Մարզական տեսություն. Մանուչարյանը հարմար է «Այաքսին»

Ֆուտբոլ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի 18-ամյա հարձակվող Էդգար Մանուչարյանը չորեքշաբթի Ամստերդամի «Այաքսի» կազմում իր նորամուտը նշեց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում` դառնալով երկրորդ հայ ֆուտբոլիստը, որն անկախացումից հետո հանդես է գալիս Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի խմբային փուլում (առաջինը Երվանդ Սուքիասյանն էր, որ 1992 թվականին Կիևի «Դինամոյի» կազմում 45 րոպե խաղացել էր Չեմպիոնների լիգայի խաղում):

Չորեքշաբթի Ամստերդամի «Արենա» մարզադաշտում տեղի ունեցած «Այաքս»-«Արսենալ» հանդիպման 69-րդ րոպեին Մանուչարյանը փոխարինեց Բուխարիին: «Այաքսը» տանուլ տվեց 1:2 հաշվով, սակայն խմբից դուրս գալու լավ հնարավորություն է պահպանում:

Հանդիպումից հետո մասնագետները և ԶԼՄ-ները բարձր են գնահատել հայազգի ֆուտբոլիստի խաղն այս մրցավեճում: Ըստ հոլանդական մամուլի` Մանուչարյանն այսօր համարվում է «Այաքսի» ամենախոստումնալից երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը:

Շախմատ

Սերբիա և Չեռնոգորիայում ավարտվեց շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցեցին միանգամից 23 հայ շախմատիստներ: Ամենահաջողը ելույթ ունեցավ 16-ամյա Զավեն Անդրեասյանը, որն 9 հնարավորից վաստակելով 7 միավոր` նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Եվս մեկ մեդալ Հայաստանը նվաճեց 12 տարեկանների պայքարում, որտեղ Հայկ Թամազյանը գրավեց 3-րդ տեղը և արժանացավ բրոնզե մեդալի: Նույն տարիքային խմբում հանդես եկող Սամվել Տեր-Սահակյանը գրավեց 7-րդ տեղը: Սպասելիքները մեծ էին 18 տարեկանների պայքարում հանդես եկող միջազգային վարպետ Արման Փաշիկյանից, սակայն նա վերջին տուրերում անհաջող հանդես եկավ և, ի վերջո, գրավեց միայն 7-րդ տեղը:

Աղջիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները հաջողության չհասան: Լավագույն արդյունքը ցույց տվեց Սուսաննա Աբոյանը, որը 10 տարեկանների պայքարում գրավեց 10-րդ տեղը:

Իսկ հայ շախմատիստ միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը բավական հաջող հանդես եկավ Լոս Անջելեսում կայացած Կալիֆորնիայի 27-րդ բաց առաջնությունում: Մատիկոզյանը 7 հնարավորից վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 2-րդ տեղը: Մրցաշարին ընդհանուր առմամբ մասնակցեց 145 շախմատիստ: («Ա1+», Արմենպրես)

Ըմբշամարտ

Բուդապեշտում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցած հայ մարզիկներից մրցանակային տեղ զբաղեցրեց միայն 60 կգ քաշային կարգում հանդես եկած Մարտին Բերբերյանը` նվաճելով բրոնզե մեդալ:

Իսկ այսօր Հունգարիայի մայրաքաղաքում պայքարը կսկսեն նաև հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանից մրցագորգ դուրս կգա 7 մարզիկ: («Ա1+»)