Այլընտրանքային էներգետիկա. փոքր քայլեր դեպի այլընտրանքային աղբյուրներ, և երկար ճանապարհ մինչև միջուկային էներգիայից զերծ Հայաստան

Գարնանային այս օրը Հայաստանում էներգիայի երկու տեսակ մնում է մեծապես չօգտագործված` հանրապետության շռայլ արևը և զովաշունչ քամիները:

Թեև Հայաստանում քամու էներգիան օգտագործելու քայլեր են ձեռնարկվում, բայց շարունակում են մեծապես ապավինել միջուկային էներգիային: Եվ ապագան փոփոխություններ չի խոստանում. Ազգային ժողովը ներկայումս քննարկում է նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունները` խորհրդային տարիներին Մեծամորում կառուցվածի փոխարեն:

Նույնիսկ Վիկտոր Աֆյանը չի պատկերացնում Հայաստանն առանց միջուկային ապագայի: Աֆյանը ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆեսճյանին պատկանող «Սոլարեն» ընկերության նախագահն է: Ընկերությունը մասնագիտացել է հողմային, արևային և կենսագազի էներգետիկայում և ներկայումս հողմակայաններ է կառուցում հանրապետությունում:

Աֆյանը հավաստիացնում է, որ տնտեսապես շահավետ հողմակայանները կարող են ապահովել Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջի 18 տոկոսը (այսօր այդ պահանջը կազմում է 5,5 մլրդ կվտ/ժ):

Մեծամորի ատոմակայանի միակ գործող ռեակտորը նախատեսվում է փակել 2016 թվականին, երբ կլրանա նրա շահագործման 30 տարին: Այսօր այն տալիս է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի 40 տոկոսը: Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերով` Հայաստանը ատոմակայանին փոխարինող բավարար էներգառեսուրսներ չունի:

Ջերմային էլեկտրակայանները, որոնք աշխատում են գազով, ներկայումս տալիս են երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մոտ 30 տոկոսը:

Հիդրոէլեկտրակայանները` Որոտանի և Սևան-Հրազդանի կասկադները և մի շարք փոքր հէկեր, ապահովում են երկրի էլեկտրաէներգիայի մոտ 20 տոկոսը:

Ներկայումս հանրապետությունում կառուցվում է 38 փոքր հէկ: Սակայն Մովսիսյանը նշում է, որ դրանք կբավարարեն հանրապետության էներգիայի պահանջարկի ընդամենը 10 տոկոսը:

Համընթաց քամի

«Սոլարենի» նախագահը, Հայաստանի բնապահպանական խմբերի նման, քամու էներգիան համարում է բնական պաշար, որը համահունչ է եվրոպական շատ երկրների մոտեցմանը, որոնք փնտրում են այլընտրանք միջուկային ու հիդրոէլեկտրակայաններին, քանի որ դրանք վնաս են հասցնում ձկներին ու վայրի կենդանիներին:

Անցյալ տարի շահագործման է հանձնվել Իրանի աջակցությամբ կառուցված 4 կայանից բաղկացած առաջին հողմակայանը` 2,6 մվտ ընդհանուր հզորությամբ: Այս տարի արդեն ներկայացվել են նոր հողմակայան կառուցելու մի քանի հայտեր:

Առաջին հողմակայանը սկսեց գործել դեկտեմբերի 6-ին Պուշկինի լեռնանցքում: Նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում Սոթքի լեռնանցքում (Վարդենիս) և Սիսիանում նոր հողմակայաններ կառուցելու համար:

Հողմակայանների համար հեռանկարային են նաև Սևանա լճի հյուսիսային շրջանները և Արագած լեռան ստորոտը:

Արևի էներգիայի կիրառումը Հայաստանում սահմանափակվում է միայն կենցաղային նպատակներով: Վաճառվում են արևային ջրատաքացուցիչներ` մոտ 300 դոլարով: 900 դոլար էլ արժե տեղադրումը: Չնայած սկզբնական ներդրումը թանկ է, սակայն արտադրողները, ինչպես Սաֆյանի «Սոլարենը», շեշտում են, որ այն ապահովում է երկարաժամկետ անվճար էներգիա:

Արևը որպես էներգիայի աղբյուր

Հայաստանի ամերիկյան համալսարանում 1999 թվականին սկսվել է փորձնական ծրագիր: Արևային վահանակներն ապահովում են համալսարանը տաք ջրով և զովացնում են դահլիճը:

Համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի դեկանի տեղակալ և հետազոտական կենտրոնի փոխտնօրեն Արտակ Համբարյանն ասում է, որ այսօր, երբ ամեն տարի բարձրանում են նավթի, գազի ու էլեկտրաէներգիայի գները, իրենց արևային ջրատաքացուցիչները շատ շահութաբեր են դարձել: Համբարյանն ասում է, որ սկզբնական մեծ ներդրումներն արդարացնում են իրենց, քանի որ 25 տարի անվճար էներգիա են ապահովում:

«Դա էներգիայի անսպառ աղբյուր է, տալիս է էներգետիկ անկախություն և չի աղտոտում շրջակա միջավայրը»,- ասում է նա:

Համալսարանը նաև 50000 դոլար է ներդրել էներգակուտակիչ ֆոտոսալիկների ծրագրի մեջ, որը ֆինանսավորում է ամերիկահայ բարերար Ժիրայր Թուրփանջյանը:

Անցյալ շաբաթվանից Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները կարող են ֆիզկուլտուրայի դասերից հետո տաք ցնցուղ ընդունել: Դա հնարավոր է դարձել «Տապան էկո ակումբ» ՀԿ շնորհիվ, որը մասնակցում է էներգիայի և ռեսուրսների դպրոցական ծրաvգրին: Արևային տաքացուցիչը, որը տաքացնում է ջուրը մինչև 80 աստիճան, տեղադրել է «Արևի էներգիա» կազմակերպությունը:

ՀԿ նախագահ Հրանտ Սարգսյանն ասում է, որ դա փորձնական ծրագիր է` 1430 դոլար արժողությամբ: ՀԿ-ն պատրաստվում է նման տաքացուցիչներ տեղադրել ևս երկու դպրոցում:

«Եթե համեմատենք էլեկտրական տաքացուցիչի հետ, ծախսերը փոխհատուցվում են 6 տարում, գազայինի համեմատությամբ` 10-12 տարում: Արևային տաքացուցիչի կիրառման ժամկետը առնվազն 50 տարի է»,- ասում է «Արևի էներգիա» կազմակերպության տնօրեն Միքայել Մարտիրոսյանը:

Երևանի մերձակայքում գործող «Հրաշք ագրոսպասարկում» անասնաբուծական ֆերմայում որպես էներգիայի աղբյուր օգտագործում են գոմաղբը: Գազ ստանալու համար այն այրում են, իսկ մոխիրը, Աֆյանի հավաստմամբ, վաճառում ֆերմերներին` որպես պարարտանյութ:

Այդուհանդերձ, ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կարծում է, թե անցյալ տարիների փորձը ցույց է տալիս, որ ատոմակայանը մնում է հանրապետությունում էլեկտրաէներգիայի արտադրության հիմնական աղբյուրը:

«Եթե այսօրվանից ոչինչ չձեռնարկենք, ապա 2016-ին նորից կկանգնենք էներգետիկ սովի առջև: Այս դեպքում պետք է կառուցենք մեծ թվով ջերմակայաններ, ու մեծ կախվածության մեջ ընկնենք արտաքին աշխարհից: Սակագների բարձրացումը կխփի մեր ժողովրդի գրպանին, իսկ ավելի քիչ էներգիա օգտագործելով` հետ կմնանք մրցավազքում»,- ասում է Մինասյանը:

Սուզանավային լուծո՞ւմ

Մեծամորի ատոմակայանը փակելու և նորը կառուցելու համար պահանջվում է մոտ 1,5 միլիարդ դոլար: Որոշ ֆիզիկոսներ պնդում են, որ կա ավելի էժան միջուկային այլընտրանք` Օբնինսկում (Ռուսաստան) կառուցված կոմպակտ ռեակտորները, որոնք ժամանակին մշակվել են սուզանավերի վրա, սակայն վերջին 15 տարիներին բարեփոխվել են:

Անցյալ տարի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան նամակ էր հղել էներգետիկայի նախարարին, որում նշվում էր, որ Օբնինսկում մշակված հատուկ տիպի ռեակտորների օգտագործումը ՀԱԷԿ-ում առաջին ռեակտորի նորացման, ինչպես նաև հետագայում նոր ԱԷԿ-ի կառուցման համար կարող է դառնալ հեռանկարային:

Ռուսական ռեակտորների կողմնակիցները, որոնց թվում են Երևանի ֆիզիկայի ինստիտուտի և երևանյան «Արև նյուքլիըր» ՓԲԸ ֆիզիկոսները, նշում են, որ դրանք հնարավորություն կտան կիսով չափ կրճատել նոր ատոմակայանի կառուցման ծախսերը: