Մարզական տեսություն

Ֆուտբոլ

Էդգարի դեբյուտը. Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց Ամստերդամի «Այաքսի» կազմում: Հոլանդիայի առաջնության «Ալկմար»-«Այաքս» (4:2) հանդիպման 84-րդ րոպեին նա փոխարինեց Հոլանդիայի հավաքականի հարձակվող Ռայան Բաբելին:

Մինչ այդ Մանուչարյանը հանդես էր եկել «Այաքսի» կազմում միայն անցյալ տարի «Բարսելոնայի» հետ ընկերական խաղում և կոտրել էր ոտքը: («Ա1+»)

Բռնցքամարտ

Ավստրալիայում բնակվող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 48 կգ քաշային կարգում աշխարհի կրկնակի չեմպիոն (2004 թ. դեկտեմբերից Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի և 2005 թ. մարտից Բռնցքամարտի միջազգային կազմակերպության վարկածով) Վախթանգ (Վիք) Դարչինյանը հայրենիք կատարած վերջին այցելության ընթացքում հայտնեց, որ պատրաստվում Է պաշտպանել աշխարհի չեմպիոնի իր տիտղոսն իռլանդացի Դամիան Քելլիի հետ մրցամարտում:

Օգոստոսի 24-ին Դարչինյանը Սիդնեյում պաշտպանեց Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի վարկածով իր տիտղոսը` հինգերորդ ռաունդում տեխնիկական նոկաուտի ենթարկելով կոլումբիացի Խաիր Խիմենեսին:

Երկու տարվա ընդմիջումից հետո նա նորից այցելել Է Հայաստան` ներկա լինելու բռնցքամարտի դպրոցի բացմանն իր ծննդավայր Վանաձորում: Դարչինյանը հաղթել է իր բոլոր 24 պրոֆեսիոնալ մրցամարտերում, ընդ որում, 19-ում` նոկաուտով: Նա նաև ասաց, որ հնարավոր է Ավստրալիայից տեղափոխվի ԱՄՆ, որտեղ պրոֆեսիոնալ բռնցքամարտն ավելի զարգացած է: («Արմենպրես»)

Ծանրամարտ

Գյումրիում ավարտվեց ծանրամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունը, որին մասնակցեց 39 առաջատար ծանրորդ: Հայաստանի գավաթին տիրացավ գերծանր քաշային Աշոտ Դանիելյանը, որը երկամարտում ցույց տվեց 455 կգ արդյունք: 2-րդը Գևորգ Դավթյանն էր, 3-րդը` Տիգրան Մարտիրոսյանը: Այս մրցաշարից հետո Հայաստանի հավաքականն սկսեց նախապատրաստվել նոյեմբերին Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությանը: («Ա1+»)

Հեծանվասպորտ

Անցյալ շաբաթ Երևանում 8-րդ անգամ անցկացվեց հայտնի հեծանվորդներ Քեփեկյան եղբայրների անվան հուշամրցաշար, որին մասնակցեցին նաև Վրաստանից ժամանած 6 մարզիկներ: 16 տարեկանների պայքարում հաղթող դարձավ Ներսես Շիրինյանը, 2-րդը Սուրեն Պետրոսյանն էր: 18 տարեկանների մեջ հաղթող ճանաչվեց Էդգար Գասպարյանը, որին հաջորդեց վրացի Գեորգի Նոդիրաձեն: (Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիա` www.cycling.am)