Տագնապ տարածաշրջանում. Հայաստանի հարևանը` Մերձավոր Արևելքի բանալի

1940-ականների վերջին, երբ Խորհրդային Միությունն իր հզորության գագաթնակետին էր, Հայ հեղափոխական դաշնակցության նշանավոր գործիչ Ռուբենը, որը Հայաստանի խորհրդայնացումից հետո հեռացել էր երկրից, սկսեց իր ուսումնասիրությունը թվում է թե անհեթեթ մի պնդումից. «Երբ ԽՍՀՄ-ը փլուզվի, և նրա փլատակների վրա վերականգնվեն հին ու ձևավորվեն նոր ազգային պետություններ, կրկին անկախացած Հայաստանի առաջ կծառանան դժվարին խնդիրներ` կապված նրա խոցելի տրանսպորտակոմունիկացիոն վիճակի հետ: Անհրաժեշտ կլինի զարգացնել Ռուսաստան-Հայաստան-Իրան առանցքը, սակայն որպեսզի այդ առանցքն իսկապես աշխատի, անհրաժեշտ կլինի Հայաստանին վերադարձնել նրա արևմտյան տարածքները»:

Ռուբենն արձանագրում էր Մերձավոր Արևելքի հեռանկարային նշանակության փաստը. Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նա փորձեց խորհրդային ղեկավարության ուշադրությունը հրավիրել Թուրքիայից Արևմտյան Հայաստանի հողերն օտարելու անհրաժեշտության վրա, քանի որ աշխարհագրական դիրքի շնորհիվ դա առանցքային շրջան է: «Մերձավոր Արևելքի վրա բարձրացող Հայկական լեռնաշխարհը տարածաշրջանի բնական պսակն է` ջրային, հաղորդակցության ու ռազմավարական պաշարների կիզակետը: Անցյալի պատերազմներն ու ապագայի հակամարտությունները թելադրվելու են նախևառաջ Էրզրումին տիրանալու անհրաժեշտությամբ, որը աշխարհի կողմերը կապող գլխավոր տարածաշրջանային հանգույցն է»:

Այս տարածքների միացումը Խորհրդային Միությանը, ինչի իրական հիմքեր ստեղծվեցին պատերազմից հետո, հնարավորություն կտային Մոսկվային վերահսկողություն սահմանել տարածաշրջանի իշխող բարձունքների վրա` դրանով ամրապնդելով սեփական դիրքերը համաշխարհային քաղաքականության մեջ: «Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը կարող է ամրապնդել իր դիրքերը Կովկասում ու Մերձավոր Արևելքում միայն իր պատմական սահմաններում հայկական պետության գոյության պարագայում: Հենց այս տարածքներով են անցնում գլխավոր երկաթուղային մայրուղիները և, ի թիվս այլոց, Հայկական լեռնաշխարհում են խաչվում խողովակաշարերը և այստեղ են գտնվում Մերձավոր Արևելքը սնուցող Տիգրիս ու Եփրատ գետերի ակունքները: Հեռանկարային ռազմավարական առանցքը օբյեկտիվորեն ուղղված է Ռուսաստան-Հայաստան-Իրան վեկտորով»:

Իրանը միշտ էլ եղել է առանցքային մերձավորարևելյան տերություն: Նշանավոր հայ հետախույզ Իվան Աղայանցը 1941-ի օգոստոսին որպես ռեզիդենտ ուղարկվում է Իրան` ապահովելու ռազմավարական մատակարարումները Խորհրդային Միություն` զենք, զինամթերք, սննդամթերք, դեղորայք, հումք ու վառելիք: Իրանի երկաթուղիներն ու չսառչող նավահանգիստները օբյեկտիվորեն նպաստեցին այդ ծրագրի մշակմանը: Հենց այստեղ էլ Աղայանցը բախվեց Գերմանիայի ստեղծած գործակալների լայն ցանցի հետ, որը վերահսկում էր գերմանական հետախուզությունը ԽՍՀՄ-ում, որը երկրի հարավային սահմանները քայքայելու նպատակով լրտեսական-դիվերսիոն աշխատանքներ էր իրականացնում և նույնիսկ պարբերաբար «այցելուներ» ուղարկում Կովկաս: Հենց Գերագույն հրամանատարի կենտրոնակայան ուղարկած նրա հաղորդագրություններով էր պայմանավորված 1941 թ. սեպտեմբերին երկու բանակից կազմված խորհրդային հարվածային զորամիավորման մուտքը Իրանի հյուսիսային նահանգներ: Քիչ անց բրիտանական և ամերիկյան զորքերը հատեցին Իրանի սահմանը հարավից:

Ի՞նչ է Իրանն այսօր: Այն Եվրասիայի սիրտն է, անմիջական ելք դեպի Չինաստան և Հնդկաստան, որը հնարավորություն է տալիս լիակատար վերահսկողություն սահմանելու Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի վրա: Այն Հյուսիս-Հարավ տարանցիկ միջանցք է, տարածաշրջանում ռուսական ազդեցության վեկտոր է, որն այլընտրորեն ուղղահայաց է Նոր մեծ մետաքսե ճանապարհին: Այն արաբական աշխարհի արևելյան սահմանն է: Իրանը վառելիքի Էլդորադո է, նավթի Քլոնդայք. այսօր Իրանը արդյունահանում է օրական 4 միլիոն բարել հում նավթ:

Չինաստանի տնտեսական զարգացումը, որն ի վիճակի է տեսանելի ապագայում սասանելու Միացյալ Նահանգների քաղաքական հեգեմոնիան աշխարհում, պայմանավորված է նաև Իրանի հետ նրա համագործակցությամբ: Իրանա-չինական կապերի կարևորագույն բաղկացուցիչը նավթային համագործակցությունն է, որը կազմում է Չինաստան Իրանի արտահանման 98 տոկոսը: Այդպիսով պաշտոնական Պեկինը բավարարում է հում նավթի իր պահանջարկի 20 տոկոսը: Իրանը շարունակում է մնալ վառելիքի հիմնական մատակարարը Չինաստան (նրան հաջորդում են Սաուդյան Արաբիան և Օմանը), ընդ որում, առաքումների տեմպերն աճում են: Իրանի նավթի նախարարության տվյալներով` միայն 2002 թ. առաջին վեց ամիսներին Չինաստան է արտահանվել մոտ 5,6 միլիոն տոննա հում նավթ, ինչը 3,27 տոկոսով ավելի է 2001 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Չինաստանի նավթային ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում Պարսից ծոցի իրանական հատվածի ածխաջրածնային հանքավայրերի արդյունահանման նկատմամբ: 2001 թվականի սկզբին Չինաստանի խոշորագույն նավթագազային ընկերությունը` «Սինոպեկ էնջինիրինգը», պայմանագիր է կնքել Իրանի նավթի ազգային ընկերության հետ` Թեհրանից 205 կմ հեռավորության վրա գտնվող Զավարեխ-Կանշանե հանքավայրի համատեղ շահագործման մասին:

Այս ամենը հիմք է տալիս շատ քաղաքագետների ենթադրելու, որ Իրանում ԱՄՆ գլխավոր ռազմավարական նպատակներից մեկը վերահսկողությունն է նավթագազային հանքավայրերի նկատմամբ, որոնք ապահովում են Չինաստանի վառելիքային ենթակառուցվածքների 20 տոկոսը, և այն տարածքների վրա, որտեղ ուժեղ է և շարունակում է ուժեղանալ ռուսական ազդեցությունը: Այս հանգամանքը գիտակցում են նաև Ռուսաստանն ու Չինաստանը` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունք ունեցող հինգ մշտական անդամներից երկուսը: