Թող որ սկսվեն խաղերը. այսօր Լոնդոնում մեկնարկող օլիմպիական խաղերին կմասնակցեն հայաստանցի 25 մարզիկներ

Թող որ սկսվեն խաղերը. այսօր Լոնդոնում մեկնարկող օլիմպիական խաղերին կմասնակցեն հայաստանցի 25 մարզիկներ

Photo: ArmeniaNow.com

Այս երեկո Լոնդոնում բացվող XXX օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայանա 25 մարզիկ-մարզուհիներով, որոնք ըմբշամարտում, ծանրամարտում, բռնցքամարտում, ձյուդոյում, հրաձգությունում, հեռացատկում, լողում, թեքվանդոյում, գիմնաստիկայում և նիզակի նետում մարզաձևում իրենց ուժերը կչափեն աշխարհի լավագույն մարզիկների հետ:


Լոնդոնում 2012 թ. օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այսօր նա նաև մասնակցելու է Նորին մեծություն թագուհի Եղիսաբեթ Երկրորդի անունից տրվող ընդունելությանը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը 25 մարզիկների թիվը համարում է դրական , սակայն ոչ բավարար, քանի որ խաղերին չի մասնակցի Հայաստանում լավագույն մարզիկ ճանաչված, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը, որը, անհաջող հանդես գալով Ֆինլանդիայում կայացած վարկանիշային մրցաշարում, չնվաճեց Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի ուղեգիր:

«Բոլոր այն մարզիկներին, որոնք օլիմպիական ուղեգիր են ձեռք բերել, ես բոլորին համարում եմ մեդալի հավակնորդ: Մենք ունենք ակնկալիքներ, մենք մտածում ենք ավելի լավ արդյունք ստանալ, քան Պեկինի օլիմպիական խաղերի ժամանակ»,- ասել է Ռոստոմյանը:

2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրին 25 մարզիկ` 9 ըմբիշ, 6 ծանրորդ, 4 բռնցքամարտիկ, 2 ձյուդոիստ, 2 ատլետ, 1 հրաձիգ և 1 լողորդ: Պեկինում հայ մարզիկներին հաջողվեց նվաճել 6 մեդալ և վեցն էլ՝ բրոնզե. 3-ական մեդալներ նվաճեցին ծանրորդները, 2-ական` հունա-հռոմեական ըմբիշները և 1 մեդալ էլ գրանցվեց բռնցքամարտիկների օգտին: Հայաստանի հավաքականին անվանեցին «բրոնզե հավաքական»:

Մինչև Լոնդոն մեկնելը Ռոստոմյանը հայտարարել է, որ հայ մարզիկների համար ապահովված են բոլոր պայմանները, որպեսզի խնդիրներ չունենան ու նաև ոգեշնչվեն:

«Ճիշտ է, օլիմպիական ավանում բոլորի համար հավասար պայմաններ են, բայց մենք մի քիչ հայկական մոտեցում ենք ցույց տվել և հայկական շունչ տվել մեր մարզիկների կացարաններին։ Օրինակ` բոլոր մարզիկների պատուհաններից և անկյուններից կախված է մեր եռագույնը, միջանցքներում Հայաստանը հիշեցնող պաստառներ են, լուսանկարներ։ Ստեղծել ենք հայկական միջավայր և մթնոլորտ։ Որպեսզի ամեն վայրկյան մեր մարզիկներն իրենց զգան՝ ինչպես Հայաստանում»,- ասել է նա:

Մարզիկների և մարզիչների բոլոր պահանջները առավելագույնս կատարվել են։ Մարզիկները մասնակցել են ուսումնամարզական հավաքների և միջազգային մրցաշարերի: Բացի ծաղկաձորյան հավաքներից, հայ մարզիկները հավաքներ են անցկացրել նաև արտասահմանում։ Մեծ ուշադրություն է նվիրվել մարզիկների բուժօգնությանը։

Առաջին անգամ հայ մարզիկներին իրենց ծառայությունները կմատուցեն հոգեբանները։ «Այգ» հոգեբանական կենտրոնի հոգեբանները յուրաքանչյուր մարզիկի հետ անհատական աշխատելու են նաև խաղերի ընթացքում: Մարզիկների հետ են նաև բժիշկ:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճողը պետությունից կստանա 20 միլիոն դրամ (50.000 դոլար), արծաթն ու ոսկին`համապատասխանաբար 15 միլիոն դրամ (37.500 դոլար) և 10 միլիոն դրամ (25.000 դոլար): Անկախ Հայաստանի պատմության մեջ միայն հունա-հռոմեական ըմբիշ Արմեն Նազարյանին է հաջողվել նվաճել օլիմպիական ոսկե մեդալ:

203 երկրներից Լոնդոն ժամանած մարզիկները ելույթ կունենան 36 մարզաձևերում: 16 օր Լոնդոնի խաղերին կհետևեն 9 մլն հանդիսականներ: Ըստ BBC-ի՝ XXX ամառային oլիմպիական խաղերի մեդալները ամենաթանկն ու ամենածանրն են խաղերի պատմության մեջ: Մեդալների պատրաստման համար օգտագործվել են 8 տոննա ոսկի, արծաթ և պղինձ, որոնք բերվել են Մոնղոլիայից և ԱՄՆ-ի Յուտայի նահանգից: Պեկինի օլիմպիական խաղերի համեմատությամբ՝ ոսկու և արծաթի գինը կրկնակի բարձրացել է: Լոնդոնի խաղերի մեդալները տարբերվում են նաև իրենց քաշով և չափսերով: Լոնդոնի մեդալները կշռում են 410 գրամ, իսկ Պեկինի մեդալներն ընդամենը 200 գրամ էին: