Սպորտ. բուռն շրջան հայ շախմատիստների համար

Շախմատ

Ինչպես հաղորդում է armchess.am-ը, Նովի Սադում ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում հայ շախմատիստներն անհատական հաշվարկում նվաճեցին չորս մեդալ: Գաբրիել Սարգսյանը (3-րդ խաղատախտակ) արժանացավ ոսկե, Տիգրան Լ. Պետրոսյանը (5-րդ խաղատախտակ)` արծաթե, Լիլիթ Մկրտչյանը (2-րդ խաղատախտակ)` արծաթե, Լիլիթ Գալոյանը (3-րդ խաղատախտակ)` բրոնզե մեդալների:

Հայաստանի տղամարդկանց առաջնության թիմը Սերբիայում կազմակերպված 38 թիմի մասնակցությամբ առաջնությունում զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը, կանանց թիմը 28 մասնակիցների թվում զբաղեցրեց հինգերորդ հորիզոնականը:

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Սանկտ Պետերբուրգում ավարտված Չիգորինի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 1-5-րդ տեղերը բաժանեց գրոսմայստերներ Վոլկովի (Ռուսաստան), Ժու Վեյքիի (Չինաստան), Ռիչագովի (Ռուսաստան), Դևյատկինի (Ռուսաստան) հետ: Միջազգային վարպետ Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակեց 6,5, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը, միջազգային վարպետ Լևոն Բաբուջյանը, Վարդգես Թովմասյանը` 6-ական միավոր: Ռուսաստանում կազմակերպված մրցաշարին մասնակցում էր 159 շախմատիստ:

Իսկ Հայաստանի թիվ մեկ շախմատիստ Լևոն Արոնյանը մասնակցում է Տալի հուշամրցաշարին, որն անցկացվում է Մոսկվայում նոյեմբերի 5-18-ը: Նրա մրցակիցներն են Անանդը, Կրամնիկը, Կարլսենը, Լեկոն, Գելֆանդը, Իվանչուկը, Մորոզևիչը, Սվիդլերը, Պոնոմարյովը: Գլխավոր մրցաշարին կհաջորդի աշխարհի կայծակնային խաղի առաջնությունը (նոյեմբերի 16-18-ը):

2009 թ. նոյեմբերի 20-ին ՖԻԴԵ-ն հրապարակեց Խանտի Մանսիյսկում սկսվող Աշխարհի գավաթի խաղարկության վիճակահանության արդյունքները: Առաջին փուլում Գաբրիել Սարգսյանի մրցակիցը կլինի Լի Չաո Բ-ն (Չինաստան), Տիգրան Լ. Պետրոսյանինը` Գեորգ Մայերը (Գերմանիա): Սերգեյ Մովսիսյանը կխաղա Յու Յանգյիի (Չինաստան) հետ:

(Աղբյուրը` armchess.am)