Պարտքի թելադրանքով. ոստիկանության կապիտան Համլետ Թադևոսյան` 31 տարեկան

ՀՀ ոստիկանության կապիտան Համլետ Թադևոսյանն անցյալ տարվա մարտի 1-ին զանգահարել էր կնոջը` Քրիստինեին, և մորը` Գոհարին, և ասել, թե երեկոյան ժամը 10-ին տանը կլինի:

Ժամանակն անցավ, և լուրեր տարածվեցին, թե փողոցներում անհանգիստ է, իսկ այնտեղ կապիտան Թադևոսյանն իր զինակիցների հետ պատերազմ էր մղում սեփական արյունակիցների, հարևանների ու հայրենակիցների դեմ` պատերազմ, որ հաղթանակ չբերեց ոչ ոքի և խլեց տասը մարդկային կյանք:

100-ից ավելի զանգերը նրա բջջային հեռախոսին մնացին անպատասխան` արցունքն աչքերին ասում է 25 տարեկանում այրիացած ու դեռևս սևազգեստ Քրիստինեն:

Թիվ 1032 զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, 31-ամյա Թադևոսյանն իր հրամանատարության տակ 70 զինվոր ուներ, իսկ տանը երկու զավակի հայր էր` 4-ամյա Աղասու և 2-ամյա Գոհարի:

Ըստ դատաբժշկական եզրակացության` Համլետ Թադևոսյանը մահացել է վնասվածքներից, որ ստացել է պայթյունի հետևանքով առաջացած բեկորներից, երբ իր ծառայողական պարտքն էր կատարում Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փողոցի մոտակայքում:

Համլետի ընտանիքի անդամները ոչ մի մեղադրական խոսք չեն ասում իշխանությունների և արմատական ընդդիմության հասցեին: Միայն մայրն է կրկնում. «Ինչո՞վ էր մեղավոր իմ տղան, ինչո՞վ: Էդքան լավ պահեցի, մեծացրի, որ հետո կորցնեմ»:

Թադևոսյանների ընտանիքը շատ բան չգիտի Համլետի մահվան հանգամանքների մասին: Սակայն նրա կյանքը հիշում են տխուր ժպիտով:

«Նա ճարտար լեզու ուներ, շուտ համոզեց ինձ»,- տխուր ժպիտով պատմում է Քրիստինեն` հիշելով, թե ինչպես բարեկամներից մեկի հարսանիքին հանդիպելուց մեկ ամիս անց Համլետն իրեն առաջարկություն արեց:

Քրիստինեն երեխաների հետ հիմա բնակվում է ամուսնու ծնողների տանը` Կոտայքի մարզի Եղվարդ գյուղում: Պետությունից ամսական 85.000 դրամ (մոտ 280 դոլար) թոշակ է ստանում: Պաշտպանության նախարարությունը վերջերս նրանց բնակարան է հատկացրել Երևանի Դավիթաշեն թաղամասում, որտեղ ընտանիքն ապրում էր մինչև Համլետի զոհվելը:

«Հիմա փորձում ենք բնակարանը վերանորոգել, որովհետև ապրելու համար ոչ մի հարմարություն չկա»,- ասում է Քրիստինեն: Մայրը` Գոհարը, ասում է, որ ինքն ու ամուսինը փորձում են օգնել ինչով կարող են: Զրույցն ընդհատում է կողքի սենյակից լսվող մանկան լացի ձայնը: Դա մեկ ամսական Համլետ Թադևոսյանն է` զոհվածի եղբորորդին:

Գոհարը շարունակում է` լաց լինելով մանկան հետ, բայց բոլորովին այլ ու սարսափելի պատճառով. «Երեխային մեծացնելու համար հայր է պետք, չէ՞»: