետությունը տարեկան հատկացնում է 10000 դրամ, մինչդեռ բուժման համար անհրաժեշտ է 10-15 ավելի գումար:

Աղետի 20-րդ տարելիցի առնչությամբ կառավարությունն ասոցիացիային է փոխանցել 2 մլն 151 հազար դրամ (մոտ 4800 դոլար) Չեռնոբիլի աղետի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցածների կարիքները հոգալու և ճառագայթահարման հետևանքով մահացածների ընտանիքներին օգնություն ցույց տալու նպատակով (70 նման ընտանիք ստացել է 10000-ական դրամ):

Վարդանյանը հույս ունի, որ կհատկացվեն լրացուցիչ գումարներ` ամենամյա բուժօգնության ծավալներն ավելացնելու համար: