Ուղիներ և միջոցներ. բնապահպանական խնդիրները լուծելու ֆոնդեր կան, բայց քչերը գիտեն, թե ինչպես ստանալ դրանք

Բնապահպան-տնտեսագետ Էրիկ Գրիգորյանի կարծիքով` Արարատի ու Ալավերդու նման հայաստանյան քաղաքները բնապահպանական խնդիրները լուծելիս չպետք է ապավինեն միայն արտասահմանյան օգնությանը:

Երկու քաղաքներում տիրող իրավիճակները բնորոշ են Հայաստանի համար. երկրին պետք են աշխատատեղեր, որն ապահովում է արտադրությունը, սակայն այն նաև բերում է անցանկալի հետևանքներ շրջակա միջավայրի և բնակիչների առողջության համար (տես` հարակից «Աղքատի այլընտրանք» և «Մահվան շո՞ւնչ. » հոդվածները):

Գոյություն ունի օրենք, որը պահանջում է խոշոր ընկերություններից, ինչպիսին ցեմենտի գործարանն է Արարատում կամ պղնձաձուլական գործարանն Ալավերդիում, պետբյուջե մուծել բնապահպանական վճար, որը պետք է հատկացվի տվյալ տարածքում շրջակա միջավայրի վերականգնման աշխատանքներին:

Որոշ քաղաքներ հայտարարում են, որ այդ միջոցներն իրենց երբեք չեն հասնում:

Սակայն բնապահպանության նախարարության մասնագետներն ասում են, որ հաճախ այդ գումարների նպատակին չհասնելու համար մեղավոր են հենց իրենք` քաղաքային իշխանությունները, որոնք չեն ներկայացնում այդ միջոցները ստանալու հայտեր:

«Բնապահպանական իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» (ԲԻՏԵԱ) ՀԿ համանախագահ Էրիկ Գրիգորյանն ասում է, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչ ձեռնարկությունների տնօրինությունը, ոչ էլ քաղաքային իշխանությունները բավարար տեղեկացված չեն օրենսդրությանը:

«Այդ պատճառով էլ հաճախ ստիպված են լինում կատարել լրացուցիչ չհիմնավորված ծախսեր, մտնել զանազան գործարքների մեջ տարբեր մարմինների հետ, ներգրավել լրացուցիչ աշխատուժ, մինչդեռ ամեն ինչ կարել էր կարգավորել գոյություն ունեցող օրենքի շրջանակներում»,- ասում է Գրիգորյանը:

Մասնագետների հավաստմամբ` 2001 թվականին ընդունված օրենքով ամեն տարի վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու, արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու և այլ նմանատիպ գործունեության համար տնտեսավարող սուբյեկտները միլիոնավոր դրամներ են մուծում պետբյուջե` որպես բնապահպանական վճար:

Այդ վճարը նախ մտնում է պետական բյուջե` որպես օրենքով նախատեսված համայնքի բյուջեին վճարվող պարտադիր վճար, ապա, համապատասխան ծրագրի դեպքում, վերադառնում է համայնքի բյուջե` նպատակաուղղվելով բնապահպանական ոլորտի բարեփոխումների ու առողջապահական խնդիրներին լուծմանը:

Բնապահպանության նախարարության բնապահպանության և բնօգտագործման էկոնոմիկայի բաժնի պետ Աշոտ Հարությունյանը պարզաբանում է, որ օրենքը երկու նպատակ էր հետապնդում. ամրագրել այն փաստը, որ աղտոտողը պետք է վճարի, ինչը կստիպեր ավելի շրջահայաց լինել արտանետումների հարցում, որպեսզի քիչ աղտոտեն ու քիչ վճարեն:

«Իսկ երկրորդն այն էր, որ հավաքագրված բնավճարները իդեալական ձևով ծառայեին իրենց նպատակին, այսինքն` ներդրվեին տվյալ տարածքում շրջակա միջավայրի վերականգնման աշխատանքների մեջ,- ասում է Հարությունյանը: - Ներկայումս այդ բնավճարները մոտ 40 տոկոսով են ծառայում իրենց նպատակին: Սակայն այդ ցուցանիշն աստիճանաբար աճում է` երկրի զարգացմանը զուգընթաց»:

Հարությունյանն ասում է, որ այս ոլորտի կարգավորումը չափազանց կարևոր է երկրի զարգացման համար:

«Իհարկե, սոցիալական հարցերի լուծմանը մեծ նշանակություն տալը կարևոր է հատկապես զարգացող երկրների համար, սակայն եթե սոցիալական հարցերին զուգընթաց կարգավորվում են նաև բնապահպանական հարցերը, դա արդեն նպաստում է կայուն զարգացմանը,- ասում է նա: - Բնապահպանության ու շրջակա միջավայրի վերականգնումն այն հարցերն են, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն, քանի որ ուշացնելու դեպքում տասնապատիկ թանկ են նստում պետության վրա»:

Գրիգորյանի հավաստմամբ` օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկար ժամանակ չգործեց, քանի որ համայնքները չգիտեին դրա մասին: Եվ համայնքների բնապահպանական խնդիրների համար նախատեսված գումարները մնում էին պետբյուջեում:

2003 թվականին ընկերությունները 1,1 միլիարդ դրամ բնապահպանական վճար են մուծել պետբյուջե (մոտ 2,5 մլն դոլար), իսկ 2005-ին` 2,6 միլիարդ դրամ (մոտ 5,9 մլն դոլար):

2004 թվականին ԲԻՏԵԱ-ի մասնագետները ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպեցին վերապատրաստման դասընթացների շարք, որի ընթացքում հանրապետության տարբեր համայնքների պաշտոնյաներին ծանոթացրին օրենքի դրույթներին:

«Մինչև դասընթացները միայն Ալավերդու քաղաքային համայնքն էր կարողացել մեկ անգամ ընդամենը 131400 դրամ (290 դոլար) ստանալ: Այս տարի իրավիճակը լիովին փոխվել է»,- ասում է Գրիգորյանը:

«Գումարը, որ ստացանք առաջին անգամ, այդպես էլ չօգտագործեցինք, քանի որ այնքան քիչ էր, որ դրանով հնարավոր չէր ոչինչ անել մի այնպիսի քաղաքում, ինչպիսին Ալավերդին է` իր բազմաբնույթ բնապահպանական խնդիրներով,- ասում Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը: - Սակայն հույս ունենք, որ այս տարի ամեն ինչ այլ կերպ կլինի, քանի որ նոր մոտեցում ենք ցուցաբերել այս խնդրին և կազմել ավելի լիարժեք ու հիմնավորված ծրագիր»:

Մասնավորապես, քաղաքը ներկայացրել է ծրագիր, որով նախատեսվում է ուժեղացված սնունդ տրամադրել երեխաներին:

«Արմենիան քափր փրոգրամ» ՓԲԸ-ի գործունեության հետ կապված բնակչության ամենախոցելի խումբը երեխաներն են, որոնք կարիք ունեն լրացուցիչ ուշադրության և հոգածության,- նշված է Ալավերդու ներկայացրած հայտում: - Նախատեսվում է համայնքի վեց մանկապարտեզներին հատկացնել վիտամիններով հարուստ լրացուցիչ սնունդ` կաթնամթերք, միրգ, մսամթերք: Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 6,8 միլիոն դրամ (մոտ 15000 դոլար) գումար»:

Թեև համայնքների ներկայացրած ծրագրերը ենթադրում են ավելի մեծ ֆինանսական ռեսուրսներ, տրամադրվելիք գումարի վերջնական չափը որոշում են գերատեսչությունները:

2006-ի ծրագրով Ալավերդու և Քաջարանի համայնքները կստանան, համապատասխանաբար, մոտ 20 և 10 միլիոն դրամ (մոտ 45000 և 22500 դոլար)»:

Բնապահպանական խնդիրների համար գումարներ ստանալու համար համայնքը ծրագիր է ներկայացնում նախ բնապահպանության և առողջապահության նախարարություններ` մասնագետների հետ համաձայնեցնելու համար, ապա` սանէպիդկայան ու ֆինանսների նախարարություն:

Սակայն թե’ բնապահպանության և թե’ տնտեսավարող սուբյեկտների մասնագետները հավաստում են, որ այս մեխանիզմն այնքան էլ հստակ չէ և լրացուցիչ խնդիրներ է ստեղծում:

«Բացի տեղեկացված լինելուց` տեղական ինքնակառավարման մարմիններն օգնության կարիք ունեն բնապահպանական ծրագիր կազմելու հարցում: Ոչ բոլորն են ի վիճակի ծրագիր կազմելու, հատկապես` բոլոր չափանիշներին համապատասխանող»,- ասում է Աշոտ Հարությունյանը:

«Եթե հինգ տարի առաջ իմ կարծիքն այս ոլորտի զարգացման մասին այնքան էլ լավատեսական չէր, ապա այսօր ուրիշ կերպ եմ մտածում: Տնտեսությունը հետզհետե զարգանում է, փոխվում է մարդկանց վերաբերմունքը շրջակա միջավայրի և բնապահպանության նկատմամբ: Կարծում եմ` այս պարագայում հուսահատությունը տեղին չէ, պետք է միայն աշխատել»,- ասում է նա:

Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի էկոլոգ Անուշ Գևորգյանը համոզված է, որ բացի փաստարկված ծրագիր մշակող մասնագետների պակասից, համայնքների կարծիքով «գումարները հետ բերելու» մեխանիզմը շատ բարդ է:

«Կարծում եմ` մեխանիզմն այնքան էլ հստակ չէ, այդ պատճառով էլ մինչև այժմ այդ համակարգը կայացած չէ»,- ասում է նա: