Մարզական տեսություն. խաղադրույքներ մի դրեք սեփական թիմի վրա, եթե դա ծանրամարտի թիմ չէ…

Ֆուտբոլ

Հոլանդական փորձություն Հայաստանի հոլանդացու համար. Սեպտեմբերի 3-ին Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում 2006 թվականի աշխարհի գավաթի որակավորման փուլի պաշտոնական հանդիպում կանցկացնի Հոլանդիայի հավաքականի հետ:

Ներկայումս Հայաստանի հավաքականն իր ենթախմբում ընթանում է նախավերջին տեղում (հետևում միայն Անդորրայի թիմն է): Անցկացնելով 9 խաղ` հավաքականը վաստակել է ընդամենը 4 միավոր: Մնացած երեք խաղերում (Հոլանդիայի, Չեխիայի և Անդորրայի հավաքականների հետ) Հայաստանի թիմը թերևս կարող է հույսեր փայփայել առաջ անցնելու 5-րդ տեղում ընթացող Մակեդոնիայի հավաքականից, որը 10 խաղից հետո ունի 8 միավոր:

Բայց, ինչպես հայտարարում են հայկական ֆուտբոլի գործիչները, այս խաղերը մեծ նշանակություն ունեն իր խաղը որոնող հավաքականի համար:

«Մեզ ծանր փորձություն է սպասում: Պետք է պայքարենք արդյունքի համար: Ի տարբերություն Հոլանդիայի` մենք կորցնելու բան չունենք: Տղաները լավ են տրամադրված հանդիպմանը և կարող են հաջող հանդես գալ»,- շաբաթվա սկզբին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ազգային հավաքական թիմերի տեխնիկական տնօրեն Աշոտ Մանուկյանը:

Նա տեղեկացրել է, որ Մոսկվայի «Մոսկվա» ակումբում հանդես եկող Անդրեյ Մովսիսյանը, ինչպես նաև «Փյունիկի» երիտասարդ դարպասապահ Ապուլա Բետեն հրաժարվել են Հայաստանի հավաքականում հանդես գալուց: Որպես երկրորդ դարպասապահ հավաքական է հրավիրվել Գեորգի Կասպարովը:

Ռումինիայի «Ռապիդում» հանդես եկող Արտավազդ Քարամյանը վնասվածք ունի, և ակումբի բժշկական անձնակազմը և ղեկավարությունը տեղեկացրել են ՀՖՖ-ին, որ Քարամյանը բուժվում է և չի կարող մասնակցել հավաքականի առաջիկա հանդիպումներին: Ինչ վերաբերում է նրա երկվորյակ եղբորը` Արման Քարամյանին, ապա այս անգամ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ հոլանդացի Հենկ Վիսմանը նրան հավաքականի կազմում չի ընդգրկել:

Երկարատև ընդմիջումից հետո կրկին հավաքական է վերադարձել թիմի ավագ Հարություն Վարդանյանը: Փորձառու պաշտպանը շուրջ մեկ տարի վնասվածքի պատճառով բաց թողեց ազգային թիմի հանդիպումները: Կիսապաշտպանության աջ թևն ուժեղացնելու նպատակով թիմի գլխավոր մարզիչը «Բանանցից» հրավիրել է երիտասարդ Սամվել Մելքոնյանին:

Խաղից առաջ միջազգային բուքմեյքերական գրասենյակները կասկած չունեն, որ հաղթելու է Հոլանդիայի հավաքականը: Հոլանդիայի հաղթանակը գնահատվում է ընդամենը 1.08 գործակցով, մինչդեռ Հայաստանի հաղթանակի գործակիցը 16 է: Բավական բարձր է նաև ոչ-ոքիի գործակիցը`8:

Այս երկու թիմերի առաջին հանդիպումն Էյնդհովենում ավարտվել է հոլանդացիների համոզիչ հաղթանակով` 2:0, որից հետո Հայաստանի հավաքականի ֆրանսիացի մարզիչ Բեռնար Կազոնիին փոխարինել է հոլանդացի Վիսմանը: Կազոնիի գլխավորությամբ Հայաստանը երկու պարտություն էր կրել. Մակեդոնիայից տանը` 1:2, և Ռումինիայից դրսում` 0:3

Ծանրամարտ

Հայ պատանի ծանրամարտիկները, որոնք հաջող էին հանդես եկել վերջերս Բուլղարիայում ավարտված Եվրոպայի ծանրամարտի պատանեկան առաջնությունում, դրամական պարգևներ ստացան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանից:

Տղամարդկանց և կանանց պայքարում հայ մարզիկները շուրջ 20 մեդալ են նվաճել: Իսկ Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը:

«Ա1+»-ի հետ զրույցում սպորտկոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը դա «ֆանտաստիկ արդյունք» է անվանել:

Մեդալակիրները մինչև 500 դոլար դրամական պարգև ստացան ՀԱՕԿ-ի նախագահից:

Հատուկ պարգևների արժանացան կանանց հավաքականի մարզիչ Օգսեն Միրզոյանը և պատանեկան հավաքականի մարզիչ Աշոտ Մխիթարյանը: Վերջինս խոստացավ էլ ավելի բարելավել արդյունքները, եթե իրեն թույլ տան շարունակել աշխատանքը հավաքականում:

Ըմբշամարտ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականն իր ուսումնամարզական հավաքն է սկսել Ղրիմի Ալուշտա քաղաքում` նախապատրաստվելով սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 3-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Ըստ Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար Լևոն Վարդանյանի` ընտրությունը հավաքականի կազմում տեղ գրավելու համար խիստ կլինի: (Արմենպրես)

Շախմատ

Հայաստանցի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, 9 հնարավորից վաստակելով 6 միավոր, զբաղեցրեց 6-րդ տեղը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ավարտված Ռոդենտոյի հուշամրցաշարում, որին մասնակցեցին 48 շախմատիստուհիներ: Իսկ մրցաշարի հաղթող 7,5 միավորով դարձավ ուկրաինուհի Նատալյա Զդեբսկայան: (Արմենպրես)